Թևան Պողոսյանն առաջարկում է փոխել կառավարությանը տրվող հարցերի կարգն ու ժամանակը

Թևան Պողոսյանն առաջարկում է փոխել կառավարությանը տրվող հարցերի կարգն ու ժամանակը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր հանդես եկավ նոր օրենադրևական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հստակեցնել խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրավոր և բանավոր հարցերով կառավարությանը դիմելու կարգը: Նա առաջարկվում է սահմանել, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները կարող են հնչեցնել միայն երկու գրավոր հարց, որից հետո կհնչեն բանավոր հարցերը:



«Գործող կարգով առաջինը բանավոր հարցերով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Նշված կարգով ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները շատ հաճախ չեն կարողանում հասցնել նիստի ընթացքում իրենց հարցը հնչեցնել: Ներկայացված նախագծով առաջարկվում է փոխել այս կարգը: Երկու գրավոր հարցերից հետո առաջինը հնչում են ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների, այնուհետև ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների և դրանից հետո հերթագրված մյուս պատգամավորների հարցերը: Այսպիսով, ներկայացված ընթացակարգի շնորհիվ առավել շատ պատգամավորներ հնարավորություն կստանան կարցեր ուղղել կառավարությանշ»,-ասաց Թևան Պողոսյանը։



Պատգամավորն առաջարկվում է նաև կրճատել կառավարությանն ուղղվող հարցի ներկայացման և դրան տրվելիք պատասխանի, պատասխանի վերաբերյալ պատգամավորի կարծիք արտահայտելու և վերջինիս վերաբերյալ կառավարության անդամի արձագանքի համար օրենքով սահմանված ժամանակը: Ըստ նրա՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվեն ՀՀ կառավարությանը հարցեր տալու համար համեմատաբար հավասար պայմաններ թե՛ ընդդիմադիր, թե՛ ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորների համար:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ