Սուրեն Խաչատրյանի եղբայրը ոչ թե հոգեկան խնդիրներ ունի, այլ թմրամո՞լ է

Սուրեն Խաչատրյանի եղբայրը ոչ թե հոգեկան խնդիրներ ունի, այլ թմրամո՞լ է

Սուրեն Խաչատրյանի եւ նրա ընտանիքի շուրջ կատարվող իրադարձությունները բավական են ԶԼՄ-ների քրեական լրահոսն ապահովելու համար։ Առնվազն երեք գործ կա հանրության ուշադրության կենտրոնում՝ 2013-ին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքով հարուցված գործը, Սուրիկ Խաչատրյանի դեմ «մահափորձը» եւ Սդղի գյոլի ծեծկռտուքը, որով մեծ դժվարությամբ, հավանաբար նաեւ ներկուլիսային պայքարի շնորհիվ, կալանավորվեց մարզպետի որդին։



Շոֆերի տղան առաջին կալանավորվածն է եղել



Այս լրահոսի թերեւս ամենաթարմ տեղեկությունն այն է, որ Սդղի գյոլի դեպքերով կալանավորված անձանցից մեկի՝ Դերենիկ Հակոբյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը բողոքարկել է կալանքի որոշումը: «Սա անհիմն որոշում էր։ Ինչո՞ւ պետք է կալանավորեն մի մարդու եւ որեւէ հիմնավորում չբերեն կալանք կիրառելու համար։ Հոդվածն էլ, որով Դերենիկ Հակոբյանը մեղադրվում է, միջին ծանրության հանցանք է, որով ոչ մեկին չեն կալանավորում»,- ասաց փաստաբանը։ Հիշեցնենք, որ Դերենիկ Հակոբյանը մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին է։ Նրան մեղադրում են Զաքարյան եղբայրներին միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Փաստաբանը վստահեցնում է, որ Դերենիկը չի կատարել իրեն մեղսագրվող հանցանքը։ Սակայն, չգիտես ինչու, նա առաջինն է կալանավորվել Զաքարյանների հետ առերեսումից անմիջապես հետո։



Աղալարն անմեղսունակ չի՞ ճանաչվի



Քննիչների գործողությունները մարզպետն ու նրա մերձավորներն ընդունում են թշնամանքով եւ ամեն ինչ անում են իրենց ապահովագրելու համար։ Երեկ մենք գրել էինք, որ մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, տեղափոխվել է հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ, այն բանից հետո, երբ գործով հսկող դատախազը խստացրել է նրա եւ որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը, «Ծեծը» հոդվածը փոխարինելով ազատազրկում ենթադրող 113-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը: Հիշեցնենք, որ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, բավարար ապացույցներ կան, որ Սեյրան Խաչատրյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Մուշեղ Զաքարյանին, եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Որոշումները՝ նոր, ավելի խիստ մեղադրանքներ առաջադրելու մասին, ընդունվել են օգոստոսի 7-ին։ Էյներ Խաչատրյանը ներկայացել է հարցաքննության, իսկ Սեյրան Խաչատրյանը՝ ոչ։ Նա գրավոր տեղեկանք է ներկայացրել առ այն, որ գտնվում է բժշկական կենտրոնում, հետեւաբար, չի կարող ներկայանալ։ Քննիչն ստիպված է եղել ստուգել, թե որքանով է հիմնավորված Սեյրան Խաչատրյանի չներկայանալը հարցաքննության։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից փորձեցինք ճշտել, թե որքանով է իրական պսիխոզի մասին տեղեկությունը։ Նա միայն ասաց, որ Սեյրան Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար առգրավվել են նրա բժշկական փաստաթղթերը, եւ նշանակվել է փորձաքննություն։ Թե ինչ խնդիր ունի Աղալարը, ըստ Տռուզյանի, դեռ պարզ չէ։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սեյրան Խաչատրյանին անմեղսունակ ճանաչեն, Տռուզյանը հրաժարվեց պատասխանել։ Մեր տեղեկություններով, սակայն, Սեյրան Խաչատրյանի կամ, ինչպես Գորիսում են ասում՝ Աղալարի խնդիրները ոչ թե հոգեկան բնույթի են, այլ կապված են թմրամիջոցների օգտագործման հետ։



Ալումյանը վաղուց չի հանդիպել Արտակ Բուդաղյանին



Սուրիկ Խաչատրյանի օրվա քրեական քրոնիկոնը լրացնում է Արտակ Բուդաղյանի դատը։ Այսօր այն կշարունակվի Կապանի ընդհանուր իրավասության դատարանում։ Արտակ Բուդաղյանը, ինչպես հայտնի է, միակ մեղադրյալն է երկու տարի առաջ մարզպետի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերի գործով, որոնց զոհ գնաց Բուդաղյանի եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։ Անցյալ նիստի ժամանակ Արտակ Բուդաղյանի համար մեղադրող դատախազը 150 հազար դրամ տուգանք պահանջեց, ինչը զարմանալի էր, քանի որ հոդվածը, որով մեղադրվում է հրամանատարը, մահվան սպառնալիք, ավելի խիստ պատիժներ է նախատեսում․ կալանք՝ մինչեւ երկու ամիս, կամ ազատազրկում՝ մինչեւ երկու տարի։ Ըստ Բուդաղյանների ընտանիքի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի, պատժի չափն էական չէ։ «Կարեւորը դատավճռի միջոցով հաստատելն է, որ Արտակ Բուդաղյանը մահվան սպառնալիքներ է հնչեցրել, եւ այսպիսով Տիգրան Խաչատրյանի գործողություններն արդարացնելն է»,- ասաց նա։ Հայկ Ալումյանն այսօր պաշտպանական ճառ է կարդալու դատարանում։ Նա նշեց, որ իր խոսքում կլինեն նորություններ, որոնց մասին դեռ չի խոսել։ Նաեւ ասաց, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանին վաղուց չի տեսել։



Արա Բուդաղյանի հետ քննչական գործողություններ չեն կատարում



Ալումյանի մյուս պաշտպանյալը Բուդաղյանների երրորդ եղբայրն է՝ Արա Բուդաղյանը, որին մեղադրում են մարզպետի նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու գործով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդելու համար: Հայկ Ալումյանը հայտնեց, որ արդեն երկար ժամանակ Արա Բուդաղյանի հետ որեւէ քննչական գործողություն չեն կատարել եւ մահափորձին նրա մասնակցության ապացույցներ չեն ներկայացրել։



ՀԳ․ Կարծես թե մարզպետի շուրջ աղմուկը մեծ է, եւ սա ինքնին բավարար հիմք է նրան գործից ազատելու համար, բայց երկրի գերագույն իշխանավորը, ինչպես միշտ, նման դեպքերում հապաղում է, լուծումները թողնելով օրենքին, այսինքն՝ իրավապահ եւ դատական կառույցներին։ Վերջիններս էլ, ինչպես տեսնում ենք, չեն շտապում։