Հանրային խորհուրդ՝ ոչինչ չանող օղակ, որը պետք է լուծարել

Հանրային խորհուրդ՝ ոչինչ չանող օղակ, որը պետք է լուծարել

Հանրային խորհուրդն ստեղծվեց 2008 թվականին: Հիմնավորումն այն էր, որ մենք արդեն այնքան դեմոկրատ ու ազատ երկիր ենք, որ առանց հանրության մասնակցության որեւէ կարեւոր որոշում ընդունել չենք կարող, այն մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է եւ մեզ հնարավորություն կընձեռի շատ արագ լուծել հանրապետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրներ: Որպես կարեւոր հիմնավորում էր նշվում այն փաստը, որ այդպիսի կառույց կա նաեւ Ռուսաստանում:



Ռուսաստանի օրինակը մեզ համար, ընդհանուր առմամբ, վատը չէ: Բայց պետք չէ հայտնի կենդանու նման ամեն ինչում ընդօրինակել նրան: Այդ որոշումն ընդունելիս, ըստ իս, ստեղծված կառույցը բարձրագոչ անվամբ շոյելով՝ թուլացրել է հասարակության զգոնությունը, դրա ստեղծման անհրաժեշտության շուրջ որեւէ քննարկում չի կազմակերպվել: Իսկ բուն նպատակը, շատերի կարծիքով, թունդ բողոքավորների համար աշխատատեղեր ստեղծելն էր, որպեսզի նրանք նյարդեր չքայքայեն:



Եվ իսկապես, եթե մտածենք զուտ բովանդակային առումով՝ ունենք Ազգային (հանրային) ժողով (խորհուրդ), որտեղ քննարկվում եւ որոշումներ (օրենքներ) են ընդունվում մեր ազգին, ժողովրդին, հանրությանը վերաբերող ամեն տեսակի հարցերի շուրջ: Ազգային ժողովի առկայության պայմաններում, որտեղ աշխատում են հանրության լայն շերտերի եւ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, արժե՞, արդյոք, ունենալ նրա ստվերը հանդիսացող մի ուրիշ կառույց: Կա՞ն կամ մինչ օրս եղե՞լ են հարցեր, որոնք քննարկել է Հանրային խորհուրդը, բայց չի կարող քննարկել Ազգային ժողովը: Ազգային ժողովն ունի բոլոր բնագավառներին վերաբերող անհրաժեշտ հանձնաժողովներ, որոնք, եթե պետք լինի, կարելի է համալրել հասարակական կարգով գործող համապատասխան մասնագետներով:



Հիմա՝ Հանրային խորհրդի կատարած աշխատանքի արդյունքի եւ արդյունավետության մասին: 7 տարի է՝ գործում է այդ խորհուրդը: Ի՞նչ կարեւոր հարցեր են լուծվել Խորհրդի նախաձեռնությամբ: Եթե Խորհրդի անդամներին հարցնես, կասեն, որ անթիվ-անհամար հարցեր են քննարկել, մի այդքան էլ որոշումներ են ընդունել, շատ-շատ են չարչարվել ի փառս մեր հանրապետության: Իսկ այդ որոշումներն օգնե՞լ են լուծելու մեր հանրությանը հուզող բազում հարցերից գոնե մեկը՝ արտագաղթ, կոռուպցիա, գործազրկություն, աղքատության բարձր տոկոս, տնտեսության զարգացման իսպառ բացակայություն: Թե՞ այս կարգի խնդիրները Հանրային խորհրդի քննարկման ենթակա չեն, քանի որ, ինչպես իրենք են ասում, լծակներ չունեն: Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով քննարկումների ժամանակ, որին, ի դեպ, Խորհուրդը միացավ բավականին ուշացումով, Խորհրդի նախագահը ծաղրում էր հենց իր գլխավորած հաստատությունը, թե 10 հատ տանկ ունեն այդ խնդիրները լուծելու համար:



Իսկ գուցե իրենք պետք է քննարկեն միայն այնպիսի անշառ հարց, որպիսին է օդանավակայանի հին շենքը քանդե՞լ, թե՞ վերանորոգելու հարցը: ՀԽ անդամների խոստովանությամբ՝ իրենք հոգնել են մի 5-6 անգամ այս «շատ կարեւոր» հարցը քննարկելուց, քանի որ օդանավակայանի հին շենքն ուզում են պահպանել որպես ճարտարապետական կոթող: Ավելի ճիշտ կլիներ, թերեւս, այս հարցը քննարկման դնել մշակույթի նախարարությանը կից հասարակական խորհրդում:



Իսկ ինչո՞ւ Հանրային խորհուրդը չի կարող քննարկել վերը նշված կարեւորագույն հարցերը եւ համապատասխան որոշումներ ընդունել: Այդ խնդիրների լուծումների ուղղությամբ լծակնե՞ր չունեն, թե՞ իշխանություններին այդ հարցերում նեղելու կամ հակադրվելու ցանկություն: Երկու դեպքում էլ, ելնելով Խորհրդի անպտուղ եւ անիմաստ գործունեության արդյունքից, Հանրային խորհրդի նախագահի եւ անդամների կողմից բարոյական քայլ կլինի ինքնակամ հրաժարական ներկայացնելը եւ այդ Խորհուրդ կոչված ավելորդությունը լուծարելու հարց բարձրացնելը:



Ժամանակին նրանցից մի քանիսն Ազգային ժողովում եւ այլուր թմբկահարում էին մազութը լափելու մասին: Մեզ՝ հանրության ներկայացուցիչներիս համար որեւէ տարբերություն չկա մազութ լափողի եւ հանրային բյուջեի գումարները չարդարացված աշխատավարձերի, ավտոմեքենաների, գույքի, վառելիքի, գործուղումների, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերի ձեւով լափողի միջեւ: Իսկ բյուջեից այդ հատկացումների գումարները պատկառելի թվեր են կազմում: Ինչո՞ւ Հանրային խորհուրդը չի փորձում կանխել այս նոր լափումները: Ուրեմն էլ ինչի՞ համար է ստեղծված այդ կառույցը: Գուցե նրա համար, որ տպավորություն ստեղծվի, թե ժողովուրդը, հանրությունը վերահսկո՞ւմ է երկրում ընթացող կարեւորագույն գործընթացները: Այդ կապակցությամբ ուզում եմ մի համեմատություն անել: Հիշում եք՝ սովետական տարիներին գործում էր Ժողովրդական վերահսկողություն (народный контроль) կոչվող մի կառույց՝ իր քաղաքային եւ շրջանային բազմաթիվ ստորաբաժանումներով, որոնք, իբր, նպաստում էին երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Իրականում դա իշխող Կոմունիստական կուսակցության ուղղակի կցորդն էր եւ գործում էր վերջինիս հրահանգներով եւ նախանշած սահմաններում: Նմանատիպ մի կառույց էլ մեր Հանրային խորհուրդն է, որն իր անբովանդակ գործելակերպով չի կարող մեր ժողովրդի մատից մի փուշ հանել: Բայց այդ կառույցն արդեն 7 տարի շարունակ աղքատացնում է առանց այն էլ աղքատիկ պետական բյուջեն:



Վարդան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ