Ցավոք սրտի, էսօր բոլորը հաշվարկ են անում

Ցավոք սրտի, էսօր բոլորը հաշվարկ են անում

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը, համեմատելով մեր հանրության հոգեվիճակը 2008-2011 թթ., հետո 2013-2014 թթ. «բուրժուադեմոկրատական» պրոցեսից հետո, երեկվա հանրահավաքն իր «բազմամարդությամբ» գնահատում է գերազանց։



Իսկ ինքը հիասթափություն նկատե՞լ է ժողովրդի շրջանում, կա՞ նման բան։ «Ոչ թե հիասթափություն, ընդհակառակը, ժողովուրդն սպասում է, ուղղակի շատին սպասելուց ստացվում է ավելի քիչ։ Կարծում եմ՝ մի օրում էսկալացիա չի լինի, երկրորդ-երրորդ օրն արդեն պրոցեսը կգնա»,- ասաց պարոն Մակեյանը։ Ապա համեմատություն անցկացրեց սելավի հետ՝ նշելով, որ ոստիկանությունը, որը, ըստ նրա, այսօր գտնվում է օրենքից դուրս դաշտում, հասարակության ճնշման ներքո դուրս կգա ապօրինի դաշտից եւ աստիճանաբար կմտնի օրենքի դաշտ։ «Սելավը գիտե՞ք ինչ է, երբ որ ջրամբարի դամբան քանդվում է, սելավ է առաջանում, այ, դրանից վախենալով, իրենք հետ կքաշվեն»,-ասաց նա։ Հանրահավաքի կազմակերպիչները, սակայն, իրենց առջեւ ժամկետ են դրել, որ մինչեւ ամսի 6-ը պիտի կասեցնեն կամ չեղարկեն սահմանադրական հանրաքվեն, արդյոք կկարողանա՞ն այս 4 օրվա ընթացքում հասնել դրան։



«Մենք ժամկետ չենք դրել, Ժիրայրը լավ ասաց՝ իրականում կասեցված է, Սահմանադրության մասին այսօր ոչ ոք չի խոսում։ Իսկ դե ֆակտո, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար դա լավագույն լուծումն է։ Իհարկե, մի քիչ ինքը կկոմպլեքսավորվի, բայց Սերժի եւ երկրի համար էս փուլում դա լավագույն տարբերակն է»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է գա, շատանա հրապարակում, որպեսզի բախում չլինի։



- Պարո՛ն Մակեյան, ժողովուրդը եկավ, խոսեցիք բախումից, հաջորդ քայլը ո՞րն է լինելու, որ իշխանությունը տեղի տա՝ զիջի դիրքերը։



- Հաջորդ քայլը, երբ որ արդեն ոստիկանությունը, այսինքն՝ իրենց քամակը պահող էդ ուժը չգործեց, իրենք փախնելու են։



- Իսկ եթե գործե՞ց։



- Չի գործի։



- Վստա՞հ եք, որ ոստիկանությունը չի գործի։



- Ես նորից եմ ասում՝ էն մասսան, եթե եղավ... երեկ նույնիսկ իրենք վերջին պահին Մաշտոցի պողոտայի վրա արդեն հետ քաշվեցին, որովհետեւ տեսան, որ արդեն սահմանը ժողովուրդն անցնում է։



- Վերջին տարիներին, հատկապես վերջին 2-3 տարիներին, այս հրապարակում բազմաթիվ ցույցեր են եղել՝ շատ ավելի բազմամարդ, քան դեկտեմբերի 1-ի հանրահավաքն էր, եւ, ըստ էության, ոչինչ չի փոխվել, օրեր շարունակ հացադուլ ու նստացույց են արել, սակայն իշխանությունը որեւէ հարցում իր դիրքերը չի զիջել։



- Վերջին 2-3 տարիներին եղել են սցենարներ, որոնք ուղղորդվել են իշխանության կողմից։ Հիմա ԲՀԿ-ի լիդերի էդ ամբողջ գործընթացը ՀԱԿ-ի հետ, չերեւա՞ց, որ իշխանությունը ԲՀԿ-ի...



- Իսկ «Ժառանգությո՞ւնը», որի առաջնորդը բազմիցս հանրահավաքներ է անցկացրել, նստացույց եւ հացադուլ, դրանք նո՞ւյնպես ուղղորդված են եղել իշխանությունների կողմից։



- Իհարկե ոչ, դա ուրիշ բան էր։ Անսպասելի ժողովրդի նորից ցասումը, որ, չտեսնելով ընդդիմության միավորումը, նա գնաց իր քվեն տվեց Րաֆֆուն։ Դա անսպասելի էր բոլորի համար։



- Հարցիս իմաստն այն է, որ բազմաթիվ հզոր հանրահավաքներ են եղել, ավելի հզոր, քան այս հանրահավաքն էր, սակայն սայլը տեղից չի շարժվել։



- Դա կախված է ընդդիմության քաղաքական կամքի կա՛մ բացակայությունից, կա՛մ երերալուց։



- Ընդդիմությունը, սակայն, միասնական չէ այստեղ, շատ փոքր ուժերով եք։



- Ո՞վ է ասում, մեր միասնությունը կերեւա, երբ որ հրապարակը լցվի։ Վստահ եղեք, որ ընդդիմությունը ամբողջն էստեղ կլինի։



- Ո՞ւր է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր են ՀԱԿ-ի անդամները, ՀԱԿ-ի մի մասն է միայն՝ շատ փոքր ներկայացվածությամբ, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը։



- Դե, կարծում եմ, նրանք մտածում են, սպասում են... ոնց որ իշխանություններն են սպասում, թե տեսնեն ինչ կլինի, ինչ մասսա կգա, նույնն էլ՝ ընդդիմությունը։ Ցավոք սրտի, էսօր բոլորը հաշվարկ են անում։



- Դուք հաշվարկե՞լ եք ժողովրդի տրամադրությունները, արդյոք հիասթափության նոր ալիք չի՞ բարձրանա, թե՞ վստահ եք, որ կգա ժողովուրդը ձեր հետեւից։



- Դե, որպեսզի հիասթափության ոչ մի ալիք չբարձրանա, ոչինչ չանենք, գնանք նստենք տանը, թող սրանք դհոլ-զուռնայով ընտրություններն անցկացնեն, հանրաքվեն անցկացնեն, ու ոչ ժողովուրդը կհիասթափվի, ոչ էլ որեւէ մեկը պրոբլեմ կունենա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ