Գյուղացիներին «անպարկեշտ» առաջարկներ են արվել

Գյուղացիներին «անպարկեշտ» առաջարկներ են արվել

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներին տեղի արտադրողները «անպարկեշտ» առաջարկ են արել՝ մթերված բերքի դիմաց վճարել հիմա, բայց պայմանագրերում նշված գործարքի գնից ավելի ցածր գներով։ Մեր տեղեկություններով՝ Բամբակաշատ, Փշատավան, Արևիկ, Նոր Արմավիր, մարզի այլ գյուղերի խաղողագործներին զանգել են և հորդորել համաձայնվել պայմանագրային գների վերանայման։ Գյուղացու շահը այն է լինելու, որ նա չի սպասի ևս մի քանի ամիս, և իր փողը կստանա անմիջապես, ճիշտ է, կիլոգրամի համար 20-30 դրամով պակաս։ Հարկ է նշել, որ գյուղացիների շրջանում բողոքը հասունացել է, բայց նրանք չեն բարձրաձայնում այս մասին, և մեզ խնդրեցին չնշել անուններ, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ մյուս տարի գործարաններն իրենցից խաղող չեն վերցնի։ Կանանցից մեկին հենց այդպես էլ ասել են՝  հաջորդ տարի պայամանագրի հույսը կտրի։ Այս սպառնալիքը կինը ստացել է այն բանից հետո, երբ զանգ է ստացել Պրոշյանի գինու-կոնյակի գոծարանից։



«Նրան զանգել-ասել են՝ եթե համաձայն եք, էժանով հիմա կփոխանցենք։ Այդ կինն էլ պատասխանել է, որ «զապիս» է արել զանգը և տալու է ձայնագրությունը վերևներին։ Նա հասել է նրան, որ գումարը հենց հաջորդ օրը փոխանցել են, բայց ասել են, որ էլ հետը պայմանագիր չեն կապելու», - պատմում է Բամբակաշատի բնակչի բարեկամը Երևանից։ Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանի մոտ կա ցուցակ, որում նշված է, թե գործարաններից որը որքան է պարտք գյուղացիներին, սակայն մեր հարցին, թե արդյոք պայմանագրային գնից ցածր արժեքով վճարման առաջարկ արվել է գյուղացիներին, գյուղապետը պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ, կճշտեմ, մի կես ժամից կզանգեմ»։ Բայց ոչ կես, ոչ էլ երկու ժամից նա չզանգեց և առհասարկ դադարեց պատասխանել մեր հեռախոսահամարին։



Մյուս գյուղերի գյուղապետերը՝ Արևիկի, Նոր Արմավիրի, Փշատավանի, նույնպես քար լռություն են պահում, կամ հերքում են անպարկեշտ առաջարկի մասին բողոքները։ Եւ գյուղացիներին կարելի է հասկանալ՝ եթե նրանք բողոքեն, մյուս տարի ուղղակի սոված են մնալու։ Արտադրողները ևս չեն խոստովանում, որ փորձել են ձուկ բռնել պղտոր ջրում։ Պրոշյանի գինու-կոնյակի գործարանի հաշվապահ Արմինե Խաչատրյանը մեզ այսպես պատասխանեց․ «Չկա նման բան։ Պարտք ենք, պետք է վճարումը իրականացնենք, հիմա ներկա պահին վճարել ենք մեր միջոցներից, բայց քիչ-քիչ։ Իսկ գումարը պահելու ոչ մի իմաստ չկա։ Ինչո՞ւ պետք է պահենք, քչով վճարենք։ Առաջարկներ իրենց կողմից են եղել՝ մաղարիչ անենք, որ հիմա վճարեք։ Իրենք են առաջարկել, որ հիմա ցածր գնով տվեք, կլինի՞, մի քիչ պահեք, տաք, կամ 140 ա մի երեսուն դրամ, պահեք տաք։ Բայց մենք հենց փող ենք ունենում, անմիջապես իրենց զանգում ենք, ու վճարում ենք»։



Գործարանի պարտքը գյուղացիներին կազմում է 700 մլն դրամ։ Պայմանագրային գները 1 կգ խաղողի համար տատանվում են 100-ից մինչև 180 դրամ։ Նախապես խաղողագործներին խոստացել էին, որ իրենց պարտքերը կփակեն մարտին, սակայն հաշվապահը այլ ժամկետ է նշվում՝ մայիսից մինչև հոկտեմբեր։ Սա նշանակում է, որ դեռ նախորդ խմբաքանակի գումարը չստացած, գյուղացին կրկին խաղող է հանձնելու։ Այն աճեցնելու գումարը, հավանաբար, վերցնելու է օդից։ Ակնհայտ է սակայն, որ արտադրողը ևս պայմանագրային պարտավորությունները կատարելու բարդություն ունի։ «Հարցը ռուբլու հետ կապված իրավիճակն է, - ասում է ՄԱՊ սեփականատեր Ալիկ Պետրոսյանը, - ամեն անգամ կուրսը փոխվում է, մեր ռուսաստանյան պարտնյորները չեն կողմնորոշվում՝ առնեն, չառնեն մեր արտադրանքը։ Կարող է՝ էսօր մի գին նշեն, վաղը իջնի, բայց ինձ թվում է, երկու-երեք ամսվա մեջ մեր պարտքերը կավարտենք»։



ՄԱՊ գործարանի կնքած պայմանագրերում վճարման ժամկետը նշված է մինչև մայիս։ Նոյեմբեր-դեկտեմբերին գործարանի միայն 400 մլն դրամ վճարել է մթերված լոլիկի դիմաց, մի այդքան էլ՝ խաղողի։ «Մնացել է մի 200 մլն», - ասում է գործարանատերը։ Հարցին, թե արդյոք իրենց գործարանը առաջարկել է գյուղացիներին իջեցնել գները գումարն անմիջապես ստանալու պայմանով, նա ասաց․«Եթե մեկը մեր գործարանի անունը կտա, կարաս թքես երեսին։ Մեր գործարանը միակ գործարանն ա, որ մարդը ստանում ա 10 մլն դրամ ու տասը դրամ, ոչ մի լումա պակաս չենք տալիս։ Պայմանագրով մինչև մայիս է գրված, մենք պայմանագրից չենք ենք շեղվել»։ Ո՞րն է ելքը այս իրավիճակից։ Ի վերջո, եթե գյուղացիներին առաջարկվի ցածր գին գումարը արագ վճարելու դիմաց և նրանք համաձայնվեն, սա օրենքի խախտում չէ, և ընդամենը նշանակում է, որ երկուսն էլ՝ թե բերքի տերը, թե մթերողը ծանր վիճակում են։



Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ելքը տեսնում է անտոկոս ֆակտորինգային գործարքում, ինչը նշանակում է հետևյալը․ «Հիմա ռուսական շուկայում խնդիր կա, հասկանալի է, և որ դրա համար էլ նրանք չունեն գումարներ։ Կառավարությունը պետք է այս ռիսկը իր վրա վերցնի, անտոկոս վարկեր տա գյուղացիներին իր բանկերի միջոցով, դրա դիմաց գինի-կոնյակ արտադրող տնտեսվարողները վճարումներ կատարեն այդ բանկերին, ինչը աշխարհում ընդունված ստանդարտ պրակտիկա է»։ Սրա փոխարեն կառավարությունը մեծ-մեծ ծրագրերի մասին է խոսում, ասում է՝ խթանենք գյուղատնտեսությունը, միլիոնավոր դոլարների վարկեր է վերցնում, իսկ խոստումներից դուրս դառը իրականությունն է, ի դեմս որի գյուղացին ու արտադրողը մեն մենակ են։



Սյուզան Սիմոնյան