Ալեքսանյանն առանց մանդատի էլ վատ չի նայվի

Ալեքսանյանն առանց մանդատի էլ վատ չի նայվի

ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից: Գումարը մարելուց հետո նոր միայն քաղաքացին կարող է հետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը: Այս տեղեկությունը ոչ միանշանակ ընկալում ունեցավ հասարակության մեջ: Բնականաբար, եղան մարդիկ, ովքեր քննադատեցին գործարարին, եղան անտարբերներ, բայց եւ քիչ չեն այնպիսիք, որոնց համար ուղղակի փրկօղակ էր սա, որովհետեւ կամ աշխատավարձերի ուշացման, կամ պարզապես անփողության արդյունքում չգիտեին ինչ անել, ինչպես մի երկու բան դնել սեղանին՝ այս Նոր տարվա օրը մյուս օրերից փոքր-ինչ առանձնացնելու համար: 



Մինչդեռ փաստաբանները եւ օրենքի հետ գործ ունեցող մյուս մարդիկ միակողմանիորեն մատնանշում են, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը գրավ վերցնելը վարչական իրավախախտում է, պատժելի արարք:



Եկեք, ուրեմն, հասկանանք, թե ինչու է գործարար-պատգամավորն օրը ցերեկով պատժելի արարք կատարում:



Խնդիրն անձնագի՞րն է: Չի՞ կարելի այն գրավադրել կամ իբրեւ գրավ վերցնել: Իսկ ի՞նչ է տալիս այդ անձնագիրը, որ այդքան անփոխարինելի է ՀՀ քաղաքացու համար: Կասեք, օրինակ, արտերկիր մեկնելու իրավունք: Բայց մի հատ ուսումնասիրություն կատարեք, թե այդ 200 հազարական դրամի գնումների համար անձնագիր գրավադրողների քանի՞ տոկոսի անձնագիրն է արտերկիր մեկնելու ժամկետի մեջ: Հանկարծ կպարզվի, որ մեկ-երկուսինը: Հետեւաբար, եթե քաղաքացին արտասահման մեկնելու ծրագիր չունի, ինչո՞ւ չօգտվի բարիքից: Ընտրություններ չկան, ոչ ոք չի հետաքրքրվելու քաղաքացու ճակատագրով, թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, կոմունալ ծախսերը վաղուց վճարում ենք առանց անձնագրի ու մյուս թիթիզությունների:
Կհարցնեք՝ իսկ ինչպե՞ս քաղաքացին գնա բանկ եւ փոխանցում ստանա: Շատ պարզ: Գումարը քաղաքացուն է փոխանցվում որոշակի կոդով, եւ ընդամենը 9-րդ ձեւ է պետք այդ քաղաքացուն, որպեսզի հաստատի իր անձը բանկում: Եթե 9-րդ ձեւին ընտրական հանձնաժողովը հավատում է, պարտավոր է հավատալ նաեւ բանկը եւ վճարել փոխանցումը: Այդ նույն 9-րդ ձեւով պարտավոր են քաղաքացուն աշխատանքի ընդունել, ամուսնություն գրանցել զագսում, թոշակ տալ եւ ամեն ինչ:



Այնպես որ, մեր փաստաբաններին առաջարկում ենք չշտապել եւ Սամվել Ալեքսանյանի քայլն օրինազանցություն չորակել: Մինչեւ գործարար-պատգամավորին հասնելը հարյուրներով օրինազանցներ են վխտում Հայաստանում, ովքեր ոտնահարում են ՀՀ քաղաքացու իրավունքներն ու սահմանափակում նրանց տեղաշարժը, այնպիսի աքցանի մեջ առնում նրան, որ հազիվ է կարողանում շնչել:



Բանկերը, թվում է, շատ ցիվիլ հաստատություններ են եւ քաղաքացուց էլ անձնագիրը գրավ չեն վերցնում: Ի՞նչ կարծիքի են մեր փաստաբանները՝ բանկն օրենք չի՞ խախտում երբեք: Ամենալկտի մարդիկ բանկիրներն են՝ կառավարիչներից բռնած, հավաքարարով վերջացրած: Երկրի թիվ մեկ բանկիրը, պատգամավորի դիտարկմանը, թե բանկի հավաքարարը պատգամավորից ավելի բարձր աշխատավարձ է ստանում, լկտիաբար, այդ նույն պատգամավորին առաջարկում է հավաքարար աշխատել բանկում: Ի՞նչ անուն տալ սրան: Ոչ մի անուն էլ պետք չէ տալ: Գործ ունենք սովորական խուժանի եւ հանցագործի հետ: Նրան պետք էր ձերբակալել ԱԺ դահլիճում եւ ստիպել բացատրագիր գրել, թե ինչպես է պատահում, որ նախապես հայտարարված տոկոսներով տված վարկը քաղաքացին փակում է ոչ թե այդ տոկոսներով, այլ 10-15 տոկոս ավել՝ որպես բանկային ծառայություններ ու չգիտես էլ ինչ քաքութեքի համար:



Գաղտնիք չէ, որ ԴԱՀԿ-ն վերածվել է բանկերի ուժային կառույցի: Եվ Աստված մի արասցե, որ ՀՀ քաղաքացին կատարած չեղավ հերթական վճարումը: SMS SMS-ի հետեւից են ուղարկում, հիշեցումներ, սպառնալիքներ, որ գրավը ձեռքից կառնեն, իսկ եթե գրավ էլ չկա, փոխարենը այնպիսի սարդոստայն կհյուսեն քաղաքացու շուրջ, որ ոչ միայն անձնագիրը կվերածվի անպետք իրի, այլեւ նրա՝ չգիտես ինչ հրաշքով հայտնված խղճուկ խնայողությունները: Եղել են, չէ՞, դեպքեր, երբ մեր քաղաքացիների բանկային քարտերը դադարել են գործել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք եղել են արտասահմանում: Կա՞ ավելի ծանր հանցանք, քան ՀՀ քաղաքացուն օտար պետությունում անհարմար վիճակի մեջ դնելը: Ո՞ր բանկիրին են դատել սրա համար, որ հիմա թուրը կապել՝ Սամվել Ալեքսանյանի հանցանքից են խոսում:



Եթե ես չիմանայի հայ օլիգարխի կառուցվածքը, գուցե Սամվել Ալեքսանյանին ազգային հերոս հռչակեի: Վստահաբար, նա մեր սիրուն աչքերից չի հուզվել ու ձեռնարկել այս քայլը: Սրա հետեւում լուրջ հաշվարկներ կան, որոնք ֆիրմայի գաղտնիք են: Մյուս կողմից էլ՝ շատ ընդդիմադիրներ արդեն հայտարարում են, որ Լֆիկ Սամոն այսօրվանից սկսած անձնագրեր է հավաքում, դրանց համարները գրանցում, որ 17 թվի ընտրություններում իր սեւ գործն անի: Ի՞նչ ասեմ: Եթե ընդդիմադիրները մտածում են, որ մինչեւ 17 թիվը չեն կարողանալու ՀՀ ընտրողներին համոզել, որ իրենց ձայն տան, դա մի ուրիշ հարց է, իսկ եթե կարծում ենք, որ 17 թվին ՀՀ քաղաքացու անձնագիրը հենց այն փաստաթուղթն է լինելու, որով ընտրախախտումների դեմը կկարողանան առնել, դա էլ մի ուրիշ հարց:



Այսուհանդերձ, մենք Սամվել Ալեքսանյանի այս «նախաձեռնության» մեջ արգահատելի ոչինչ չենք գտնում: Ավելին ասեմ: Սա լուրջ հարված է այն բանկերին, որոնք, ճիշտ է, առանց անձնագրի գրավադրման, բայց աստղաբաշխական տոկոսներով Նոր տարվա վարկեր են տալիս քաղաքացիներին եւ նրանց կցում համապատասխան սուպերմարկետների, որ այդ գումարներն այնտեղ ծախսեն: Ավելի ստորացուցիչ բան երեւի չէր էլ կարելի մտածել:



Հարգելի փաստաբաններ, ինչո՞ւ պետք է ես՝ ՀՀ քաղաքացիս, անձնագիրս գրպանումս, ստիպված լինեմ առեւտուր անել ֆլանքյասի խանութից, եթե վարկ եմ վերցրել, որ իմ հայեցողությամբ ծախսեմ: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ բանկերն սկսել են միջամտել ազատ բիզնեսին եւ ՀՀ քաղաքացու ազատություններին:



Սամվել Ալեքսանյանի քայլը, անձնագրերի գրավադրմամբ հանդերձ, միայն բիզնես ծրագիր չէ: Այն, վստահաբար, այս օրերին նաեւ սոցիալական դժգոհությունը մեղմելու քայլ է, կարելի է ասել՝ սոցիալական խնդիր լուծող քայլ: Չենք կարող բացառել նաև, որ Սամվել Ալեքսանյանն այս «սարսափելի» օրինախախտումն արել է հենց կառավարության համաձայնությամբ: Մյուս կողմից էլ՝ Ալեքսանյանի քայլը կարող է մարտահրավեր դառնալ այլ մեծահարուստների համար, որոնց ոչինչ չի պատահի, եթե ՀՀ քաղաքացիների մի որոշակի խավի ազատեն բանկերից ստրկացուցիչ պայմաններով լրացուցիչ վարկ վերցնելու տհաճություններից:



Այն էլ չմոռանանք, որ Սամվել Ալեքսանյանը «Երեւան սիթիի» հավատարիմ հաճախորդներին 30 հազարական դրամի գնումներ կատարելու հնարավորություն է ընձեռել «իր հաշվին»: Կարող էր չանել, եւ ոչ ոք չէր հարցնի՝ ինչո՞ւ չես արել: Վստահաբար, մեր շատ փաստաբաններ հաճույքով են նկատել, որ իրենց քարտերում այդքան գումար է հայտնվել: Ի՞նչ կարելի է գնել այդ գումարով, եթե փաստաբան ես: Կարող ենք օգնել՝ մեկ հատ հնդկահավ, ձուկ, միս, աղցանի համար պահածոներ, մի քիչ քաղցրավենիք եւ պնդուկ:



Ի դեպ, չոր պնդուկը մարզում է ուղեղի բջիջները:



Ամփոփեմ: Մեր կարծիքով, եթե Սամվել Ալեքսանյանը մի օրենք էլ խախտել է, ապա դա այն է, որ, լինելով բնատուր բիզնեսմեն, իր ոսկի ժամանակը վատնում է ԱԺ-ում՝ լրագրողներին աջուձախ վստահեցնելով, որ ինքը բիզնես ու փող չունի: Միեւնույն է՝ հավատացող չկա: 2017-ին կարելի է սրբագրել այս թյուրիմացությունը, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: