Ինձնից հետո՝ ջրհեղեղ. կառավարության գլխավոր եւ, գուցե՝ միակ սկզբունքը

Ինձնից հետո՝ ջրհեղեղ. կառավարության գլխավոր եւ, գուցե՝ միակ սկզբունքը

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին լրագրողները հարցնում են՝ մտահոգիչ չէ՞ արտաքին պարտքի ավելացումը: Պատասխանում է. «Եթե այսօր վերցնում ենք, օրինակ, 10 տարի ժամկետով, ապա, որպես պարտք, այն հաշվարկվում է 10 տարի հետո»:



Դիտարկմանը, թե ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը գնալով վատանում է, նախարարը պատասխանում է. «Միայն արդյունաբերությունով չէ, ընդհանուր տնտեսության խնդիր է»: Իսկ ընդհանուր տնտեսության մեջ իրոք խնդիր կա: Նախարարը, բնականաբար, գիտի, որ ոտքով-գլխով խրված ենք պարտքային կեղտի մեջ, ու արդարանում է. մեկ է՝ 10 տարի հետո ենք տալու:



Հոկտեմբերի 29-ի նիստին կառավարությունը 3 վարկային համաձայնագրի հավանություն տվեց՝ արտաքին պարտքն ավելացնելով 183 մլն. դոլարով: Հաջորդ՝ նոյեմբերի 5-ի նիստին արդեն 300 մլն. դոլարի պարտք վերցրեց:



Ի դեպ, այս վերջին վարկի իմաստը բոլորովին չկար. այն տրվում է տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված եռամյա բարեփոխումների ծրագրի նպատակով: Հիշում ենք, թե ինչպես միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճը 2015-ի համար 0 տոկոս էին տալիս. վարչապետն ասաց՝ սուտ է, կլինի 4 տոկոս, ու եղավ 4 տոկոս: Եթե դու կարողացար հասնել նման ցուցանիշի, ուրեմն քո տնտեսությունն սկսել է ծաղկել, էլ ինչո՞ւ ես վարկ վերցնում տնտեսության կայունացման համար:



Հայաստանը, մեր հաշվարկով, միայն այս տարի ավելի քան 20 վարկ ու վարկի խոստում է ստացել՝ 2 մլրդ. 150 մլն. դոլար ծավալով: Արդարացումը կա՝ դե 10 տարի հետո պետք է նոր տանք: Ո՞վ է տալու, իսկ 10 տարի հետո որտեղի՞ց Կարեն Ճշմարիտյանին, Գագիկ Խաչատրյանին կամ Հովիկ Աբրահամյանին գտնենք-բերենք ու ասենք՝ վարկիդ տակից դուրս արի: Այսինքն՝ թքած, թե 15 տարի հետո ինչ է լինելու, կարեւորը՝ տվողը մենք չենք:



Դու ի՞նչ իրավունքով ես իմ՝ դեռ չծնված երեխայի վրա մեծ պարտքեր դրել: Ֆինանսների փոխնախարարն ասում է՝ Հայաստանի արտաքին պարտքը հասնում է հինգ միլիարդ վեց հարյուր միլիոն դոլարի, այսինքն՝ ՀՆԱ-ի 50 տոկոսը: Եթե Հայաստանում կա 3 միլիոն բնակչություն (իսկ Հայաստանում հաստատ այդքան մարդ չկա), ուրեմն յուրաքանչյուր քաղաքացի՝ սկսած դեռ չծնվածներից, պարտք է 1900 դոլար: Ու շարունակում են մեծացնել պարտքերը՝ չմոռանալով հայտարարել, որ 2016-ի պետբյուջեում հարյուր միլիոնավոր դոլարների դեֆիցիտ ունենք, որը կփակվի ի հաշիվ արտաքին պարտավորության:



Կառավարությունն այլեւս չի կարող մտահոգվել, որ ՀՆԱ-ի 50 տոկոսն է: Նա այդ շեմն անսահման է սարքել: Հունիսին խորհրդարան մտցրեց ու անմիջապես պատգամավորների թեթեւ ձեռքով վավերացրեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որով կառավարությանը հնարավորություն է տրվում մեծացնել բյուջեի դեֆիցիտը կամ նոր պարտքեր ներգրավել: «Պետական պարտք» բառերը փոխվեցին «կառավարության պարտք» բառերով: Ըստ օրենքի, ՀՀ պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը չի կարող ՀՆԱ 3 տոկոսից ավելի լինել:



Կառավարությունն առանձնացրեց կառավարության պարտքը, ինչը նշանակում է, որ ԿԲ-ի վերցրած պարտքերը չեն մտնելու օրենքով նախատեսված սահմանափակումների մեջ, եւ այդ չափով ավելանալու է կառավարության վերցնելիք պարտքի վերին թույլատրելի շեմը՝ հնարավորություն ստեղծելով բյուջեի ավելի մեծ դեֆիցիտ պլանավորել:



Ենթադրելի էր ի սկզբանե, որ կառավարությունը ցանկանում էր ՀՆԱ-ի 60 տոկոսը գերազանցող պարտքեր վերցնել ու, ինչպես տեսնում ենք, այդպես էլ արեց: Իսկ երբ դու պարտք ես վերցնում, բայց քո տնտեսությունը դոփում է տեղում, դու չես կարողանում զարգացնել ու վերադարձնել, գնում ես առնվազն Հունաստանի ճանապարհով:



Կառավարությունը կարող է վատ աշխատել, ինչպես շատ երկրներում, կարող է աղետալի աշխատել, ինչպես որոշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, բայց դրա համար մշտապես մեղադրել ամենքին, բացի հենց քեզանից, աբսուրդ է: Հայաստանի պարագայում նախ մեղավոր էր ֆինանսատնտեսական ճգնաժամը, հետո՝ ռուբլին: Հիմա էլ կա արդարացում. մեկ է՝ տվողը մենք չենք, սերունդներն են:



Իսկ սերունդներն ի՞նչ մեղավոր են, որ Հայաստանն ընկել է նման պաշտոնյաների ձեռքի տակ…



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ