Բոլորս «Ոչ»-ի ճակատում ենք, բայց մարտավարական տարբերություններ ունենք

Բոլորս «Ոչ»-ի ճակատում ենք, բայց մարտավարական տարբերություններ ունենք

Հայ ազգային կոնգրեսի եւ Ստեփան Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցության ձեւավորած համատեղ շտաբը «ոչ»-ի քարոզչության նոր ճակատ է, որի ղեկավար է նշանակվել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Երկու ուժերը քննարկել են միասնական շտաբի ղեկավարի հարցը եւ կանգ առել Զուրաբյանի փոխադարձաբար «ընդունելի» թեկնածության վրա: Համատեղ շտաբի կազմն այսպիսին է․ Արամ Մանուկյան, Ստեփան Մինասյան, Սամվել Աբրահամյան, Գագիկ Ջհանգիրյան, Ավետիս Ավագյան, Արայիկ Կտիկյան, Արման Մուսինյան, Վահագն Խաչատրյան, Վլադիմիր Կարապետյան, Ռոլանդ Ավետիսյան, Աշոտ Սարգսյան, Ռուդիկ Աթաբեկյան, Արշակ Բանուչյան, Վահան Վարդապետյան, Գեղամ Բաբայան, Սարգիս Թամազյան, Արեգ Գեւորգյան, Արամ Մանուկյան, Գեւորգ Գեւորգյան: Բացի այդ, տարածքային շտաբների գործողությունները համակարգելու ու ՏԸՀ անդամների եւ վստահված անձանց ընտրության ու նշանակման հարցերով են զբաղվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգնական Ավետիս Ավագյանը եւ Արայիկ Կտիկյանը (ՀԺԿ)։ Քարոզչության կազմակերպման եւ լրատվության պատասխանատուն ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանն է եւ ՀԺԿ-ից Ռոլանդ Ավետիսյանը։ Իրավական ապահովման հարցերով զբաղվելու են Գագիկ Ջհանգիրյանը (Կոնգրես) եւ Ռուդիկ Աթաբեկյանը (ՀԺԿ)։ Հանրային միջոցառումների կազմակերպման հարցերը դրված են Արեգ Գեւորգյանի եւ Գեղամ Բաբայանի (ՀԺԿ) վրա։ Միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հետ կապերն ապահովելու են Վլադիմիր Կարապետյանը (Կոնգրես), Արամ Մանուկյանը (ՀԺԿ)։ Կազմակերպական հարցերով էլ կզբաղվի ՀԱԿ անդամ Գեւորգ Գեւորգյանը (Կոնգրես)։



Բացի այդ, հանրաքվեի գործընթացում ՀԱԿ եւ ՀԺԿ բոլոր տարածքային կառույցները հանդես են գալու որպես «Ոչ»-ի համատեղ շտաբի տարածքային շտաբներ, իսկ տարածքային կառույցների ղեկավարները նշանակվել են տարածքային շտաբների համանախագահներ:



Մեր զրույցը Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Ստեփան Մինասյանի հետ:



-Պարոն Մինասյան, ՀԺԿ-ն եւ ՀԱԿ-ը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի առիթով «Ոչ»-ի համատեղ շտաբի ձեւավորման որոշում են կայացրել: Փաստորեն, ի թիվս այլ ճակատների, եւս մեկի անհրաժեշտությունն էր զգացվում, ինչո՞ւ, ովքե՞ր են լինելու շտաբի անդամները, ի՞նչ դերակատարում է ստանձնելու նոր ճակատը, որը չէին իրականացնում մյուսները:



- Կարծում եմ՝ շտաբի գործառույթները մանրամասնելու կարիք չկա, լինելու է կազմակերպչական աշխատանք, կհետեւեն հանրահավաքներ, հեռուստաեթեր: Թե ինչու երկու կուսակցություններով համատեղ շտաբ ձեւավորեցինք, գաղտնիք չէ, որ երկու կուսակցությունները համատեղ պայքարի, աշխատանքի փորձ ունեն, շատ սերտ համագործակցում ենք եւ պառլամենտում, եւ պառլամենտից դուրս եւ որոշեցինք համատեղ շտաբ ձեւավորել: Հիմա եթե կլինեն ուժեր, որոնք կցանկանան միանալ մեզ, կքննարկենք:



- ՀԱԿ-ը միացել էր «Չեք անցկացնի» նախաձեռնության ձեւավորած «Ոչ-ի ճակատին», ստորագրել հռչակագիր․ տարաձայնություննե՞ր են առաջացել այդ ճակատում, համաձայն չե՞ք մարտավարության հետ:



- Ոչ, ոչ: Երեւի «Ոչ-ի ճակատի» մասին մի փոքր բացատրելու կարիք կա, դա ընդհանուր ճակատ էր, որտեղ ներկայացվածներն ընդհանուր համաձայն չեն, դեմ են սահմանադրական փոփոխություններին, հենց այդ մասին հայտարարելու համար բոլորը հավաքվեցին եւ հայտարարեցին, եւ այնպես չէր, որ ֆորմատ էր ձեւավորվել, եւ ֆորմատն էլ պետք է համատեղ գործողություններ աներ: Քանի որ այդ համաժողովը բաց էր, ապա ցանկացած կազմակերպություն կարող էր գալ, ասել՝ ես էլ եմ «ոչ» ասում, բայց որեւէ մեկը հետագա գործողություններով պարտադրված չէր, այլ ուժեր էլ կարող են այլ շտաբներ ձեւավորել:



- Որքանո՞վ է նպատակահարմար նման պառակտված պայքարը կամ անջատ գործունեությունը, ամբիցիաների դրսեւորումը, ըստ Ձեզ, չի՞ թուլացնի շարժումը։ Եթե հայտարարում եք, որ բոլորի տեսակետը նույնն է՝ դեմ են փոփոխություններին, ինչո՞ւ միասնական ճակատով չպայքարել:



- «Պառակտում» բառը տեղին չէ, պարզապես այնտեղ չկար ընդհանուր օրակարգ։ «Ոչ» ասողների մեջ կան քաղաքական ուժեր, օրինակ մենք՝ ՀԺԿ-ն եւ ՀԱԿ-ը, որոնց օրակարգում այսօր մեկ հարց է դրված՝ սահմանադրական փոփոխությունները, եւ պետք է հենց այս փոփոխությունների դեմ պայքարել, ամեն ինչ անել, որպեսզի այն իրականություն չդառնա, այսինքն՝ մենք պայքարի կենտրոնում դնում ենք սահմանադրական փոփոխությունների հարցը, իսկ քաղաքական ուժեր կան, որոնք այլ տակտիկա ունեն:



- Օրինակ, 6-7 ուժերից ձեւավորված «Փրկության ճակատն» ասում է, որ մինչեւ հանրաքվեն պետք է իշխանափոխության հասնենք…



- Որպեսզի սխալ չհասկացվի, Կոնգրեսն ու ՀԺԿ-ն նոր չէ, որ դա ասում են, որ այս երկրի գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ժողովուրդը չի կարողանում ինքը ձեւավորի իշխանություն՝ ազատ, արդար ընտրությունների միջոցով: Այսինքն՝ մենք այս գլխից ենք ասել, որ իշխանափոխությունն անհրաժեշտություն է, բայց քանի որ այս սահմանադրությունը չանցնի, դա իշխանության տապալումն է լինելու եւ կբերի իշխանափոխության: Մյուսներն էլ ասում են՝ իշխանափոխություն ենք պահանջում, եւ դրանով իսկ կբերի սահմանադրության տապալման:



- Այսինքն՝ նույն բա՞նը չէ, այդ պատճառո՞վ միայն չմիացաք «Փրկության ճակատին»:



- Միանալու հարց չկա, բոլորս, իհարկե, «Ոչ»-ի ճակատում ենք, բայց մարտավարական տարբերություններ կան: Թեպետ մեկը մյուսին չի խոչընդոտում:



- Իսկ չե՞ք կարծում, որ իշխանափոխության հարցը դնելով կենտրոնում՝ հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է, որովհետեւ հարցումները ցույց են տալիս, որ քչերին է հետաքրքրում Սահմանադրությունը:



- Հայաստանում չկա երկրի ապագայով շահագրգիռ մի մարդ, որը չուզենա իշխանափոխություն, որովհետեւ իշխանափոխության մեջ տեսնում է ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու հնարավորություն, այսինքն՝ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն: Սակայն պետք է լինել ռեալ, հաշվի առնել բազում հանգամանքներ, եւ, ի վերջո, ավելի լավ է մի փոքր քիչ ասել, բայց ավելին անել, քան հակառակը: Դա չի նշանակում, որ… մենք մյուս ուժերի, առաջին հերթին «Փրկության ճակատի» հետ համատեղ գործողություններ ենք ծավալելու, համակարգված հանդիպումներ ունենալու:



- Իսկ համատեղ շտաբի մարտավարությունն ինչպիսի՞ն է լինելու՝ բոյկոտե՞լ հանրաքվեն, թե՞ մասնակցել եւ «ոչ» ասել:



- Որեւէ բան չի բացառվում՝ նկատի ունենալով մեր իշխանությունների գործելաոճը, կեղծիքների ապարատի օգտագործման գործոնը, բայց հարցը դեռեւս կքննարկենք, եւ քննարկումները թող ընթանան, կտեսնենք, թե որն է ավելի նպատակահարմար:



- Ձեր կարծիքով, ո՞րն է նպատակահարմար, կարելի՞ է այս ընտրական համակարգում արդար ընտրություն ակնկալել:



- Ես կարող եմ ասել հետեւյալը. եթե ընթանում է նորմալ քվեարկություն, իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը գնա եւ իր կարծիքն արտահայտի, եթե ընթացքի մեջ է դրվելու կեղծիքների ապարատը, ապա այս պարագայում քվեարկությունը կորցնում է իմաստը: