Ադրբեջանական սադրանք

Ադրբեջանական սադրանք

Ուկրաինական մամուլում վերջին ժամանակներս հաճախակի է խոսվում Դոոնեցկում եւ Լուգանսկում Ադրբեջանի միանգամից մի քանի բիզնես-կառույցների աշխույժ գործունեության մասին: Չնայած ուկրաինական իշխանությունների սահմանած արգելքներին, Ադրբեջանի քաղաքացիներն այնուամենայնիվ Դոնեցկ եւ Լուգանսկ են հասցնում հիմնականում պտուղներ, մրգեր եւ բանջարեղեններ, ավելի քիչ քանակությամբ՝ թուրքական արտադրության թռչնամիս եւ հավկիթ:



Ըստ երեւույթին, խնդիրը պաշտոնական Կիեւի կողմից սուր է դրվել: Բաքվի լրատվամիջոցներն անցած շաբաթ գրեցին, որ հայերն Ուկրաինայում էթնիկ ադրբեջանցիների են սպանել: Ալիեւի վարչախմբի թիրախում Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն է, ում փորձում են ադրբեջանցիների հանդեպ էթնիկ անհանդուրժողականություն վերագրել: Ավակովը ծագումով Բաքվից է, եւ ադրբեջանական քարոզչությունը չի զլանում նրա մասին խոսելիս դա հատուկ ընդգծել:
Ադրբեջանական քարոզչությունը , սակայն, դրանով չի բավարարվում: Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական կողմից ուկրաինացի վարձկանների մասնակցության թեման վերստին գեներացվում է որպես ադրբեջանցիների եւ ուկրաինացիների «դարավոր բարեկամության առհավատչյա»: Բաքվից լրագրողներ են գործուղվում Ղարաբաղում զոհված ուկրաինացի վարձկանների ծնդդավայր, կազմակերպվում են հանդիպումներ նրանց հարազատների հետ:



Ստեղծվում է նաեւ, այսպես ասած, հանդիպակաց քարոզչության ֆոն: Ուկրաինացի որոշ մարգինալ քաղաքական գործիչներ Բաքվի լրատվամիջոցների ցանկալի հյուրեր են: Մասնավորապես, haqqin.az-ը հարցազրույց է ունեցել Ուկրաինայի նախկին նախագահներ Կուչմայի եւ Կրավչուկի խորհրդական, Ուկրաինայի ազգային-պահպանողական կուսակցության առաջնորդ Օլեգ Սոսկինի հետ:
«Ինչպես 1990-ականներին, այսօր էլ Ուկրաինայի պատրիոտները տրամադրված են տարածքային ամբողջականության վերականգնման հարցում սատարելու Ադրբեջանին:Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, ուկրաինացիները կլինեն ձեր (ադրբեջանցիների- Վ. Ա.) կողքին: Այլ բան լինել չի կարող: Ուկրաինան եւ Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են»,- ասել է նա:( www.haqqin.az)



Ըստ երեւույթին, Օլեգ Սոսկինը ռազմավարական դաշնակցության մասին դատում է այն չափով, որքանով Ադրբեջանը սննդամթերք է մատակարարում Ուկրաինայից անկախացած Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին: Դա իր խնդիրն է: Փաստ է, որ ադրբեջանական քարոզչությունը փորձում է հայ-ուկրաինական հարաբերություններում սադրանք հրահրել, ինչի վտանգավորության շուրջ մտորելու անհրաժեշտություն, կարծում եմ, կա: