Հայկական ֆիլմերն ԱՊՀ կինովարձույթում են ու գրեթե առանց հանդիսատեսի

Հայկական ֆիլմերն ԱՊՀ կինովարձույթում են ու գրեթե առանց հանդիսատեսի

«Грани кино» կազմակերպության հիմնադիր, ազգությամբ հայ, Վրաստանում ծնված, իսկ վերջին 20 տարին Ռուսաստանում բնակություն հաստատած Սերգեյ Նազարովն այս օրերին Հայաստանում է մի քանի պատճառով։ Մեզ հետ զրույցում Նազարովը նախ ընդգծում է՝ ուզում է առաջ տանել հայկական մշակույթն ու կինոն ԱՊՀ-ում։ Դրա համար գարնանը հիմնեց իր սեփական «Грани кино» կազմակերպությունը, ապա ձեռք բերեց «Անավարտ թռիչք» ֆիլմի ցուցադրման իրավունքներն ԱՊՀ տարածքում։ 2-րդ ֆիլմը, որի ցուցադրման իրավունքները նույնպես ձեռք է բերել, «Սուպեր մամա» -ն է, որն ընդամենը մի շաբաթ առաջ Ռուսաստանում վարձույթ է դուրս եկել։



Թե ինչպես են վարձույթում այդ երկու ֆիլմերի հաջողությունները, ապա Սերգեյ Նազարովն այնքան էլ գոհ չէ արդյունքներից, միաժամանակ զարմացած է, որ հայերն ամենաքիչն են գալիս հայկական ֆիլմեր նայելու, անգամ Սոչիում, որտեղ տեղի էր ունեցել Երեւան-Սոչի ինքնաթիռի կործանումը, որն էլ «Անավարտ թռիչք» ֆիլմի պատմության հիմքում է, կինոդահլիճ շատ քիչ հայեր էին եկել։ «Ռուսաստանում մեկ ամիս շարունակ 50 կինոթատրոնում ցուցադրվեց «Անավարտ թռիչքը», բայց ով էլ գնաց այդ ֆիլմը նայելու, ռուսներ էին»,- ասում է նա։



«Անավարտ թռիչքը» ցուցադրվել է նաեւ Վրաստանում։ Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանը, որը հիացել է ֆիլմով, բայց եւ զարմացել, որ դահլիճը կիսով չափ դատարկ է եղել, բայց, ինչպես ընդգծում է Նազարովը, ֆիլմին ներկա հանդիսատեսը, այդ թվում՝ Վրաստանի մշակույթի փոխնախարարը, կինոգետներ, սովորական հանդիսատես, բոլորն արտասվել են։ Նոյեմբերի 5-ին ֆիլմը Վրաստանում դուրս է գալու մեծ վարձույթ եւ 2 շաբաթ ցուցադրվելու է 6 կինոթատրոններում։



Պրոդյուսերը դժգոհ է նաեւ Վրաստանում հայ համայնքի պասիվությունից, զրոյական աջակցություն է եղել իր նկատմամբ, մինչդեռ հենց հայ համայնքը պետք է շահագրգռված լինի ֆիլմը գովազդելու, լուսաբանելու հարցում։ Նա չգիտի, թե ինչով դա բացատրի, ասում է՝ ինքը մեծացել է այդ միջավայրում ու մինչեւ հիմա ցավով նկատում է, որ մարդիկ երբեմն ամաչում են հայերեն խոսել։



Նազարովը պատմում է, որ 15 տարի աշխատել է մի ընկերությունում, որտեղ զբաղված են եղել հիմնականում արտհաուս ֆիլմերով, բայց հիմա հիմնել է իր ընկերությունը եւ, որպես պրոդյուսեր, ֆիլմերի ընտրությունը կատարում է՝ ելնելով ոչ թե կոմերցիոն նկատառումներից, այլ ավելի շատ հայրենասիրական, կենտրոնանալով հիմնականում Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի վրա։ Ասում է՝ իր թիմը համալրում է ոչ թե պրոֆեսիոնալներով, այլ տաղանդավոր մարդկանցով, որովհետեւ պրոֆեսիոնալները շատ հաճախ ամեն ինչին նայում են կոմերցիոն տեսանկյունից։ Ու թեեւ «Անավարտ թռիչք» ֆիլմի ցուցադրությունն իրեն մեծ օգուտ չի բերել, բայց, անկախ ամեն ինչից, պլանավորում է ֆիլմը ցուցադրել նաեւ Ղազախստանում։



Հայաստան գալու մյուս պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում սկսի ցուցադրվել նաեւ վրացական կինո։ «3 ամիս առաջ, երբ այստեղ էի, մեկին ասացի, որ ուզում եմ վրացական կինո ցուցադրել Հայաստանում, ասաց՝ ծիծաղո՞ւմ ես, ցավդ տանեմ, ո՞վ պետք է այստեղ նայի վրացական կինո, ասացի՝ ինչո՞ւ եք այդպես ասում, եթե մենք պահանջում ենք, որ Վրաստանում հայերի հանդեպ ամեն ինչ տեղը տեղին լինի, իսկ այստեղ մեզ վրացական կինո պե՞տք չէ... ու նա միակ մարդը չէ կինոոլորտում, դա սխալ բան է։ Ես ուզում եմ կոչ անել իմ բոլոր հայ, վրացի եւ ռուս հայրենակիցներին, որպեսզի միահամուռ առաջ տանենք մշակույթը»,-ասում է Նազարովը եւ հավելում, որ ձեռք է բերել վրաց հայտնի ռեժիսոր Օթար Իոսելիանիի ֆիլմի ցուցադրման իրավունքը ու պատրաստվում է այն ցուցադրել թե Ռուսաստանում եւ թե Հայաստանում։ «Ամոթ է, որ նման դասական ռեժիսորի ֆիլմը չցուցադրենք այստեղ»,-ասում է նա ու ընդգծում, որ Ռուսաստանում շատերի դուրը չեկավ, երբ ինքը ձեռք բերեց Օթար Իոսելիանիի ֆիլմի ցուցադրության իրավունքը եւ անոնիմ կերպով սկսեց տարբեր նամակներ, զանգեր ստանալ, բայց նման բաներն իրեն չեն կարող հետ պահել։ Առաջիկայում պատրաստվում է գնել եւ ԱՊՀ տարածքում ցուցադրել նաեւ «Մեր գյուղը» սերիալի հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմը, որը վերանվանվել է «Հարսնացուն հյուսիսից 2»։