ՀՅԴ-ին աթոռները չեն հետաքրքրում

ՀՅԴ-ին աթոռները չեն հետաքրքրում

«Այո»-ի եւ «ոչ»-ի ռեալիթի շոուի կազմում ընդգրկված դաշնակցական Արթուր Եղիազարյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն թույլ չի տալու, որ իշխանությունները կեղծեն ընտրությունները: 



- Պարոն Եղիազարյան, բավական ժամանակ է՝ ռեալիթի շոուի շրջանակներում մարդկանց եք հանդիպում, «այո» եք քարոզում։ Ի՞նչ տրամադրություններ կան մարզերում:



- Ժողովրդի վերաբերմունքը միանշանակ չէ: Ժողովրդի մեծ մասն անտարբեր է, եւ կա հիասթափություն առհասարակ Հայաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ, որից էլ ձեւավորվում է վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումների մասին: Բայց սա էլ միանշանակ չէ: Մարդիկ կան՝ ուզում են փոփոխություններ, մեծամասնությունն ընդհանրապես փոփոխություն է ուզում, որ վիճակն այսպես չմնա, բան փոխվի, կա հավատի կորուստ, ու չեն հավատում, որ իսկապես կարող է բան փոխվել:



- Ձեր այցելություններն ազդեցություն ունենո՞ւմ են մարդկանց վրա, ինչպե՞ս եք նրանց դուրս բերում անորոշությունից:



- Միանշանակ ազդում են, երբ մարդկանց հետ զրուցում ես, բացատրում: Ես չեմ կարող բոլորին հավատ ներշնչել, որովհետեւ հավատ ներշնչելու համար պետք է իշխանությունների կամքը վերջնական արտահայտվի՝ այս ամենը կյանքի կոչելու, բայց երբ մարդկանց պարզ բացատրում ես, ասում՝ կա մեկ փոփոխությունների առաջարկ-փաթեթ, եւ կա դրա բացակայությունը, ընտրությունը սրա միջեւ է՝ կամ չենք ընդունում այն, կամ թողնում ենք նույնը: Հիմա արդեն որոշումը քաղաքացիներինն է, ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, սպասենք՝ դեկտեմբերի 6-ին իրենց կամքը կարտահայտեն:



- Իսկ ի՞նչ են տալու այդ փոփոխությունները շարքային քաղաքացիներին:



- Սկսած քաղաքական ձեւի փոփոխությունից՝ այս փոփոխությունները կբերեն երկրում ընդհանուր սոցիալ-տնտեսականի: Երբ քաղաքական ուժերը կսկսեն ընտրվել ծրագրերով, որտեղ քաղաքական ուժերի իշխանության գալը պայմանավորված կլինի ժողովրդի ձայնով․․․ սահմանադրական փոփոխությունը նաեւ ժողովուրդ-իշխանություն խզումն է լուծում, եթե չասենք՝ վերանում, գոնե մեղմվում է:



- Ընտրություններ անցկացնողներն իշխանություններն են, կարելի է ակնկալել, որ հանրաքվեն նորմա՞լ կանցկացնի:



- Ոչ, միանշանակ, դրա համար էլ մենք կողմնակից ենք, որ սահմանադրական բարեփոխումներն անցնեն մաքուր: Ճիշտ է՝ մենք «այո»-ի կողմնակիցներ ենք, բայց ասում ենք, որ ժողովրդի կամքի իրական արտահայտում լինի: Եթե մենք լավ բանն անում ենք վատ ձեւով, ապա դա էլ հավատ չի ներշնչելու, որ այդ ամեն ինչը կյանքի կկոչվի: Մենք 2016 թվականին Ընտրական օրենսգրքի փոփոխություն ենք անելու. լավ կլիներ, իհարկե, որ մինչեւ հանրաքվեն դա արվեր, քաղաքական ուժերի կոնսենսուսով միասնական օրենսգիրք ձեւավորվեր, բայց սա է իրականությունը: Հետեւաբար, քաղաքական բոլոր ուժերն իրենց ռեսուրսները համախմբելով, հսկողություն իրականացնեն տեղամասերում, որպեսզի ընտրություններն անցնեն արդար: Ես, որպես ՀՅԴ անդամ, ամեն ինչ անելու եմ ինձ վստահված տեղամասում, որպեսզի ընտրություններն արդար անցնեն:



- Շատերը կասկածում են Դաշնակցության անաչառությանը, որովհետեւ այս դեպքում իշխանության հետ համակարծիք եք:



- Մենք անաչառ վերահսկելու ենք, Դաշնակցության գերագույն մարմնից արդեն հայտարարել են՝ միասնական վերահսկել հանրաքվեի գործընթացը:



- Պարոն Եղիազարյան, ՀՅԴ-ն պատասխանատվություն է կիսում իշխանության հետ…



- Մենք պատասխանատվություն չենք կիսում: Երկրի կառավարման մոդելի մեր հիմնական մոտեցումները ներառվեցին բարեփոխված այս տարբերակում, հետեւաբար, մենք այս բարեփոխումները նաեւ մերն ենք դիտարկում: Ես չեմ կարող ասել, թե իշխանության դրդապատճառներն ինչն են, մենք ունենք մեր մոտեցումները, մեր սկզբունքները, մենք կարծում ենք, որ երկրում համակարգային փոփոխությունից հետո իրավիճակային փոփոխություն կլինի: Մենք պաշտպանում ենք նախագիծը, ոչ թե իշխանություններին:



- «Ոչ»-ի ճակատի ուժերը կարեւորում են իշխանության դրդապատճառները, թե ինչու են նախաձեռնել այս փոփոխությունները, մինչդեռ ժամանակին մերժում էին խորհրդարանական համակարգը:



- «Ոչ»-ի ճակատն էլ միասնական չէ: Քաղաքական ուժերի մի մասի համար սա ընդամենը միջոց է, որովհետեւ սկզբունքային ոչ մի բան չունեն ասելու, եւ միջոց է պատրաստվելու 2017-ի ընտրություններին, ու այսպես ֆուտուրիստական մոտեցումներ են ցուցաբերում։



Մի մասն էլ նախկին իշխանություններ են, որոնք ուզում են պահպանել գործող համակարգը՝ հույս փայփայելով, որ մի օր կարող են վերադառնալ իշխանության: Բայց կյանքը ցույց է տվել, որ սա այնքան կուռ համակարգ է, որ դրսից իշխանափոխություն չի լինում:



- Դաշնակցության մասին էլ ասում են՝ ոչ ընդգծված լիդեր ունեն, եղած վարկանիշն էլ այնքան են կորցրել, որ հաջորդ ընտրություններին նվազագույն շեմ չեն կարող հաղթահարել, լավագույն տարբերակն իշխանությանը կպչելն է:



- Դե, ամեն մեկն ինչ ասես կարող է ասել, հո չե՞նք նստելու իրենց ասածները… Տեսեք՝ Դաշնակցությունն ի սկզբանե կողմնակից է եղել խորհրդարանական տիպի կառավարման համակարգին, 25 տարի անշեղ տարել ենք այս գիծը, եւ մեզ ոչ մեկը չի կարող մեղադրել մեր տեսակետը փոխելու մեջ: Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերը, խնդրեմ, բացեք նայեք՝ մեծ մասի մոտ գրված է խորհրդարանական տիպի կառավարում, հիմա այսօր որ «ոչ»-ի ճակատում են, շատ անհասկանալի է, կամ թող իրենց ծրագրերը փոխեն, կամ կողմնորոշվեն, ես չեմ կարող վստահել այն քաղաքական ուժին, որ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ մեկ այլ բան անում:



- Իսկ դուք վստա՞հ եք, որ այս փոփոխությունները չեն արվում նախեւառաջ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար:



- Գործող Սահմանադրությունը շատ ավելի բարենպաստ է դրա համար, քան փոփոխվողը: Տեսեք, եթե համակարգը մնում է նույնը, ՀՀԿ-ն, ինչպես 2012-ին, իր մեծամասնականներով մեծամասնություն կձեւավորի, որից հետո, երբ 2018-ին լրանա նախագահի պաշտոնավարման ժամկետը, մի մեծամասնական ընտրությամբ նրան բերել խորհրդարան, որտեղից էլ կարող է դառնալ թե ԱԺ նախագահ, թե վարչապետ:



- Բայց ոչ նախագահ, որը գործող Սահմանադրությամբ ամենաբարձր պաշտոնն է:



- Գիտեք, մեր համար անձը չէ էական, Սերժ Սարգսյանը չէ, մեկ ուրիշն է: Մեր ժողովուրդը բոլոր նախագահներից էլ դժգոհել է, խնդիրը մեխանիզմներն են, պետք է դա փոխվի:



- Բայց բոլորն են հասկանում, որ ցանկացած մեխանիզմ աշխատեցնում են անձերը:



- Խնդիրն էլ դա է, որ «բարի ցարի» տրամաբանությամբ են գործում: Եթե մեքենան փչացած է լինում, կապ չունի, թե վարորդներն ովքեր են, ով էլ լինի, մեքենան չի գնա, եթե նրա շարժիչը չի աշխատում: Այս բարեփոխումները պետական մեքենայի շարժիչը փոխելու համար են:



- Իսկ չե՞ք վախենում, որ լծվելով այս քարոզին՝ վերջնականապես կկորցնեք ձեր վարկանիշը:



- Եթե քաղաքական պայքարի մեջ ես, պիտի ոչնչից էլ չվախենաս: Մենք ասում ենք, որ անգամ եթե հաջորդ՝ խորհրդարանային տիպի Հայաստանում եթե ՀՅԴ-ն անգամ չանցնի, միեւնույն է՝ սա ճիշտ ուղին է:



- Մի մտահոգվեք՝ ձեզ հետ կոալիցիա են պատրաստվում կազմել:



- Դաշնակցությունից առաջ թող ոչ մեկ չընկնի: Սկսենք նրանից, որ ցանկացած քաղաքական ուժի համար նորմալ է, երբ որ ինքն իշխանության է ձգտում, եթե չի ձգտում, կարող է կարգավիճակ փոխել՝ դառնալ հասարակական կազմակերպություն: Դուք տեսել եք, որ մենք մեկ օրում դուրս ենք եկել իշխանությունից, մեզ աթոռները չեն հետաքրքրում, այլ մեր սկզբունքների ամրագրումը եւ դրանք կյանքի կոչելը: Իշխանության գալն էլ պայմանավորված է միայն այս գործոնով: