Քաղաքագրություն. գրչությունը Երեվանում

Քաղաքագրություն. գրչությունը Երեվանում

Եպիսկոպոս Հակոբ Երեւանցին 16-18-րդ դարերում մեզ հայտնի այդ կարգի գրիչներից առաջինն է։ Իրականում Հակոբ Երեւանցին գրիչ չէր, բայց նա թողել է մի հիշատակարան, ուր գրում է, որ ինքը երեւանցի է եւ 7 անգամ ուխտի է գնացել Երուսաղեմ։ Ըստ իր ասածի, նա վերջին անգամ Երուսաղեմում եղել է 1599 թվականին։ Հավանական է համարվում, որ նա իր զառամյալ հասակում եղել է նաեւ Հռոմում։ Եպիսկոպոս ուխտագնաց-ճանապարհորդի կյանքի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։ Հաջորդ մեզ հայտնի գրիչը Պողոսն է, որը Երեւանի Սբ. Անանիա մատուռում, Մովսես Սյունեցի վարդապետի հովանավորությամբ 1623 թվականին ընդօրինակել է մի քարոզգիրք, որի հիշատակարանից չի երեւում, թե նրա հեղինակը որտեղացի էր, հոգեւոր ինչ աստիճան ուներ, ովքեր էին նրա ծնողները, ե՞րբ էր եկել Երեւան եւ այլն։ Սակայն հիշատակարանից մենք իմանում ենք, որ Պողոսը Մովսես Սյունեցու բազմաթիվ աշակերտներից մեկն էր եւ, հավանաբար, Երեւան էր եկել ուրիշ տեղից։



Մովսես Սյունեցու աշակերտներից էր նաեւ Զաքարիա գրիչը։ Նա 1625 թվականին Երեւանում, Սբ. Անանիա մատուռում, Մովսես Սյունեցու հովանավորությամբ ընդօրինակել է մի ընդարձակ մամագիրք, վերջում թողնելով մի երկարաձիգ հիշատակարան։



Հիշատակարանից հայտնի է դառնում, որ Զաքարիան աբեղա էր եւ Մովսես Սյունեցու աշակերտներից։ Ընդօրինակված այդ ժամագրքի բովանդակությունը կազմում են՝ սաղմոս, տոնացույց Հայաստանի եկեղեցիների «կարգ ու կանոն աղոթից ի Նարեկացւոց», ներբողյան, խրատ, ոտանավոր եւ այլն։ Իսկ հիշատակարանում գրչի մասին ուրիշ տեղեկություններ չկան։ Պողոսի հետ միասին գրչությամբ զբաղվել է նաեւ Մովսես Սյունեցու մի ուրիշ աշակերտը՝ Եսայի սարկավագը, որի Սբ. Անանիա անապատում 1625 թվականին ընդօրինակած ձեռագիրը 1538 համարի տակ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:



Ձեռագրից բացի, հետաքրքրություն է ներկայացնում նաեւ գրիչ Եսայի սարկավագի բավական ընդարձակ հիշատակարանը։ Նա Սյունյաց աշխարհից էր, Գրհամ գավառի (հնում՝ Կովսական) Կարճավան:



Երեւանում 17-րդ դարի առաջին կեսում հայտնի գրիչներից էր նաեւ Մովսես Սյունեցու մի ուրիշ աշակերտը՝ Մինաս գրիչը, որը ծագումով երեւանցի չէր եւ գրչության արվեստով է զբաղվել պատկառելի հասակում՝ 60 տարին բոլորած։ Նա Երեւանի Սբ. Անանիա անապատում, դարձյալ Սովսես Սյունեցու հովանավորությամբ, 1626 թվականին ընդօրինակել է ժամագիրք։ Իր արտագրած ժամագրքի վերջում գրիչ Մինասը թողել է մի բավական ընդարձակ հիշատակարան, որը կարեւոր տեղեկություններ է պարունակում նաեւ Մովսես Սյունեցու գործունեության մասին։ Ինչպես տեսնում ենք, Մինաս գրիչը եղել է Մովսես Սյունեցու աշակերտներից մեկը։ Նա իր այդ հիշատակարանում նշում է գրչության արվեստով զբաղվելու ժամանակի ու հանգամանքների մասին։ Ըստ երեւույթին, Մինասը եւս ծագումով Երեւանից չէր, բայց շատ երկար ժամանակ էր ապրել այնտեղ. մանուկ հասակից, երբ ուրիշ շատերի հետ միասին աշակերտում էր Մովսես Սյունեցուն, մինչեւ ծերության տարիքը, երբ վճռում է զբաղվել գրչության արվեստով։ Գրչի սովորական համեստություն է նրա կողմից հիշատակարանում արվող այն հայտարարությունը, թե ինքը ծերության պատճառով իր ընդօրինակած ձեռագրում թույլ է տվել պակասություններ, եւ խնդրում է ընթերցողներից, որ ներեն ու սիրալիր լինեն։ Հենց միայն մեջբերված հիշատակարանի սահուն ու պատկերավոր աճը եւ շարադրանքի գեղեցկությունը բավական են, որպեսզի Մինասին համարենք իր ժամանակի բարձր գրագիտություն ու գիտելիքներ ստացած անձնավորություն, Մովսես Սյունեցու արժանավոր աշակերտ։



1630-1640-ական թվականներին Երեւանում գրչության արվեստի գծով մեծ գործունեություն էր ծավալել Մկրտիչ գրիչը, որը նույնպես Մովսես Սյունեցու աշակերտներից էր եւ գրչությամբ զբաղվում էր վերջինիս ու Փիլիպոսի կաթողիկոսության շրջանում։



Երեւան քաղաքի պատմությունը