Կորուստները սառը պատերազմում եւ Ցեղասպանության հարցը

Կորուստները սառը պատերազմում եւ Ցեղասպանության հարցը

Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ն ընտրակեղծիքների եւ բռնությունների միջոցով Արեւելյան Եվրոպայի երկրներում հաստատեց կոմունիստական բռնապետություններ: Դրան ի պատասխան, արեւմտյան երկրները միավորեցին ուժերը՝ քաղաքակրթությունը կոմունիստական վարակից պաշտպանելու համար: Այդպես սկսվեց համաշխարհային մի հակամարտություն, որը կոչվեց սառը պատերազմ:



1949թ. հունիսի 14-ի առավոտյան հայ ժողովրդի մի մասը զանգվածաբար աքսորվեց Ալթայի երկրամաս: Աքսորվեցին ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից հայրենիք վերադարձածները, մտավորականները, հոգեւորականները, նախկին ռազմագերիները եւ այլն (ՀԽՍՀ ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ հունիսի 14-ին, ժամը 4-7-ն աքսորվել է 13 հազար 272 մարդ): Այդպիսով մեկուսացրել ու ոչնչացրել են բոլոր այն մարդկանց, որոնք տեսականորեն կարող էին չպաշտպանել ԽՍՀՄ շահերը, եթե սառը պատերազմը թեժանար: Կարծիք կա, թե Ստալինը վախեցել է եւ գերագնահատել սառը պատերազմի ռիսկերը: Սակայն այս կարծիքը մերկապարանոց է, հիմնված է ասեկոսեի վրա եւ ապացույց չունի: Հակառակը, սառը պատերազմի կողմերն այդ ժամանակ արդեն դիրքավորման եւ սպառազինության լուրջ մրցավազքի մեջ էին, ԽՍՀՄ-ն ստեղծել էր միջուկային ռումբ ու լրջորեն տրամադրված էր պատերազմի: Այսինքն՝ ԽՍՀՄ-ը ժողովուրդների զանգվածային բռնագաղթը սառը հաշվարկով կազմակերպել եւ իրագործել է պաշտպանական նկատառումներով:



Սառը պատերազմում աշխարհը բաժանվում էր ազդեցության գոտիների, որոնց համար պատերազմներ էին մղվում: Թեեւ այդ պատերազմների իրական տերերը ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն էին, սակայն ավերվում եւ տուժում էին այլ ժողովուրդներ ու երկրներ (Կորեա, Վիետնամ, Եգիպտոս, Աֆղանստան եւ այլն): Սառը պատերազմի թեժ ճակատ կարող էր բացվել նաեւ ԽՍՀՄ-Թուրքիա սահմանին, երբ Թուրքիան 1955-ին միացավ ՆԱՏՕ-ին: Թուրքիայում ամերիկյան ռազմակայան տեղակայելու որոշմանն ի պատասխան, ԽՍՀՄ-ը վերանայեց Թուրքիայի նկատմամբ բարեկամական վերաբերմունքը: Եվ Հայաստանում, որտեղ Թուրքիայի դեմ խոսելու համար պատիժ էր սահմանված (օրինակ՝ Երվանդ Քոչարը 1939թ. 2 ամսով ազատազրկվել է «Սասունցի Դավթի արձանի թուրը եղբայր Թուրքիայի դեմ ուղղելու» մեղադրանքով), կոմունիստական վարչակարգը հանկարծ որոշում է հիշեցնել Անդրանիկի հերոսությունների մասին (մինչ այդ Անդրանիկի անունը տալու համար գնդակահարում կամ աքսորում էին), ինչպես նաեւ որոշում է կառուցել Մեծ եղեռնի հուշարձան, պատվիրում է եղեռնի մասին գրական եւ գիտական աշխատանքներ: Մոսկվան դա անում էր՝ հաշվի առնելով սառը պատերազմի հնարավոր զարգացումները թուրքական սահմանի ուղղությամբ, երբ բացառված չէ, որ իրեն դարձյալ պետք լինեին հայ ժողովրդի ամենաակտիվ մասնակցությունն ու զոհաբերումը:



Եթե այսօր չենք կամենում, որ նույնությամբ կրկնվի հարյուրամյա վաղեմության ճակատագրական ողբերգությունը, ապա հիշելու եւ երբեւէ պահանջելու համար հարկավոր է բարձրաձայն կրկնել, որ բացառապես կոմունիստական կայսրության շահերին ծառայեցնելու համար էր Մոսկվան ոգեւորում հայերիս, թույլատրում վեր հանել Մեծ եղեռնի, Թուրքիայի հակահայ գործողությունների եւ մեր հերոսական դիմադրության թեմաները: Հետո այն, ինչպես միշտ, կհանվեր վաճառքի՝ Թուրքիայի հետ բանակցելիս. այդ մասին ապշեցուցիչ թափանցիկությամբ օրերս կրկնեց ՌԴ նախագահը, երբ ի լուր աշխարհի հայտարարեց, թե իրենք պատրաստ էին Թուրքիայի հետ համաձայնության գալ Թուրքիայի համար նույնիսկ ամենազգայուն հարցերի շուրջ: Իսկ ժամանակակից Թուրքիայի համար ամենազգայուն հարցերը քրդական եւ հայկական հարցերն են: Փառք Աստծո, դա հանճարեղ մի պլանով ժամանակավորապես ձախողվեց, եթե միայն հայերս անհիմն չոգեւորվենք եւ մեր կենսական շահերը, որպես մանրադրամ, հերթական անգամ չզիջենք արջերին:



Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ



Պահպանողական կուսակցության գործադիր քարտուղար