Ականջդ կանչի Էդուարդ Շարմազանով

Ականջդ կանչի Էդուարդ Շարմազանով

«Այդ հարցն այսօրվա նիստին չի քննարկվել, այդ հարցը նույնպես չի քննարկվել, նման հարցերը պետք է ուղղել նախագահի աշխատակազմի մամլո խոսնակին, ասացի արդեն, ես կուսակցության մամլո խոսնակը չեմ: Ես չեմ մեկնաբանում այն ամենը, ինչ դուրս է այսօրվա գործադիր մարմնի նիստից».- Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր պաշտոանական հաղորդագրության նախադասությունները սերտած ներկայացավ լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:



Քանի որ այսօր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացակայում էր երկրից, նրա պարտականությունները ստանձնել էր Արմեն Աշոտյանը: «Այս պահի դրությամբ ամբողջ ծավալով ընթանում են կազմակերպչական ՀՀԿ –ի աշխատանքները շտաբի հետ կապված, գիտեք որ նմանատիպ շտաբեր կազմավորել են նաև այլ քաղաքական ուժեր, նաև համագործակցության և հստակեցումների գործընկերային սկզբունքի հստակեցման խնդիր կա այլ քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես «Այո» են քարոզելու, մեր քարոզչությունը լինելու է կառուցողական».- ասաց Արմեն Աշոտյանը: Հարցին, արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է հանրաքվեի քարոզարշավի, Աշոտյանը նշեց թե այդ հարցը չի քննարկվել:



Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատին և դեկտեմբերի 1-ի հեղափոխության մասին խոսակցություններին, ապա Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ հարցը նույնպես չեն քննարկել. «Կուսակցական գործառույթներից դուրս է, բայց «Ոչ»-ի ճակատը ուժեղացնում և լեգիտիմացնում է «Այո»-ն»: