Մենք հո Ադրբեջա՞նը չենք, որ միակարծություն լինի

Մենք հո Ադրբեջա՞նը չենք, որ միակարծություն լինի

ԵԽԽՎ հայաստանայն պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հատուկ գոհունակությամբ ընդգծեց Եվրոպայի խորհրդում Մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացված բանաձևը, որում անդրադարձել են նաև սահմանադրական փոփոխություններին։ Ըստ նրա՝ Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունեց իր առաջին նիստում հայտարարություն, որ վերաբերում էր Սահմանադրական բարեփոխումներին Հայաստանում, և, ընդհանրապես, Մոնիտորինգի հանձնաժողովն այս ընթացքում երեք անգամ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ընթացքին։



Բանաձևում որոշակի առաջարկություններ է ներկայացրել նաև Լևոն Զուրաբյանը, ով, սակայն, վերջում դեմ է քվեարկել բանաձևի ընդունմանը, թեպետ բանաձևն ընդունվել է։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե Հանձնաժողովում ներկայացված բանաձևում նաև քննադատական ձևակերպումներ են եղել սահմանդրականի թեմայով, մասնավորապես՝11.2 կետում խոսվում է «քաղաքական միջավայրի շարունակվող բևեռացանը, այդ թվում Սահմանադրական բարեփոխումների պատճառով», տիկին Նաղդալյանն այսպես արձագանքեց․ «Ուրեմն տեսեք, պերիոդիկ զեկույցը ինքը ունի հետևյալ կառուցվածքը․ մի բլոկը այն հարցերն են, որտեղ կա բացահայտ առաջադիմություն, պոզիտիվ դինամիկա և ողջունելու անհրաժեշտություն, մյուս բլոկը դա մտահոգություններն են, և երրորդ բլոկը դա կոչերն են կամ ցանկությունները կամ սպասելիքները, որ կապված են այս կամ այն երկրի հետ։ Ես կարծում եմ, որ մենք չենք կարող ակնկալել, որ Մոնիտորինգի հանձնաժողովի պերիոդիկ զեկույցը Հայաստանի մասին լիներ առանց որևէ մեկ կետի, որը մտահոգությւն կառաջացներ»։



Ըստ նրա՝ նույն քաղաքական համակարգի բևեռացվածությունը մտահոգություն է, որը մենք էլ ենք բարձրաձայնում․ «Ես նկատի ունեմ՝ բևեռացվածություն առանց բովանդակության, առանց գաղափարական կոնցեպտի, պարզապես հենց այնպես բևեռացվածություն։ Իսկ գաղափարական բևեռացվածությունը, տարբեր դիրքորոշումներ, տարբեր պազիցիաներ ունենալը դա ժողովրդավարական կոնցեպտի բովանդակությունն է հենց, ժողովրդավարական երկրին ամենահարիր հատկությունն է»։



Այստեղ պատվիրակության ղեկավարի խոսքը փորձեց լրացնել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը․ «Մենք հո Ադրբեջա՞նը չենք, որ միակարծություն լինի։ Ես գտնում եմ, որ դա մի բան էլ դրական բան է»։



Բևեռացվածությու՞նն է դրական բան, հետաքրքրվեցինք մենք։ Այստեղ էլ իր գործընկերոջը լրացրեց Հերմինե Նաղդալյանը՝ հստակեցնելով մեր հարցի պատասխանը․ «Բևեռների գոյությունը, տարբեր կարծիքների գոյությունը»։



Վահան Բաբայանն էլ նկատեց, որ բևեռների գոյությունը մտահոգություն է, բայց մտահոգություն այն առումով, որ այդ բևեռացվածությունը չհանգեցնի սոցիալական գերլարված մթնոլորտի։ «Բայց, ընդհանուր առմամբ, բևեռացվածությունը դա գալիս է նրանից, որ պետք է լինի և՛ այո, և՛ ոչ, և՛ դեմ, և՛ կողմ, և դա է հենց հանրաքվեների ինստիտուտի կայացման հիմնական սյունը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ