ԲՀԿ-ում էլ են դժվարանում իշխանափոխության մասին հստակ արտահայտվել

ԲՀԿ-ում էլ են դժվարանում իշխանափոխության մասին հստակ արտահայտվել

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի նման անորոշ և խուսափողական պատասխան տվեց, երբ հետաքրքրվեցինք՝ սահմանադրական փոփոխություններից հետո ԲՀԿ-ն իշխանափոխություն անելու մտադրություն ունի՞ արդյոք, հատկապես որ փոխվելու է կառավարման մոդելը։



«Ամեն ինչ ունի իր հերթականությունը, մենք արդեն իսկ ներկայացրել ենք այս գործընթացի, որը որ սկսվել է, կարևորության մասին, և այդ կարևորության մեջ մենք գտնում ենք, որ բավականին մեծ աշխատանք կա մեր հասարակության մեջ տանելու, մեր ժողովրդին մանրամասն ներկայացնելու՝ ինչ զարգացումներ են նրանց սպասվում»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա։



Ըստ Էնֆիաջյանի՝ այս հանգամանքները հաշվի առնելով և այս համատեքստում ներկայացնելկուց հետո, տեսնելով, թե ինչ արդյունք է ստացվում, իրենք դրանից հետո իրենց հաջորդ քայլերի վերաբերյալ ևս հրապարակային հանդես կգան։



-Ես նկատի ունեմ՝ իշխանափոխության հույս բացահայտ կամ անթաքույց կերպով ԲՀԿ-ն արդյոք փայփայու՞մ է։



-Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքական միավոր, ես կարծում եմ՝ ձգտում է իշխանության, որպեսզի իր ծրագրերը իր կադրերով իրականություն դարձնի։ Այս առումով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բացառություն չէ։



-Օրակարգում ունե՞ք նման խնդիր։



-Դե ասացի, էլի, արդեն՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է իշխանության։



-Այսինքն՝ այս պահին օրակարգային խնդի՞ր է իշխանափոխությունը ձեզ համար։



-Այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը, ընտրություններից առաջ կամ հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ այդ մոդելով է առաջնորդվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ