Չեմ պատրաստվում սեփական PR-ի խնդիրներ հետապնդել

Չեմ պատրաստվում սեփական PR-ի խնդիրներ հետապնդել

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն արդեն ինտեգրվել է խորհրդարանական աշխատանքներին եւ հարմարվել նոր կարգավիճակին։ Հիշեցնենք, որ նա պատգամավոր դարձավ վերջերս, երբ թափուր մնաց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի մանդատը՝ սեպտեմբերի 4-ին արդարադատության նախարար նշանակվելու պատճառով։ Բեքարյանը խորհրդարանում զբաղեցնում է ոչ միայն Հովհաննիսյանի մանդատը՝ 74 համարի ներքո, այլեւ նրա թիվ 320 աշխատասենյակը նոր մասնաշենքում՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Նա, սակայն, որոշել է որպես պատգամավոր դրսեւորվել ոչ թե պետաիրավական, այլ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որտեղ ժամանակին աշխատել է որպես փորձագետ։ Այդ պատճառով էլ Ազգային ժողովի շենքում «խամություն չի քաշում», շենքային պայմաններին ծանոթանալու եւ հարմարվելու խնդիր չունի, քանզի հարազատ միջավայր է իր համար։ Նշենք, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած եւ առայժմ ավելի շատ պրոռուսական ուղղվածություն ունեցող իշխանական խմբակցության անդամ Բեքարյանը, ով կուսակցական չէ, իր համոզմունքներով եվրոպական ուղղությանն է հարում։ Այդ է վկայում նաեւ նրա ղեկավարած ՀԿ-ի անունը, որով նա ձգտում է եվրոպական ինտեգրացիա իրականացնել Հայաստանում։ Նա, որպես ՀՀԿ խմբակցության անդամ, երեկ արդեն հասցրեց իր առաջին պատասխանատու եւ երկրի համար կարեւորագույն քվեարկություններից մեկում դիրքորոշում արտահայտել՝ կողմ քվեարկելով Սահմանադրության փոփոխությունների նախագծին։ Բեքարյանը, սակայն, վստահեցրեց, որ կողմ է քվեարկել՝ սեփական համոզմունքներից ելնելով, եւ դրա համար իրեն հատուկ համոզելու կարիք չկար։ Այս եւ այլ հարցերի շուրջ երեկ զրուցեցինք իր երկրորդ քառօրյան անցկացնող Կարեն Բեքարյանի հետ։



- Ինչպիսի՞ գործունեություն եք պատրաստվում ծավալել խորհրդարանում՝ որպես օրենսդիր, ի՞նչ ուղղությամբ եք հիմնականում աշխատելու։



- Հանձնաժողովն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն է, տարիներ ի վեր առավել շատ զբաղվել եմ հենց արտաքին հարաբերությունների բլոկով եւ, մասնավորապես, եվրոպական ուղղությամբ՝ բավականին երկար ժամանակ։ Հետեւաբար, չես կարող դու հիմա փոխել կարգավիճակ, եւ ինքը որեւէ կապ չունենա քո հետագծի հետ։



Ինքս եղել եմ տարիներ ի վեր Հանրային խորհրդի անդամ, եւ, հետեւաբար, էնտեղից եղած նախաձեռնությունների խնդիրները եւ էդ կողմից եկող նույն հետագիծը կպահպանվի, բնականաբար, քաղաքացիական հասարակությունից եկած եմ, այսինքն՝ էն, ինչով դու զբաղվել ես, էդ ամեն ինչը հիմա գալիս դառնում է քո գերակայությունների հիմնական մասը։



- ՀՀԿ խմբակցությունը բավականին բազմերանգ ու խայտաբղետ է, այստեղ կան ե՛ւ պրոռուսական դեմքեր, ե՛ւ եվրոպական ուղղությունը որդեգրածներ, ե՛ւ խառը հայացքներ ունեցողներ։ Ինչպե՞ս եք համագործակցելու նրանց հետ, երբ արժեքներն ու համոզմունքները շատերի հետ կարող են չհամընկնել։



- Կարծում եմ՝ շատ հանգիստ, որովհետեւ, օրինակ՝ ցանկացած հարց, որը քննարկվում է դեռեւս խմբակցության մակարդակով, ունե՞ս հնարավորություն կարծիքդ, տեսակետդ հայտնելու, ունե՞ս հնարավորություն հնարավոր որոշումների գործընթացների վրա որոշակի ազդեցություն ունենալու, քո տեսակետը դնելու էդ ընդհանրական խճանկարին, ուստի այդ հնարավորությունները պետք է օգտագործես հնարավորինս արդյունավետ։



- Այսինքն, եթե խմբակցությունը որոշի, որ պրոռուսական որեւէ նախագծի կողմ պետք է քվեարկի կամ որեւէ ռուսական ուղղվածության քայլ կատարի, ինչպիսին, օրինակ, ԵՏՄ-ին անդամակցումն էր, Դուք ինչպե՞ս կվարվեք։



- Ես երբեւէ չեմ եղել էն մարդկանց շարքում, որոնց համար կյանքը երկու գույնով է՝ սեւ ու սպիտակ։ Իրականում կյանքը բավականին հարուստ է գույներով եւ ծիածանի բոլոր գույներն ունի։ Այսինքն, եթե դու եվրոպական ուղղության կրող ես եւ էդ ուղղությամբ աշխատած, դրանից երբեւէ չի բխելու, որ դու ամեն ինչ պիտի շուրջդ մերժես։ Հիմա, երբ հարցին մոտենում ենք էդ տեսակետից, ինձ համար մի քիչ դա էլ ընկալելի չէ, որոշման գործընթացին մասնակցում ես եւ հնարավոր տեսակետներդ կարող ես արտահայտել այդ ընթացքում։ Եթե ունեցավ խմբակցությունն էնպիսի որոշում, որը քո տեսակետներին շատ թե քիչ որեւէ կերպ համահունչ չէ, էդտեղ աշխատում է երկու սկզբունք միաժամանակ, որը պառլամենտարիզմի հիմքն է, այսինքն՝ ընդհանրական, միասնական որոշման նկատմամբ ցուցաբերած կարգապահության խնդիրը՝ մի կողմից, մյուս կողմից, եթե ինքն էն կարգի սկզբունքային հարց է դառնում, որ որեւէ կերպ դրա հետ կապված ելք չես գտնում, պիտի արդար լինես թիմի հետ։ Սա է հարցը։



- Ի՞նչ է նշանակում՝ թիմի հետ արդար լինել։



- Այսինքն՝ պիտի պարզ ասես մարդկանց, որ դու թիմի միահամուռ որոշումն ի վիճակի չես իրականացնել։ Բացի դա, նորից եմ կրկնում, դա պիտի քո մեջ շատ լավ հաշվարկես էն առումով, որ, ենթադրենք, դա էն կարգի սկզբունքային էլեմենտ է, եւ ես էն կարգի արդյունավետ փորձեցի աշխատել, բայց չկարողացա դրա վրա որեւէ փոփոխության հասնել․․․ սա շատ նուրբ խնդիր է։



- Այսօր ՀՀԿ խմբակցությանն ու ՀՀԿ-ական իշխանությանը թե՛ խորհրդարանում, թե՛ հասարակության մեջ շատ են քննադատում։ Դուք պատրա՞ստ եք մտնել այդ բեռի տակ եւ կրել այդ ուղղակի եւ անուղղակի պատասխանատվությունն ու քննադատությունները Ձեզ վրա։



- Բնականաբար, իհարկե՝ այո։ Ես Ձեզ ասեմ, ես չեմ եղել երբեւէ որեւէ խմբակցության անդամ, երբեւէ չեմ եղել նաեւ որեւէ կուսակցության անդամ, բայց իմ տեսակետների համար շատ հաճախ քննադատության եմ ենթարկվել։ Ուստի դա չի սկսվում էս օրով կամ էս շենք գալով։



- Մոտ մեկուկես տարի մնաց այս գումարման խորհրդարանի գործունեությանը։ Այս ընթացքում ինչո՞վ օգտակար կլինեք խորհրդարանում, որեւէ փոփոխություն, որ հենց Ձեր աշխատանքի արդյունքը լինի։



- Ամենօրյա աշխատանք։ Որեւէ կերպ չեմ պատրաստվում ինչ-որ արհեստական քայլեր անել, սեփական PR-ի խնդիրներ հետապնդել։ Ես դաշտում աշխատած մարդ եմ եւ հանրությանը շատ դեպքերում իմ որոշակի գործառույթներով կամ գործողություններով եղել եմ տեսանելի։ Այսինքն՝ ես էստեղ եկել եմ ամենօրյա աշխատանքի, բայց որեւէ ինչ-որ լրացուցիչ, արհեստական գործողություն չեմ պատրաստվում անել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ