Ձախողումների շղթա

Ձախողումների շղթա

Հայկական դիվանագիտությունը պարտություն պարտության ետեւից է կրում․ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության եւ մարդկային զարգացման հանձնաժողովում երեկ ընդունվել է Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը, որով ամրագրվում է ԼՂՀ-ին սահմանակից ադրբեջանաբնակ գյուղերի՝ ջրամբարից ջուր ստանալու իրավունքը, որը հայկական կողմը ոտնահարում է։ Որքան էլ մերոնք բղավեն, որ զեկույցը կազմող Միլիցա Մարկովիչն անաչառ չէր կարող լինել, քանի որ չի եղել Ղարաբաղում, փաստ է, որ նրա այցը Ղարաբաղ հենց հայկական կողմն է ամիսներ շարունակ խոչընդոտել։ Եվ Ուոլթերի, եւ Մարկովիչի պարագայում չգիտես որ տհաս ուղեղը կարծել է, որ եթե արգելեն Ղարաբաղ մտնելը, դա կխանգարի զեկույցի կազմմանն ու ընդունմանը։



Սա մի բան է նշանակում, որ հայոց դիվանագիտական միտքը կաղում է։ Եվ ոչ միայն միտքը։ Հայաստան փոքրիկ պետության համար անասելի մեծ թվով դեսպանություններ ունենալու հանգամանքը մի բանով կարող էր արդարացված լինել՝ արցախյան հարցում հզոր լոբբինգ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Սակայն երկու հակահայկական զեկույցների ընդունումը վկայում է այն մասին, որ դրսում գտնվող մեր դեսպանությունները միայն մի խումբ մարդկանց արտերկրյա բարեկեցիկ կյանքն ապահովելուն են ուղղված։ Ավելին՝ նրանցից ոմանք պարբերաբար հայտնվում են խայտառակ սկանդալների կիզակետում, ինչպես օրերս հայտնվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը որոշել էր բնակվել Յանուկովիչի ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկի 2,5 մլն․ դոլար արժողությամբ դղյակում՝ դրան անձեռնմխելի կարգավիճակ ապահովելով։ Նման բացահայտումները պետք է շոշափելի արդյունք ունենային՝ դեսպանի, ԱԳ նախարարի հրաժարականների տեսքով։ Աշխարհում այդպես է։ Հայաստանում՝ ճիշտ հակառակը։