Իրանի հետ պատմական համաձայնությունը

Իրանի հետ պատմական համաձայնությունը

Եվ այսպես` Մերձավոր Արեւելքում, որը մարդկային պատմության գլխավոր թատերաբեմն է Գիլգամեշի ժամանակներից ի վեր, մեր ժամանակների կամ գոնե վերջին երեք տասնամյակի գլխավոր բեկումն ու տեղաշարժն արձանագրվեց: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց համաձայնություն Վեցնյակի երկրների եւ Իրանի միջեւ։ Սա 1979-ից փլուզված Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման մայրուղի է բացում:



Երեկ ավարտված բանակցություններն սկզբնավորվել էին 2000-ականների սկզբին, երբ Արեւմուտքում կասկածներ եւ երկյուղներ ծագեցին, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, եւ նման ջանքերն արգելափակելու համար երկրի դեմ սահմանվեցին տնտեսական պատժամիջոցներ: Ժամանակի ընթացքում այդ պատժամիջոցներն Իրանին ծնկի բերեցին: Թեեւ անցյալում էլ Իրանը հայտարարում էր, որ ինքը միայն խաղաղ ատոմի կողմնակից է եւ չի ջանում ու չի ձգտում միջուկային զենք ստեղծել, տասը տարվա պատժամիջոցները եւ այն վերահսկողությունը, որն Իրանի հանդեպ կիրականացվի պատժամիջոցները վերացվելուց հետո, մեծ ցանկության դեպքում էլ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ստեղծել: Սա Համաձայնագրի ամենամեծ արդյունքն է:
Առանձնապես երեւակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե Իրանի միջուկային զենքի ծրագիրը չկասեցվելու դեպքում ինչի կդրդեր Սաուդյան Արաբիային: Իսկ տեսնելով, թե Թեհրան-Էր-Ռիադ հավերժական թվացող հակամարտության ծիրում ընդամենը սովորական սպառազինությամբ ISIS-ն ինչ մարդկային սպանդ ու մշակութային ցեղասպանություն է իրականացնում Մերձավոր Արեւելքում, տեսնելով, թե ինչպես են շիա եւ սուննի զինյալները միմյանց վերացնելը կյանքի նպատակ եւ դրախտի ճանապարհ հռչակել, կասկած չի մնում, որ Էր-Ռիադի կամ Թեհրանի կողմից միջուկային զենքի տիրապետումը մարդկության ապոկալիպսիսը կերաշխավորեր: Միջուկային զենքը Մերձավոր Արեւելքում ամենամեծ մղձավանջն է, որ երկրագնդի վրա երբեւէ եղել է կամ կարող է լինել: Հենց այդ գիտակցությունն էլ միավորեց այնպիսի հակառակորդների, ինչպիսին ԱՄՆ-ն, Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանն են, միեւնույն գերնպատակի` Իրանի միջուկային ծրագիրը կանխելու շուրջ, որը Մերձավոր Արեւելքում միջուկային զենքի տարածումը կանխելու հրամայականն էր ու նախապայմանը:



Վիեննայում երեկ ձեռք բերված պատմական համաձայնության տեքստում (իսկ երեկվա օրը եւ համաձայնությունը պատմական է կոչել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին) սեւով սպիտակին գրված է. «Իրանը ոչ մի պարագայում չի ձգտելու տիրապետել, ստեղծել կամ ձեռք բերել միջուկային զենքի ոչ մի տեսակ»: Իրանը հրաժարվում է միջուկային զենքից մեկընդմիշտ (հոռետեսների կարծիքով՝ 25 տարի): Համաձայնագրի հարյուր էջընայդ մի քանի տող հրաժարումը երաշխավորելուն եւ վերահսկելուն է կոչված:



100 էջում Իրանը մասնավորապես պարտավորվել է վերացնել իր տիրապետած միջուկային վառելիքի 98 տոկոսը եւ ցենտրիֆուգների երկու երրորդը: Իրանը նաեւ պարտավորվել է թույլ տալ Միջազգային ատոմային գործակալության` MAGATE-ի փորձագետների մուտքն Իրանի տարածք եւ ռազմական օբյեկտներ, բայց ոչ այնպես, որ փորձագետները հայտնվեն երբ եւ որտեղ ցանկանան, այլ Իրանի առջեւ հիմնավորեն այցերը: Իրանում միջուկային օբյեկտներ չեն փակվելու, բայց դրանք կարող են միայն ցենտիֆուգների նոր մոդելների ուղղությամբ աշխատել: Այս ամենի դիմաց ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն աստիճանաբար հանելու են Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները: Առավել արագ կհանվեն տնտեսական պատժամիջոցները, համարյա հինգ տարվա ընթացքում՝ զենքի մատակարարման արգելքները:



ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին 17 օր Վիեննայում էր` անձամբ վարելով բանակցություններ, ինչը պետքարտուղարի կողմից միեւնույն հարցով, միեւնույն վայրում բանակցելու կատարյալ ռեկորդ է գնահատվել: Ինչ խոսք, արդյունքն արդարացրեց ջանքերը: Մնում է հարցը, թե Իրանն այժմ ինչ արագությամբ կինտեգրվի արեւմտյան աշխարհին: Երեկ արդեն Իրանի ԱԳ նախարարն այդ ուղղությամբ ճանապարհ էր հարթում` հայտարարելով, թե Իրանն ու Եվրոպան միեւնույն նպատակներն ու հակառակորդներն ունեն` ակնարկելով, հավանաբար, սուննի եւ հատկապես ISIS-ի ծայրահեղականների ստեղծած վտանգը եւ պայքարի անհրաժեշտությունը:
Հայաստանի տեսակետից Իրանի վերաինտեգրումը միջազգային տնտեսությանը մեծ հնարավորություններ է բացում հատկապես հաղորդակցությունների եւ ապաշրջափակման տեսակետից, ինչը մասամբ կփոխհատուցի Թուրքիայի հետ փակ սահմանի պատճառած վնասները: