Պատգամավորների «Հրաշալի քառյակն» այլեւս եթերում չէ

Պատգամավորների «Հրաշալի քառյակն» այլեւս եթերում չէ

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հրաշալի քառյակ» հաղորդումն այլեւս չի հեռարձակվում։ Երեք հաղորդումից հետո քաղաքական բնույթի այս շոուն, որը չորս պատգամավորներ էին վարում, դադարեց գոյություն ունենալ։ Սեպտեմբերից այս կողմ այն այլեւս եթերում չէ։ Հաղորդումը վարում էին ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանը, դաշնակցական Արծվիկ Մինասյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ կիսանկախ պատգամավոր, ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցությունից Ալիկ Արզումանյանը։



Լեւոն Մարտիրոսյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց․ «Դադարեցրինք էդ հաղորդումը, ուղղակի մի քանի թողարկում նկարահանեցինք, հետո մտածեցինք, որ միառժամանակ պետք է դադարեցնել, եթե կարիք լինի, նորից կվերսկսենք»։



- Ո՞վ որոշեց դադարեցնել, եւ ինչո՞վ էր պայմանավորված։



- Մենք։ Ոչնչով, ուղղակի զբաղվածությունը, եւ ավելի պրոֆեսիոնալ ձեւով հարցին մոտենալու խնդիր էր, որ մենք, այնուամենայնիվ, հեռուստատեսային հաղորդավարներ չենք, մենք համարեցինք, որ մի որոշ ժամանակ կարելի է դադար տալ, եթե դրա անհրաժեշտությունը նորից լինի, նման ձեւաչափով նորից կնկարենք։



- Այդ կարճ ընթացքում բացասական արձագանքներ, գնահատականներ եղա՞ն, ինչպես Աշոտյանի հաղորդման դեպքում էր, որ մինչ այժմ քննադատում են։



- Բացասական արձագանք չի եղել, բայց գնահատականները պետք է հեռուստադիտողը տա, որին համենայնդեպս ես անձամբ չեմ հետեւել։



- Ի դեպ, հնարավո՞ր է ձեր այդ հաղորդման տեղը դաշտում հենց Աշոտյանի հաղորդմամբ լրացվի։



- Ես Աշոտյանի հաղորդումը դեռեւս առիթ չեմ ունեցել դիտելու, ձեւաչափն էլ չգիտեմ, բայց մեկը մյուսին բացարձակապես չի խանգարում։ Եթե Հ1 հեռուստաընկերությունը նպատակահարմար է գտել այդ ձեւաչափով հաղորդում կազմակերպել եւ կրթության նախարարին ընդգրկել, ուրեմն մի բան հաշվարկել են։ Եվ հեռուստադիտողն ինքը նույնպես պետք է որոշի՝ ինչ է ուզում դիտել։



- Ընդհանրապես, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան, որ քաղաքական գործիչը, լինելով ոչ պրոֆեսիոնալ այդ ասպարեզում, որոշում է հեռուստահաղորդավարությամբ զբաղվել։



- Դե, նման փորձ կա աշխարհում, էնպես չի, որ մենք հեծանիվ ենք հորինել, բայց, էլի եմ ասում, դա հեռուստադիտողը պետք է որոշի։ Այսինքն՝ հեռուստատեսությունում ցանկացած ծրագիր պետք է ռեյտինգ ունենա հեռուստադիտողի կողմից։



- Այսինքն՝ ինքնաքննադատությա՞ն արդյունք էր, որ որոշեցիք հրաժարվել այդ ծրագրից։



- Չէ, չէ, ուղղակի ժամանակի առումով, քանի որ մենք չորս հոգի էինք, միշտ չէր ստացվում նույն ժամին նույն տեղում հայտնվել, դա ենթադրում եմ, որ ամեն շաբաթ մենք պետք է դրան բավականին մեծ ժամանակ հատկացնեինք, նախնական աշխատանք կատարեինք եւ այլն, եւ մենք հասկացանք, որ էս պահին դրա ո՛չ առավել անհրաժեշտությունը կա, ո՛չ էլ խնդիր կլինի, եթե մենք առժամանակ դադարեցնենք ծրագիրը։



- Պարզապես Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ կարծես թե նաեւ պրոֆեսիոնալիզմի խնդիր կար, որ որոշեցիք հրաժարվել։



- Պրոֆեսիոնալիզմ էն առումով, որ մենք պետք է դրա համար ժամանակ հատկացնեինք, այսինքն՝ աշխատանքի պետք է գնայինք, ամեն շաբաթ մեկ-երկու օր դրան տրամադրեինք, իսկ մենք դրա ո՛չ ժամանակը ունեինք, ո՛չ էլ․․․ պրոֆեսիոնալիզմ էն առումով, որ մեր կրթությունը եւ փորձը հեռուստատեսային աշխատանքի հետ էդքան էլ կապ չունի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ