Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի հետ

Հոկտեմբերի 9-ին կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կանադայի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի հանդիպումը:



Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում և վերջին շրջանում բարձրաստիճան շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հյուրընկալելու ու բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Պարադին իր երախտագիտությունն է հայտնել Դակարի գագաթաժողովում ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Կանադայի կողմից առաջարկված՝ Միկայել Ժանի թեկնածությանը սատարելու համար։



Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ուղղությամբ։



Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։



Նախարար Պարադին ընդգծել է այն նշանակալի դերը, որը խաղում է կանադահայ համայնքը իր երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում:



Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Պարադին մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայից ժամանած շուրջ 17000 փախստականներ։ 



ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։