Մեդիախոհանոց-29

Մեդիախոհանոց-29

Համացանց



Երբ հեռախոսը, ռադիոն, հեռուստատեսությունը մուտք գործեցին մարդկային կեցություն, ինչպե՞ս վերարտադրվեցին մամուլում: Առաջին տարիներին որքա՞ն ազդեցություն ունեին հասարակական, քաղաքական կյանքի վրա: Այս հարցերի պատասխանները թողնենք վիճակագրությանը կամ համապատասխան մասնագետներին՝ վերադառնալով մեր ժամանակների ահռելի փոփոխությանը՝ սոցիալական կայքերի մուտքին: Դրանք գնալով զանգվածային լրատվամիջոցների, մամուլի համար վերածվում են տեղեկատվական հիմնարար բազաների: Չկա այլեւս մի լրատվական կայք կամ թերթ, որը չօգտվի Ֆեյսբուքի, Թվիթերի եւ այլ սոցկայքերի ծառայությունից, չհղվի դրանց:



Հիմնականում մամուլը հենց սոցկայքերի միջոցով է տարածում իր տեղեկատվությունը եւ առաջնորդվում է ըստ այդ կայքերի ձեւի եւ բովանդակության: Եթե Ֆեյսբուքը երկար, մանրամասն գրելու, գրածն ակտիվ տարածելու հնարավորություն է ընձեռում, ապա Թվիթերը տալիս է միայն մի քանի նիշանոց պատուհան, որտեղ կարելի է տեղադրել նյութի աղբյուրը՝ ինչ-որ համառոտ մեկնաբանությամբ: Լրատվամիջոցների համար Թվիթերը մի տարածություն է, որտեղ առաջին ձեռքից վերցնում են նախագահների, քաղաքական, մշակութային ճանաչված գործիչների գրառումները: Թեպետ Թվիթերն իր հնարավորություններով խիստ տարբերվում է Ֆեյսբուքից, այնուամենայնիվ, մի վայր է, ուր անվանի մարդկանց պաշտոնական հայտարարություններն ավելի կայուն ու հավաստի են թվում: Ինչպես մարդկանց առօրյա խոսքուզրույցում, այնպես էլ օրվա թերթերի, լրատվական կայքերի բառամթերքում, ահա, անընդմեջ շողշողում են «Ֆեյսբուքն» ու «Թվիթերը»: Սա նշանակում է, որ մարդկային կյանքի փորձառության բնույթն իսպառ վերափոխվել է: Հազարավոր մարդիկ, իրենց օրերն անցկացնելով սոցկայքերում, կարելի է ասել, կյանքի փորձառությունը վերապրում են դրանց մեջ՝ հավատալով կամ մասնակից լինելով նոր իրականությանը: Եթե ժամանակին մամուլը տեղեկատվություն ստանալու միակ հնարավորինս ճշգրիտ ու վստահելի միջոցն էր, ապա այսօր մարդիկ հակվել են ավելի շատ հավատալու ու վստահելու սոցիալական կայքերում շրջանառվող ինֆորմացիաներին, քանի որ հիմնականում հենց իրենք են դրանց հեղինակները:



Սոցիալական յուրաքանչյուր շերտից դուրս եկած մարդուն Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս արտահայտվելու, դառնալու տեղեկատվության, հոդվածի հեղինակ, ու բնավ կարեւոր էլ չէ, թե այդ հեղինակը մտավոր ինչ ունակություններով է օժտված, ինչ որակ ունի նրա հեղինակած տեքստը: Եվ, փաստացի, մամուլն այսօր մրցակցության մեջ կարող է պարտվել ոմն ստատուսագրի, ոմն թափթփուկի, որին հաջողվել է իր գրառումներով բանակ հավաքել եւ այդ բանակին թելադրել իր անվերապահ կամքը: Այդ բանակներն օր օրի ավելանում են, արգելապատնեշներ չկան: Նրանք ստեղծում են իրենց ցանկալի տեղեկատվությունը եւ հարկ եղած դեպքում վերացնում այն: Ցավոք, մամուլն ակնհայտորեն զիջում է իր դիրքերը: Եթե թերթերում, լրատվական հետաքրքիր կայքերում մի ժամանակ կարելի էր հանդիպել վերլուծական խորը, համահավաք հոդվածների, ապա այսօր դրանց երեւումները խիստ սակավ են: Սա արդեն ակնհայտ պատերազմ է, որից խուսափելը գրեթե անհնար է:



Արամ ՊԱՉՅԱՆ