Քոչարյանի հարցազրույցում ամեն ինչ պարզ և բացահայտ ասված է․ Գագիկ Մելիքյան

Քոչարյանի հարցազրույցում ամեն ինչ պարզ և բացահայտ ասված է․ Գագիկ Մելիքյան

Ես կարող եմ ընդամենը ասել, որ Հայաստանի երկրորդ նախագահն ընդամենը հայտնել է իր կարծիքը, կարծում եմ՝ կգտնվեն մարդիկ, որ կկիսեն այս կարծիքը, բայց հիմնական մեծամասնությունը թե՛ հանրության, թե՛ քաղաքական կուսակցությունների և քաղաքական գործիչների, կարծում եմ, որ այս կարծիքը չեն կիսի։



Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը, որտեղ նա քննադատել է սահմանադարական բարեփոխումները, այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Նա նաև նշեց, որ ինքը համակարծիք չէ Քոչարյանի այն մտքին, որ միակուսակցական համակարգ է ձևավորվում այս Սահմանադրությամբ։



«Նման նախագիծը լայն հնարավորություն է տալիս բազմակուսակցականության զարգացմանը և մրցակցությանը, որը Ազգային ժողովի ձևավորման հարցում ժողովրդավարության առումով ավելի առաջադիմական ճանապարհ է»,- ասաց նա։



-Կիսել-չկիսելը դնենք մի կողմ, տրամաբանություն, ճշմարտություն տեսնու՞մ եք նրա խոսքում։



-Ես որ ասացի՝ կկիսեն կամ չեն կիսի, նրանք, ովքեր որ տրամաբանություն և ճշմարտություն կտեսնեն, իր հետ կկիսեն այդ կարծիքը։ Կարծում եմ, որ նրանք կլինեն փոքրամասնություն։



-Ըստ Ձեզ՝ միտումը ո՞րն է, որ Քոչարյանը հարցազրույց է տվել հենց նման քննադատական ռակուրսով, ենթատեքստ տեսնո՞ւմ եք այս քննադատության տակ կամ որևէ մեսիջ։



-Ես տեսնում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք միայն երկրորդ նախագահին։



-Որպես քաղաքկաան կուսակցության ներկայացուցիչ՝ ի՞նչ կասեք, քանզի քննադատությունը նաև Ձեզ է ուղղված։



-Քննադատությունը մեզ չէ ուղղված, քննադատությունն ուղված է ընդամենը Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստին։



-Որը դուք եք նախաձեռնել և որին դուք կողմ եք։



-Որին մենք կողմ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի անցնի։



-Հիմա Դուք այս քննադատության մեջ որևէ ենթատեքստ կամ մեսիջ տեսնու՞մ եք, թե՞ ոչ։



-Որևէ ենթատեքստ կամ մեսիջ չեմ տեսնում։ Ամեն ինչ պարզ և բացահայտ ասված է։



-Իսկ մտավախություն չկա՞, որ Քոչարյանը կարող է իր թիմով և ռեսուրսներով համալրել «Ոչ»-ի ճամբարը։



-Որևէ մտահոգություն չեմ տեսնում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ