ՀՀԿ-ն ու չինական Կոմկուսը «արժեքային հենքով ընդհանրություններ ունեն»

ՀՀԿ-ն ու չինական Կոմկուսը «արժեքային հենքով ընդհանրություններ ունեն»

ՀՀԿ-ական երկու կանայք երկու ՀՀԿ-ական տղամարդկանց հետ արդեն վերադարձել են Չինաստան կատարած երկարատեւ ճամփորդությունից։ Մամուլում գրվել էր, որ այս գործուղման հողի վրա կրկին ՀՀԿ կանանց թեժ մրցակցություն է ծավալվել։ Մեկնողներից Ռուզաննա Մուրադյանը, սակայն, խիստ դեմ է այս մոտեցմանը։ Նա երեկ մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ դա ոչ թե ճամփորդություն էր կամ ճանաչողական վոյաժ, այլ «շատ կարեւոր եւ արդյունավետ աշխատանքային այց», որը, ինչպես պարզվեց, բյուջեի հաշվին չէր․ չինական կողմն էր հրավիրել։ Ի դեպ, հրավերը զուտ կուսակցական բնույթի էր, ՀՀԿ-ին հրավիրել էր ՉԺՀ Կոմունիստական կուսակցությունը, գնալ-գալու եւ 8 օր այնտեղ մնալու ծախսերն էլ հոգացել են չինացի կոմունիստները։ Տիկին Մուրադյանը երեկ մեծ ոգեւորությամբ էր պատմում իրենց այցի մասին։ Իսկ մեկնածները չորսն էին՝ Ռուզաննա Մուրադյանը, ՀՀԿ-ի կանանց խորհրդի գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավարը, Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին՝ Կարինե Պողոսյանը, մեծամասնականով ընտրված թալինցի պատգամավոր Մնացական Մնացականյանն ու սյունեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու ուսուցիչը։ ՀՀԿ-ականներից բացի, եղել են նաեւ արտախորհրդարանական ՀՀԿ-ականներ, օրինակ՝ Մուշեղ Լալայանը՝ ՀՀԿ քարոզչության պատասխանատուն, որը պատվիրակության ղեկավարն է եղել։ Նրանց հետ է եղել նաեւ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ 



- Տիկին Մուրադյան, ի՞նչ էիք անում Չինաստանում, ինչի՞ համար էիք մեկնել։



- Հանդիպում Կոմունիստական կուսակցության հետ։ Սա կուսակցական այց էր, ոչ թե պառլամենտական այց։ ՀՀԿ-ն եւ Կոմկուսն իրար հետ համագործակցության շատ ծրագրեր ունեն, եւ սա առաջին հանդիպումը չէր։ Երկու տարի առաջ էլ պարոն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այնտեղ իր առաջին այցով հանդես եկավ։ Մենք առաջինն այցելեցինք Չինաստանի Գոնժուի նահանգ, մեզ տարան այդ մարզի գյուղեր՝ այցելության, որտեղ տեսանք, թե ինչպես են աշխատում կուսակցական բջիջները, հանդիպեցինք այդ բջիջների ղեկավարների հետ, տեսանք, թե ինչպես են կազմակերպում կուսակցական աշխատանքները, հետո հանդիպեցինք կուսակցական ղեկավարության հետ, եղանք շատ գաղափարական գիտական կենտրոններում․․․



- Իսկ ի՞նչ ընդհանրություն ունի ՀՀԿ-ն Չինաստանի Կոմկուսի հետ։



- Էդպես միանգամից քեզ ասել չեմ կարող, բայց ընդհանրությունն այն է, որ մենք արժեքային հենքով ընդհանրություններ ունենք՝ ընտանիքի նկատմամբ այդ արժեքը եւ այլն․․․



- Իսկ ինչո՞ւ հենց դուք գնացիք՝ չորսով, քանզի այդքան գրվեց, թե կանանց մեջ մրցակցություն կար, թե ով պետք է մեկնի, բայց կանանցից մեկնեցիք հենց Դուք եւ Կարինե Պողոսյանը։



- Որովհետեւ ես կանանց խորհրդի գաղափարախոսական հանձնախմբի ղեկավարն եմ, իսկ Կարինե Պողոսյանը կուսակցության միակ տարածքային կառույցի ղեկավարն է, Արարատի մարզի տարածքային կառույցի ղեկավարը։



- Մի խոսքով՝ լիդերներով էիք մեկնել։



- Արի կլինի ըտենց աստառներ մի տուր։ Մեր կուսակցությունը, ի դեպ ասեմ, շատ լիդերներ ունի։ Մենք կլինեինք էս պահին, թե հետո ուրիշ երկուսը կլինեն, բոլորն էլ լիդեր են։



- Ըստ Ձեզ՝ չկա՞ մրցակցություն ձեր կուսակցության անդամների, հատկապես կանանց միջեւ։ Խոսակցություններ կան, որ կա խանդ, նախանձ, պայքար իրար դեմ, թե ով պետք է գնա վոյաժների, ճամփորդության։



- Ապրես, ճիշտ ես ասում, որ էդ խոսակցությունները կան, եւ շատ վատ է մեզ համար, որ դրանք կան․․․ դե, չգիտեմ ինչ բնութագրեմ նրանց, բայց ես անգամ չեմ ասում մրցակցություն, ասում եմ համագործակցություն, որովհետեւ ցանկացած մրցակցություն իր մեջ ունի նաեւ համագործակցություն։



- Լավ, իսկ ի՞նչ արդյունքներով վերադարձաք։



- Արդյունքներ կան, համագործակցության հուշագիր կստորագրենք շուտով, որի կետերն արդեն նախապես մշակած՝ մենք մեզ հետ տարել էինք։ Կանանց համաչինական ֆեդերացիայի հետ ՀՀԿ կանանց խորհուրդը կկնքի համագործակցության հուշագիր, մեր գաղափարաքարոզչական հանձնախումբը եղավ այնտեղ տարբեր գիտական կենտրոններում, եւ մի անալիտիկ կենտրոնի հետ դարձյալ կունենանք համագործակցություն։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ արդյունավետ էր շատ, որովհետեւ էդպիսին էր նաեւ գնահատականն իրենց կողմի։ Իրենք մեզանից շատ բան վերցրեցին այն առումով, որ առաջին իսկ օրը հրավեր ստացանք, եւ մեր պատվիրակության ղեկավար Մուշեղ Լալայանը Պեկինում դասախոսություն կարդաց ազգային գաղափարախոսության մասին, մեր արժեքների մասին, որին մասնակցում էին 13 պրոֆեսորներ, տարբեր գիտնականներ։



- Այդ ընթացքում Դուք «այո»-ի քարոզչությանը չմասնակցեցիք, դրա տեղն ինչպե՞ս եք լրացնելու։



- Քարոզչությանը ես մասնակցեցի, ինչ-որ հատուկ սահման նշած չէր։ Մենք կուսակցությունում արդեն իսկ մշակել էինք՝ ինչպես իրականացնել քարոզարշավի ծրագիրը, պատրաստում ենք մեր տարածքային կառույցների կանանց, 10 օր շարունակ ունեցել ենք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ սեմինարներ, որից հետո ես իմ աշխատանքն այդքան մասով արել եմ, եւ հենց հիմա ինքս էլ մասնակցում եմ, երեկ գնացինք Գյումրի․․․



- Իսկ հասցրի՞ք Չինաստանում հանգստանալ, բացահայտել այդ երկիրը։



- Չէ, չհասցրեցինք, դրան չգիտեմ ով ոնց կվերաբերվի, բայց ես ամենայն անկեղծությամբ եմ վերաբերվում, չհասցրեցինք․․․ Հիմա տեսեք ինչ արեցինք, բացի այն, որ եղանք էնտեղ, նաեւ իրենց ծրագրի մեջ կար՝ ներկայացնել իրենց տարբեր մշակութային հաստատությունները։ Իրենք տարան, ներկայացրեցին, իհարկե, դա շատ կարեւոր էր մեզ համար, որովհետեւ իրենք էլ էին ուզում մենք տեսնենք Չինաստանն էդքան զարգացած։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ