Մարտունիկի ֆիլմոգրաֆիան կամ պիտբուլն էր մեղք

Մարտունիկի ֆիլմոգրաֆիան կամ պիտբուլն էր մեղք

ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը վերջերս ակտիվ PR արշավ է  տանում՝ ֆիլմեր է իր մասին նկարում, ասուլիս է հրավիրում, ինչպես այսօր, իր ծննդյան օրվա կադրերն են Գյումրիում հեռուստատեսությամբ ցուցադրում, տարվա լավագույն մարդ նոմինացիայում է առաջադրվում։ Գրիգորյանի ծննդյան օրը՝ հունվարի 18-ն այդ տիտղոսը նրան տվեց տեղի ՀԿ-ներից մեկը 35-ամյակի կապակցությամբ «ժողովրդական աննախադեպ հուզումները մեղմելու եւ զանգվածային արյունահեղությունը կանխելու» գործում ցուցաբերած խիզախության համար։ Մարդիկ պատգամավորի այս ակտիվությունը բացատրում են Գյումրիի քաղաքապետի մոտալուտ ընտրություններով, բայց ասուլիսի ժամանակ նա հստակ չասաց, թե արդյոք առաջադրելու է իր թեկնածությունը։ «Յուրաքանչյուր ընտրության ժամանակ էլ շրջանառվել է իմ անունը: Ես ասել եմ՝ անունս հանեն ցանկից: Իհարկե, որպես թեկնածու այսօր գյումրեցիները տեսնում են ինձ: Հիմա նոր ընտրական օրենսգրքով կսահմանվի, թե ինչպես են անցկացվելու ընտրությունները, մենք կուսումնասիրենք ու կորոշենք դրանից հետո մասնակցենք թե ոչ»,- ասաց նա պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցերին։



Իսկ «Հրապարակի» հարցերը ուղղակի սվիններով ընդունվեցին պատգամավորի կողմից՝ խաթարելով ասուլիսի «պուպուշիկ» մթնոլորտը։ Մեր հարցերը վերաբերում էին բացառապես Մարտունիկի վերջին օրերի «ֆիլմոգրաֆիային», որը ցնցումներ է առաջացրել Գյումրիում։ Նախ, «Չէին սպասում» հաղորդաշարն այցելեց մարտունիկենց տուն, և գյումրեցիք տեսան, թե ինչ ահռելի՝ 2-3 հազար հեկտարի վրա է ապրում պատգամավորը «դոմիկների» քաղաքում։ Բայց ճոխ ապրելակերպի, թանկարժեք «կռվող» շների կադրերը՝ պիտբուլ ցեղատեսակի, հակագովազդի էֆեկտ են ունեցել։ «Լավ ախորժակ ունի, քաղաքապետ դառնա, քաղաքն էլ իրանց տուն կտանի», - կատակեցին ոմանք։



Երկրորդ շոկը «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունն էր և վերջինիս մասին պատմող կինոյի ավարտը՝ ռեստորանային կերուխումը, որը երկու օր առաջ «Ցայգով» մատուցվեց Գյումրու կինոսեր հասարակությանը, բայց էսթետիկ զգացողությունների փոխարեն, ընդամենը խորովածից հեռու և կարտոֆիլի վրա նստած խավի ախորժակը գրգռեց։ Ահա, ինչ է գրում ՖԲ օգտատեր, լրագրող Երանուհի Սողոյանը․ «Էս պալատական բարքերը Գյումրի էլ հասան: Եսիմ քանի հազար սոված մարդ քաղաքում սառում է դոմիկներում, մեր նախկին ԲՀԿ-ական պատգամավորը քեֆ-քեֆ է լինում...ուտուշ- խմուշի կարևոր կադրերն էլ նկարել ցուցադրում են տեղական հեռուստատեսությամբ: Յանիմ ի՞նչ...գովաբանության երեկո՞ է, թե քարոզարշավ....տեսնես ֆայմելու՞ են խորովածի մնացորդներն ուղարկեն առյուծներին»։ Այդ ֆիլմն ավարտվում է Մարտունիկին նվիրված երգով, որում կան հետևյալ բառերը․ «Հէյ ջան, շնորհավոր, դու ես բախտիդ թագավոր»։



Երրորդն էլ պատգամավորի գործունեության մասին կինոն է, որտեղ կա ամեն ինչ՝ Ավետիսյանների վշտից սկսած, ավարտած հեծանիվ քշող, ցեղասպանության հուշահամալիր գնացող, ԱԺ-ում ժողովի մասնակցող, ասֆալտ քցողների և ինչ-որ ամերիկացիների հետ զրուցող, մրցանակներ մեդալներ ստացող, ձեռքեր սեղմող Մարտուն Գրիգորյանից։ Ոչ մի «անմարտուն» կադր՝ կինոյի համարյա ամեն կադրում Մարտունիկն է՝ ուրախ, տխուր, ժպտացող, երջանիկ, տագնապած, ինքն ու ինքը՝ 35-ամյա ջահել-ջիվան Մարտունիկ Գրիգորյանը։ Ահա այս կինոմանիայի մասին էին «Հրապարակի» հարցերը ԱԺ պատգամավորին, որոնք նրան նյարդայնացրեցին, և ինչպես նման դեպքերում ընդունված է, նա մեզ սկսեց մեղադրել ինչ-որ պատվեր կատարելու մեջ, բայց այս մասը շատ երկար էր, ձանձրալի և չհիմնավորված, ուստի մենք այն բաց ենք թողնում։ Բաց ենք թողնում նաև Մարտուն Գրիգորյանի խոսքի առավել անվերծանելի կտորները։  



Ավետիսյանների ընտանիքի ողբերգության վրա PR անելու մասին, այդ ֆիլմի հետ կապված բացասական ընկալումների մասին։ 



- Վատ է, որ այս ընթացքում այն, ինչ ներկայացվել է, այնպես ներկայացվեց, որ այդ ժամանակ են տեսել մարդիկ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Հետո խնամքով այդ կադրերը հանվել են և օգտագործվել են լրատվամիջոցների հետ կապված, սա էլ հասկանալի էր, Մարտուն Գրիգորյանը իշխանություններից չի, և Մարտուն Գրիգորյանի արածը չէր կարելի այդքան շատ ներկայացնել, որ՝ այ, այս մարդը Գյումրիում էս է արել, և այսօր նույն «Ազատություն» ռադիոկայանի արխիվից օգտագործված կադրը, որպես «Փի Ար»։ Ի՞նչ «Փի Ար»-ի մասին է խոսքը։ Կարո՞ղ ա, ես չեմ եղել այդտեղ, ուրիշն է եղել։ Մոնտաժի տարբերակով ներկայացնում ենք մեզ, մեր արած հերոսությունը, ինչի՞ մասին է խոսքը։ Գյումրիում, էն ինչ որ ես վայելում եմ, և ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ հանրապետությունում, այն, ինչ որ ես վայելում եմ, տասնապատիկ, 100-ապատիկ բարձրացել է կոնկրետ իմ վարկանիշը, այդ օրվա քայլի հետ կապված, իրողության մասին խոսելը վիրավորանք ընդունել, վարկաբեկել, դա տենց չի։ 



Պիտբուլի մասին, որը մարտական պիտբում էր և մահացավ։  



- Պիտբուլի մասին գրածը գալիս է կոնկրետ ձեր խմբագրությունից։ /Գրել էինք, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը պարծենում էր իր «պիտբուլով» ու չգիտի, որ շներին չի  կարելի կռվացնել - Ս․Ս․/ էսօր էսքան լրատվություն կա, պատասխանատու հայտարարում եմ, չկա մի լրատվամիջոց, որի հետ ես, կամ իմ գրասենյակը խնդիր ունենա։ Մենք մշտապես նորմալ մարդկային հարաբերությունների մեջ ենք եղել, և չկա մի լրատվամիջոց, որ այդ տրամադրվածությունը ունենա Գյումրիի պատգամավոր Գրիգորյան Մարտունի նկատմամբ, որ անպայման նրան վերաբերող յուրաքանչյուր հարց պետք է սև գույներով ներկայացվի։ Իսկ էդ ձեր ասած պիտբուլի հետ կապված, ես արտահայտություն արել եմ, որ այդ ցեղատեսակը մարտական ցեղատեսակ է։ Այդ շները նվիրել են ինձ, իսկ նվիրողի կարծիքը էն է, որ այս շները Գյումրիում հաջողություն ունեցող շներ են, իսկ շները ինձ մոտ եղած ժամանակ կռվացնել չի եղել։ Ի դեպ, վատ աչք ունեինք, շներից մեկը սատկեց այդ օրը առավոտյան։ Երբ որ ելանք, շանը տեսանք բակում սպանված։



Ծննդյան օրվա ռեստորանային կադրերի մասին, որոնք ցուցադրվել են Գյումրու տեղական հեռուստատեսությամբ։  



- Գյումրիում չի օգտագործվել որպես ծնունդ հասկացություն։ Միջոցառում է եղել, Գյումրու «Տարվա մարդու» միջոցառման ժամանակ մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԺ նախագահը, նախարարները, պարգևատրվել եմ ԱԺ նախագահի կողմից, գյուղնախարարի կողմից եմ պարգևատրվել ոսկե մեդալով, նաև պարգևատրվել եմ տարվա մարդու հանձնախմբի կողմից։ Դրա անդամները ասեցին, որ անակնկալ ունեն պատրաստած, անակնկալ տեղում տվեցին ինձ այդ էլեկտրոնային կրիչը, անակնկալը միացնում են հենց դահլիճում, Ավետիսյանների դեպքերի հետ կապված ներկայացրեցին, թե ինչ է եղել, և ինչի մասին են պարգևատրում ինձ։ Ծնունդի կտորի հետ դա կապ չունի, իսկ ընդունված ֆորմատ է, երբ որ սպորտսմեններին, կամ մյուս միջոցառումներին ռեստորանային համալիրում հավաքվում են, սկզբնական պաշտոնական մասը, պարգևատրումները ավարտում են, հետո անցնում են մնացած պրոցեսներին / իմա՝ ուտելուն, խաշ-խորովածին, և այլն - Ս․Ս․/, և այդ ամենինչը ուղիղ եթերով հեռարձակվում է։ Գյումրիում չկա սոցիալապես անապահով, սոված մարդիկ, ամբողջ հանրապետությունում կան, և այդ արձագանքը մենք չենք ստացել։ Կա կոնկրետ ուղղվածություն, Գրիգորան Մարտունի հետ կապված, արհեստական քաղաքապետի թեկնածու եք դարձնում, հետո սկսում եք հետս պայքարել։ Հազարավոր մարդիկ են քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին։



- Ինչո՞ւ եք հիվանդագին ընդունում մամուլի քննադատությունը, քաղաքական պայքար է, քննադատներ կլինեն միշտ էլ։ 



-Ես հասկանում եմ, երբ որ ընտրությունների նախաշեմ է լինում, Գյումրիում մեկ երկու լրատվամիջոց է լինում, որ հիշում են, որ 1980 թվին սպանություն է եղել, որի կազմակերպիչը ես եմ եղել, բայց ես ծնվել եմ 81 թվին։ Մենք գիտենք, հենց ընտրություններ են լինում, հաշված կայքեր կոնկրետ սկսում են ակտիվանալ։ Նորմալ է այդ ակտիվությունը։ Երևանում գուցե մեկը տեսնում է, «Չէին սպասում»- ով նայում է ինձ, չի ճանաչում, մտածում է, որ մի օլիգարխ էլ ես եմ, ժողովուրդը սոված է, ես էլ լավ ապրում եմ։ Չէ, ժողովուրդ ջան, ես ինչ անում եմ, առաջնահերթությունը տալիս եմ Գյումրիին։ 



 





Սյուզան Սիմոնյան