Քրիստոսի հետեվից են խոսացել, մենք ո՞վ ենք՝ հասարակ մահկանացուներս

Քրիստոսի հետեվից են խոսացել, մենք ո՞վ ենք՝ հասարակ մահկանացուներս

Վերջին շրջանում սեւ ամպեր են կուտակվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի գլխին։ Այս մասին հայտնում են դատական համակարգին մոտ մեր աղբյուրները։ Դատավորի ընդունած դատական ակտերի վերաբերյալ մեծ թվով բողոքներ կան, եւ չի բացառվում, որ Արդարադատության խորհուրդը դրանց ընթացք տա։ Լուրերը ճշտելու համար դիմեցինք դատավոր Ռուբեն Ներսիսյանին։ Նա այս օրերին արձակուրդում է, բայց պատասխանեց մեր հարցերին։



- Տեղեկություններ ունենք, որ Ձեր դեմ բողոքներ կան Արդարադատության խորհրդում։ Ի՞նչ բողոքներ են։



- Անկեղծ ասած, չգիտեմ ինչ եք ասում, ես արձակուրդի մեջ եմ։ Ոչ էլ տեղյակ եմ։ Բայց եթե նման բան կա, դե, ի՞նչ, դա գործընթաց է, որը բոլորի հետ էլ կարող է կատարվել։ Համապատասխան դիմում են ներկայացրել համապատասխան տեղ, ատյաններ։ Այնտեղ էլ, ինձ թվում է, համապատասխան օրենքով սահմանված կարգով գործընթաց կլինի, եզրակացություն կլինի։ Ես չգիտեմ, անկեղծ ասած։ Ես դա ընդհանրապես ասեցի։



- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ «Ժողովուրդ» թերթի եւ Խաչիկ Խաչատրյանի միջեւ դատական վեճի հետ նաեւ կապված լինեն բողոքները (Կենտրոնի դատավոր Խանդանյանը մերժել է գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի՝ այն համարելով չհիմնավորված, իսկ բողոքարկումից հետո նույն դատարանի դատավոր Ներսիսյանը մասնակի բավարարել է այն, պարտադրելով թերթին մոտ 1,7 մլն դրամի փոխհատուցում վճարել՝ Ս․ Ս․):



- Ես ասում եմ՝ տեղյակ չեմ, ես արձակուրդի մեջ եմ։ Դուք ասում եք՝ հնարավո՞ր է, որ։ Իհարկե, դա էլ է հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր է։



- Պարոն Ներսիսյան, ի՞նչ եք կարծում, թերթի վրա կարելի՞ է մոտ 2 մլն-ի տուգանք դնել, այն դեպքում, երբ թերթը չունի նման եկամուտներ։



- Ես պարզաբանել եմ, մի անգամ էլ եմ պարզաբանում։ Ցանկացած դատավորի եզրակացությունը եւ կարծիքը ցանկացած հարցի շուրջ միայն եւ միայն դատական ակտով է լինում։ Այսինքն, ինչ որ հարցնում եք, արտացոլված է դատական ակտում։ Մենք ունենք մի արատավոր երեւույթ՝ ոչ ոք դատական ակտը չի կարդում։ Եթե այն իր շահից չի բխում, ուրեմն դատավորներն են վատը, շենքն էլ է վատը, արեւն էլ այն չէր։ Դա՞ է կարեւոր։ Մարդիկ ալարում են դատական ակտը կարդալ։ Հետո հաջորդ հարցն են տալիս։ Այդ ո՞նց եղավ, որ պարոն Խանդանյանի նախագահությամբ դատական ակտն այսպիսին է, հետո այսպիսին եղավ։ Ախր, վերցրեք կարդացեք։ Մի հատ պարոն Խանդանյանի դատական ակտը վերցրեք կարդացեք, մի հատ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտը կարդացեք, մի հատ էլ իմ նախագահությամբ կայացված ակտը կարդացեք վեճի վերաբերյալ։ Թե դատավորը բեղ ուներ, չուներ, էդ օրը շոգ էր, շոգ չէր, ի՞նչ նշանակություն ունի։ Հետո, սա իմ անձնական բջջային հեռախոսն է։ Ես արձակուրդում եմ։ Արձակուրդիս առաջին օրն էլի զանգեցին, արյունս պղտորեցին, հիմա էլ վերջին օրն է՝ չեք թողնում մարդ հանգստանա։ Ճի՞շտ եմ, թե՞ ոչ։ Մարդկայնորեն, խնդիրը չեմ տեսնում։ Հարգելիս, որեւիցե գաղտնիք, համենայնդեպս, դատական համակարգում չկա։



- Բայց օլիգարխի օգտին վճիռ եք կայացրել․ 2 միլիոնանոց վճիռ՝ ի վնաս թերթի։



- Նորից եմ կրկնում՝ վերցրեք կարդացեք։ Մեկ էլ սովետի ժամանակվա կինոգետներն էին այդպես։ Հոլիվուդյան կինոն չէին նայում, բայց կարծիք ունեին։



- Այսինքն, այդքան չպե՞տք է վճարի թերթը։ Կալանք դրվա՞ծ չէ նրա հաշիվներին։ Սկզբունքորեն ի՞նչն եմ սխալ ասում։



- Սկզբունքորեն այն է, որ ցանկացած դատավորի կարծիքը դուք կարող եք իմանալ միայն դատական ակտում։ Ինձ մի բան եք հարցնում, որը դատական ակտում արդեն գրել եմ։



- Ես Ձեր անձնական կարծիքն եմ հարցնում մամուլի վիճակի, Ձեր սահմանած տուգանքի չափի մասին։



- Իմ անձնական կարծիքն արտացոլված է դատական ակտում։ Դուք պետք է սա շատ լավ իմանաք։ Դուք ո՞ր ժամանակվա լրագրող եք։



- 96 թվից։



- Իննսունվե՞ց։ Ստեղ են ասում՝ թխի, թող գա։ 96 թվից էլ ես դատավոր եմ։ 99-ից՝ Կենտրոնում։ Պատկերացնո՞ւմ եք ինչքան լրագրողների եմ տեսել, շփումներ են եղել։ Ինձ համար սա սովորական բան է՝ լրագրող հանդիպելը։ Ասածս սկզբունքն է։ Դատավորն ինչ որ դատական ակտում գրել է, դրանից մի տող ավել չի կարող ասել։ Դա է։



- Լավ։ Դատական այս ակտը դնում ենք մի կողմ։ Ասում եք՝ 96 թվից, որպես դատավոր, շփվել եք մամուլի հետ եւ, անշուշտ, դիտարկել եք, թե ինչ փուլերով է անցել մեր մամուլը։ 2 մլն-ն այսօր թերթի համար, անկախ այս դատից, անկախ ակտի պատճառաբանությունից, նորմա՞լ գումար է։



- Լավ, էլի, ես էլ վռազ կերա, հա՞։



- Նույն բա՞նն եք ասելու։ Լավ։



- Իհարկե, նույն բանն եմ ասելու։ Մի բա՞ն էլ հուշեմ։ Էն օրը զանգեցին, էլի արյունս պղտորեցին՝ բա մամուլում գրում էին, որ մարդու իրավունքի պաշտպանը սակագին էր գրել, սա է՞լ է սակագնով եղել։ Այդ նույն հարցի շուրջ։ Մի հատ սա հարցրին, մեկ էլ հարցրին․ դա ճի՞շտ է, որ Դուք մուղամ եք լսում։



- Դե, դա Ձեր իրավունքն է, կարող եք մուղամ էլ լսել։ Ես Ձեզ անձնական հարցեր չեմ տալիս։



- Բայց հարցի բովանդակությունը… Այս անհեթեթությանն ի՞նչ պատասխանեմ։



- Պարոն Ներսիսյան, լսո՞ւմ եք մուղամ։



- Չէ մի՝ նամազ եմ անում։ Ախր, ասելու բան չէ։ Սա ի՞նչ է, թո՞ւյն է մարդկային, չեմ հասկանում։



- Հավատացեք, որ մենք հատուկ տրամադրվածություն չունենք, իրոք կա ինֆորմացիա, որ վերջին շրջանում շատ են բողոքում Ձեր դեմ։ Ասում են՝ Ռուբեն Ներսիսյանն ասում է․ ինչպես ուզում եմ, դատում եմ։



- Ահա, թուրն առել է, ընկել է ժողովրդի ջանին, ոնց ուզում է, անում է, դուք դրան հավատո՞ւմ եք։ Դա հնարավո՞ր բան է։ Քաղաքացիական գործն ի՞նչ է։ Մի կողմը հաղթող է պայմանականորեն, մյուսը պարտվող է։ Այդ պարտվող կողմը փոխանակ կարդա, ընդունի դա, մածունը՝ գրում ես սպիտակ է, եթե իրեն ձեռք չի տալիս, ամեն ինչ ասում է՝ էլ դատավորը բեղ ունի, էլ նամազ է անում, բայց հո տե՞նց չի։ Բողոք ասածը շատ դեպքերում պայմանավորված է լինում դրանով։



- Արդարադատության խորհուրդն էլ անընդհատ ինչ-որ վարույթներ է հարուցում, հիմա եթե Ձեր դեմ վարույթ լինի, մենք էլ կասենք՝ մենք զանգեցինք-ճշտեցինք, դատավորը չասաց, որ կան բողոքներ։



- Ես արձակուրդում եմ եւ տեղյակ չեմ, բայց եթե լինում է վարույթ, կանչում են, տեղեկացնում են, ասում են՝ բացատրություններ գրեք։ Կարգապահական վարույթը որեւէ մեկից թաքուն չի արվում։ Դա գործընթաց է, իհարկե, աշխատող մարդն ինչ-որ տեղ կարող է եւ ինչ-որ թերություններ ունենա։ Սա՝ մեկ։ Հետո էլ՝ ինչ ուզում ես, արա, ոնց ուզում ես, վարվի. Քրիստոսին են դավաճանել, Քրիստոսի հետեւից են խոսացել, մենք ո՞վ ենք՝ հասարակ մահկանացուներս, որ պոզ ու պոչ չկպցնեն։ Եթե կլինի խնդիր, սովորական գործընթաց է, եւ պետք չէ դա դարձնել պատմություն։ Իմ նկատմամբ ժամանակին վարույթներ էլ են եղել, կարճվել էլ են, նկատողություններ էլ են եղել, բա ո՞նց։ Հաշվեք, էլի, որ թվից է։ 96-ից։ Ուզում եք ի՞նչ լինի։ Թեւեր աճեն՝ թռչե՞նք։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ