Хороший мальчик-2 կամ՝ մեծ պանիկա ոչնչից

Хороший мальчик-2 կամ՝ մեծ պանիկա ոչնչից

Ինչ ճիշտն է՝ ճիշտը, Արա Աբրահամյանն իր ինքնատիպ հայտնությամբ կարգին ֆուրոր է առաջացրել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Վերլուծաբանների հիմնական վերսիան էլ այն է, որ նա, ավելի ճիշտ՝ նրան խաղացնողները, փորձում են լցնել Գագիկ Ծառուկյանի թափուր մնացած տեղը՝ Սերժ Սարգսյանին հակակշիռ ստեղծելու եւ նրա հեռանալուց հետո Հայաստանում իշխանության գալու նպատակով:



Այս տարբերակի կողմնակիցները, սակայն, մի բան հաշվի չեն առնում՝ այն, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերջաբանի հիշողությունները տակավին թարմ են, եւ, առնվազն, իդիոտ պետք է լինել Ծառուկյանի կիսատ թողած գործը թեկուզ Արա Աբրահամյանով շարունակելու համար: Եվ, որպեսզի մի փոքր առարկայական տեսք տան իրենց մտախանգարումին, մեր առաջնակարգ վերլուծաբաններն Արա Աբրահամյանի հայտնությունը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ նրանց՝ սխեման շատ պարզ է. Քոչարյանը փորձեց Ծառուկյանով գալ իշխանության, բայց չստացվեց, որովհետեւ Ծառուկյանը որոշեց ինքը նախագահ դառնալ, իսկ հիմա էլ կրկին է փորձում, այս անգամ արդեն նախագահ դառնալու շանս չունեցող Արա Աբրահամյանով, որ տեսնի, թե ինչ կլինի:



Դա հաստատ Քոչարյանն է անում, որովհետեւ Արա Աբրահամյանը շահ չունի այս գործում, չի կարող նախագահ դառնալ՝ ասում են նրանք:



Այսինքն՝ այս տեսակետի կողմնակիցները կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի մտավախություն չունի, որ մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանը կարող է հայտարարել. «Մալիշկացի Արա, ախմախ բաներ մի արա», եւ Արա Աբրահամյանի լեգենդը (որոշ տարբերակներով՝ Արա Աբրահամյանի շուրջ քաղաքագիտական վերլուծությունը) Ծառուկյանի լեգենդի պես հօդս կցնդի: Սիրելիներս, պետք է մեկ անգամ եւ ընդմիշտ հիշել՝ Սերժ Սարգսյանն այն բարի փերին չէ, որ նայի Արա Աբրահամյանի ազնվություն ճառագող դեմքին ու ասի՝ արի, Արա ջան, բա ո՜նց, սա քո հայրենիքն է, կուսակցություն հիմնիր, քաղաքականությամբ զբաղվիր, գուցե քեզնից մի բան ստացվի: Ասելս այն է, որ Հայաստանում միամիտ մարդ քիչ կա, մանավանդ նրանց շրջանում, ովքեր արդեն եղել են Բաղրամյան 26-ում:



Բացի այդ, մենք չենք կարծում, որ Քոչարյանը, եթե արդեն որոշել է վերադառնալ, կփորձեր խաղարկել արդեն մեկ անգամ խփված խաղաթուղթը, այս անգամ մի այնպիսի տիպիկ ռուսական երեւույթի աջակցությամբ, ինչպիսին Արա Աբրահամյանն է: Տրամաբանությունը հուշում է, որ եթե Ծառուկյանը կարողացավ մոլորեցնել նրան, առավել եւս Արան կկարողանա վճռական պահին ոտքի տակ դրվող օճառի էֆեկտ ունենալ: Քոչարյանը շատ լավ է հասկանում, որ դրսի էլեմենտի աջակցությունը մի գործում, որին դեմ է կամ, առնվազն, կարող է ընդդիմանալ ժողովուրդը, կհանգեցնի քաղաքացիական խժդժությունների եւ Հայաստանում իրավիճակի լարման, ինչը ձեռնտու չէ ոչ քարոզչության եւ ոչ էլ իր քաղաքական նպատակների լրջությունը ցուցադրելու տեսանկյունից:



Մեր նախորդ՝ «Хороший мальчик» հոդվածում մի շատ պարզ բացատրություն էինք ներկայացրել այն մասին, որ այս ամենն արվում է Արա Աբրահամյանի համար՝ նրա դիրքերը Ռուսաստանի հայերի միությունում եւ ռուսաստանցի հայերի շրջանում ամրապնդելու համար: Նշել էինք, որ ամենեւին էլ պատահական չէր, որ ՌԴ եւ ՀՀ նախագահներն Արա Աբրահամյանի հայաստանյան գաստրոլներից առաջ շնորհավորել էին ՌՀՄ 15-ամյա հոբելյանը, հաջողություն մաղթել այդ կառույցին՝ ի փառս Ռուսաստանի եւ ռուսաստանահայության պայծառ ապագայի: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ Արա Աբրահամյանի գործունեությունից չափազանց գոհ են Պուտինն ու Սարգսյանը: Արա Աբրահամյանին Հայաստանում «պրախոդ» տալը չի՞ նշանակում արդյոք, որ Սերժ Սարգսյանն էլ իր հատուկ լուման է ներդնում նրան ՌՀՄ նախագահի «պաշտոնում» պահելու, ավելի պատկառելի, ազդեցիկ դարձնելու համար:



Արա Աբրահամյանը ոչինչ չգիտի՝ սահմանադրական բարեփոխումները լա՞վ են, թե՞ վատ, ի՞նչ հանգրվանում է ղարաբաղյան խաղաղ կարգավորումը, ո՞ւր ենք հասել ԵՄ-ի հետ հարաբերություններում ու ինչ ենք մեզնից ներկայացնում ԵՏՄ-ում: Արա Աբրահամյանին որ զոռես, երեւի չկարողանա ասել, թե քանի խմբակցություն կա այսօր հայոց խորհրդարանում, ով է փոխխոսնակը, կամ ովքեր են խմբակցությունների ղեկավարները:



Արա Աբրահամյանը ընտրված է ռուսաստանյան դերակատարության համար, այն է՝ հայ համայնքին մշտապես պահել Պուտինի կողքին: Արա Աբրահամյան օպերացիան ավելին չէ, քան «Պուտին» ակումբների հիմնադրումը Ռուսաստանի հայության շրջանում: Եվ այդ գործի համար Արա Աբրահամյանն ուղղակի անփոխարինելի է: Նա չի մտածում եւ ավելորդ հարցեր չի տալիս, իսկ դա ամենագլխավորն է պետության առաջին դեմքերի համար:



Եվս մեկ նկատառում, ու դրանով ավարտենք «Хороший мальчик» հոդվածաշարը: Մենք իրոք բոլոր հիմքերն ունեինք Արա Աբրահամյանի հայաստանյան հայտարարություններից հետո պանիկայի մեջ ընկնելու: Աչքը, ինչպես ասում են, տեսածից է վախենում: Բայց պանիկայի մեջ հայտնվելու իրավունք չունեին, առնվազն, ուստա մեկնաբանները, ովքեր այս դեպքում էլ իրենց առաջնահերթ խնդիրն են համարել պարզել, թե ում ականջներն են երեւում Արա Աբրահամյանի հետեւում: Դա իմանալը, անշուշտ, հետաքրքիր է, բայց չարժե, թերեւս, մոռանալ, որ հնարավոր չէ մատնոցի հետեւում փիղ թաքցնել: Այլապես այնքան համոզված են պնդում, թե Քոչարյանն Արա Աբրահամյանին դեմ տված վերադառնում է, որ քիչ է մնում հավատաս: