Ֆիննախը բյուջետային «հետստուգումներ» է իրականացրել եվ ակտեր գրել
Մեր տեղեկություններով, ֆինանսների նախարարությունը երկու տասնյակից ավելի ընկերություններում ընթացիկ ստուգումներ է անցկացրել եւ տարատեսակ խախտումներ հայտնաբերել։ «Հրապարակի» տրամադրության տակ է հայտնվել տարբեր տարիներին «ստուգված» երկու տասնյակից ավելի ձեռնարկությունների ցուցակ, որոնց թվում են «Էսկուլապ», «Դերժավա Ս», «Ֆարմատեկ», «Մանանա գրեյն», «Բիզնես սթայլ», «Լեւոն Թրավել», «Երքաղլույս», «Նատալի ֆարմ», «Արարատի գինու կոմբինատ», «ԳԱՊԷԿՍ», «Աշտարակ կաթ» ընկերությունները եւ այլն։ Նշված են նաեւ հայտնաբերված խախտումների չափերը՝ 3-80 մլն դրամ եւ ավելի, սակայն ընկերությունների տուգանման ակտերում գումարներն էականորեն ցածր են։ Երեկ փորձեցինք զանգահարել մի քանի ընկերություններ եւ ճշտել, թե արդյոք նման ստուգումներ անցկացվե՞լ են, ե՞րբ եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել։ Հաշվապահների նշած թվերը շատ ավելի համեստ էին։ «Էսկուլապ» ընկերությունից պատասխանեցին, որ իրենց մոտ հարկային տեսչությունն ստուգումներ է իրականացրել հուլիսի սկզբին եւ մոտ 3-4 մլն-ի ակտ է գրել ԱԱՀ-ի եւ շահութահարկի մասով։ «Մանանա գրեյն» ընկերությունից, որտեղ, ըստ մեր տեղեկանքի, մոտ 87 մլն-ի չարաշահում էին հայտնաբերել, պատասխանեցին, որ այդ թիվը չափազանցված է եւ իրականությանը չի համապատասխանում, սակայն չցանկացան մանրամասնել, թե ինչ ստուգումներ են անցկացվել։ «Բիզնես սթայլ» ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ պլանային տարեկան ստուգումները պատահական չեն նշանակվում, այլ դրանց մասին հարկատուները տեղեկանում են մի քանի ամիս առաջ։ «Ամեն տարի դեկտեմբերին հրապարակվում են եկող տարվա ստուգումների մասին տեղեկատվություն եւ այն ձեռնարկությունների ցանկը, որոնք ենթակա են ստուգման։ Բյուջետային «հետստուգումը» կատարվում է տարին մեկ, որի մասին մենք տեղյակ էինք, իհարկե։ Սրանք ընթացիկ պլանավորված ստուգումներ են, արտառոց բան չկա, այնպես չէ, որ երբ ցանկանան, կմտնեն ձեռնարկություն եւ կստուգեն»,- ասաց «Բիզնես սթայլի» հաշվապահը։ Այստեղ հունիսի վերջին անցկացված բյուջետային «հետստուգման» ընթացքում 7 մլն դրամի ակտ են գրել։ «Լեւոն Թրավել»-ից հայտնեցին, որ հունիսի վերջին հարկային տեսչությունից ստուգել են ընկերության ՀԴՄ-ն եւ մոտ 150 հազար դրամի ակտ գրել։ Պարզելու համար, թե, ի վերջո, ինչ ստուգումներ են անցկացվել ձեռնարկություններում եւ ինչ չարաշահումներ են հայտնաբերվել, դիմեցինք ֆինանսների նախարարություն։
Նախարարության տեղեկատվության վարչությունից պատասխանեցին, որ 2015թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության տարբեր ստորաբաժանումներ` օպերատիվ հետախուզության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչությունները, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն ստուգումներ են իրականացրել: «Այն կազմակերպություններում, որտեղ իրականացվել են ստուգումներ, դրանք եղել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, եւ չարաշահումներ չեն հայտնաբերվել, այլ` հարկային օրենսդրության խախտումներ, որոնց արդյունքում կազմված ակտերով առաջադրվել են բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ, տույժեր, տուգանքներ։ Բացի այդ, ակտերում նշված թվերը 2-10 անգամ պակաս են Ձեր ցանկում նշված թվերից»,- գրված է նախարարության պատասխանում։
Կարծիքներ