Նրանք ամենայն ուշադրությամբ հետեվում են մեզ

Նրանք ամենայն ուշադրությամբ հետեվում են մեզ

Բաղրամյանական «խնջույքն» ավարտվեց, մեր երկիր ժամանած լրագրող հյուրերը հեռացան, իսկ հիմա Հայաստանում զարգացող իրադարձություններին հետեւում են հեռվից, բայց միշտ զարկերակի վրա մնալով։ Հետաքրքրական է, որ չնայած ռուսական կանխատեսումները մայդանի մասով չիրականացան Հայաստանում, սակայն «մայդան» բառը շարունակում է ռուսական լրատվամիջոցներում շահարկվել։ Ձեր ուշադրությանն առաջինը ներկայացնում ենք ռուսական lenta.ru-ի անդրադարձը․ «Հայկական ընդվզումը կդառնա՞ մայդան։ Շարունակելի» վերնագրի ներքո կարդում ենք հետեւյալ դիտարկումը․ «Ամենամեծ յուրահատկությունը երեւանյան էլեկտրոմայդանի այն է, որ այն մայդան չէ եւ ծագել է ամենեւին էլ ոչ էլեկտրականության սակագնի բարձրացումից։ Երկիրը փոքր է, ինֆորմացիան արագ է տարածվում, ցանկացած հայ կարող է ձեզ պատմել, թե յուրաքանչյուր պատգամավոր տնտեսության որ ճյուղն է կառավարում։ Հունիսի 19-ին հայկական հասարակությունը որոշեց, որ հերիք է պատմել, պետք է ինչ-որ բան անել։ Մայդանացումը հնարավոր է։ Բաղրամյան պողոտան չդարձավ մայդան, քանի որ Արեւմուտքը դա չցանկացավ»։ Հեղինակ Գեւորգ Միրզայանը նյութի վերջում գրում է, որ Ռուսաստանը պետք է ճնշի Հայաստանում հակառուսական ուժերին։



ТАСС ռուսական գործակալությունն էլ արագ արձագանքեց այն հայտարարությանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ մի խումբ ոստիկանների կարգապահական տույժի են ենթարկել Բաղրամյանում իրենց «խելոք» չպահելու համար։ Հաղորդագրությունը միանգամից հայտնվել է գործակալության կայք-էջում։ «Ռուսաստանում ուշադիր հետեւում են դեպքերի զարգացմանը Հայաստանում»,- նշել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի վարչապետի գնահատմամբ, հանրապետությունում «թեժ ժամանակահատված» է եղել։ «Կցանկանայի լսել հենց Ձեզնից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները ձեզ մոտ։ Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում ձեր երկրում, որովհետեւ դուք մեր հարեւանն եք, դաշնակիցը»,- տեղեկացնում է գործակալությունը։ Ժառանգական Դավիթ Սանասարյանն էլ կարող է հպարտանալ, որ հայտնվել է ռուսական լրատվամիջոցների էջերին։ Նրա հացադուլին անդրադարձել է ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը՝ «Ցուցարարները նորից սպառնում են փակել փողոցը» վերնագրով հոդվածում։



«Дождь» հեռուստաընկերության Բաղրամյանի «վերջին գլուխը» եզրափակվում է «Ինտեր ՌԱՕ»-ի այն տեղեկություններով, թե նրանք այս պահին ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված գործարքների մեջ չեն։ Չմոռանանք տեղեկացնել, որ ռուսական լրատվամիջոցներն այս մի քանի օրերին գրում էին ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովի Արցախ այցելության մասին, որին մի քանի ժամ հետո հաջորդում էր Ադրբեջանի կողմից նրան «Persona non grata» հայտարարելու փաստը։ Արեւմտյան լրատվամիջոցները քիչ ավելի պասիվ են, նրանք դեռ շարունակում են գրել, թե Ռուսաստանն ինչպես սթրես ապրեց երկրորդ մայդանի վախից, եւ թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել զգուշանալ գունավոր հեղափոխություններից․ «Ռուսական առաջնորդները վախենում են հարեւան երկրների հուզումներից։ Պուտինն անցյալ տարի հայտարարել է, որ Մոսկվան պետք է ամեն ինչ անի՝ կանխելու նման գունավոր հեղափոխությունները»,- գրում է Reuters-ը։ New York times-ի վերջին անդրադարձն էլ հուլիսի 6-ին Բաղրամյանի «բացումն» է։ BBC-ն էլ երեւի Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո որոշել է, որ ամեն ինչ ավարտված է, եւ այլեւս Հայաստանին չի անդրադարձել։