Կուսակցության փոխարեն հասարակական կազմակերպությո՞ւն

Կուսակցության փոխարեն հասարակական կազմակերպությո՞ւն

Ռուսահայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հավանաբար, դասեր է քաղել հայաստանյան անհաջող ասուլիսից ու որոշել է հայաստանյան քաղաքական դաշտում ներկայացրած հայտը կյանքի կոչել գաղտագողի, աննկատ գալ-հեռանալ Հայաստանից, լրատվամիջոցների աչքից հեռու նիստեր անել, դրանց եւ քաղաքական առաջիկա պլանների մասին պատմել միայն հաղորդագրություններով ու դրսի լրատվամիջոցներին ներկայացրած «խելոք» հարցազրույցներով: Օրերս Աբրահամյանի հիմնադրած «Ազգային միասնություն» շարժման անունից ստացված հաղորդագրությունից տեղեկացանք, որ փետրվարի 9-ին կայացել է համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում, ըստ հաղորդագրության, ընդգրկված են եղել շարժման մարզային գրասենյակների ստեղծման, դրանց գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այս տարվա հունիսին Երեւանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի հետ կապված խնդիրներ: «Համակարգող խումբը որոշում կայացրեց շարժման գործունեությունն առավել ընդլայնելու եւ մարզերի բնակչությանն ավելի նպատակային ու ակտիվ ներգրավելու նպատակով Հայաստանի մարզերում հիմնել մարզային գրասենյակներ: Գրասենյակներն ապահովված կլինեն անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով եւ կգործեն մշտական հիմունքներով: Համակարգող խումբը հաստատեց նաեւ մարզային գրասենյակների գործունեության կանոնակարգը»,- տեղեկացվում է մամուլի ծառայության անունից, իսկ թե ովքեր են այդ խմբում, կոնկրետ ինչ գործողություններ են հիմա ծավալվում, որեւէ բան չի հաղորդվում: Ավելին՝ էլեկտրոնային փոստին հետադարձ հասցեով ուղարկված մեր խնդրանքը՝ տրամադրել կոնտակտային անձի հեռախոսահամար, անարձագանք մնաց։ 



Սակայն ուշագրավն այն է, որ մինչ իրազեկում են, թե սկսած գործընթացին լայն թափ է հաղորդվում, Արա Աբրահամյանը դրսում հարցազրույց է տալիս՝ անորոշության մեջ թողնելով իր քաղաքական հայտի ճակատագիրը: «Ինչ վերաբերում է կուսակցաշինությանը եւ (կամ) համագործակցությանը, դեռեւս որեւէ հստակ բան ասելը համարում եմ վաղաժամ:



Ներկա պայմաններում նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ շատ ավելի ռացիոնալ որոշում, բայց թե ինչպես կլինի, ՀՀ արդարադատության նախարարությունն այս նախաձեռնությանն օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի, թե ոչ, դժվար է ասելը»,- Vesti.am-ի հետ զրույցում հայտնել է Արա Աբրահամյանը: Լավատեղյակները պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, Արա Աբրահամյանի «Ազգային միասնությունը» որպես կուսակցություն չի էլ գրանցվի, այն թերեւս կմնա որպես հասարակական կազմակերպություն, որի օրակարգային խնդիրները կդառնան երկրի սոցիալ-տնտեսական հարցերը, իսկ գալիք խորհրդարանական ընտրություններում այդ կազմակերպությունը հանդես կգա քաղաքական որեւէ ուժի, իսկ ավելի կոնկրետ՝ իր սանիկ Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծվող ուժի հետ համագործակցությամբ: Բանն այն է, որ Արա Աբրահամյանը կուսակցություն չստեղծելու եւ ֆինանսական մեծ միջոցներ չվատնելու բազմաթիվ պատճառներ ունի։ Գլխավորն այն է, որ անձամբ ինքը որեւէ լուրջ դերակատարում չի կարող ունենալ առաջիկա քաղաքական գործընթացներում, չի կարող զբաղեցնել ազդեցիկ պաշտոններ, նույնիսկ ԱԺ պատգամավորի մանդատ չի կարող ստանալ՝ նա չի համապատասխանում Սահմանադրությամբ նախատեսված ցենզին:



Ի տարբերություն հին Սահմանադրության, նոր, բարեփոխված Սահմանադրությունը ՀՀ նախագահի, վարչապետի, կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորի կարգավիճակի համար պարտադիր պահանջ է սահմանել «միայն» ՀՀ քաղաքացի լինելու եւ Հայաստանում բնակվելու փաստը: Ըստ գործող Սահմանադրության՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, առնվազն վերջին 7 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող, ՀՀ-ում մշտական բնակություն եւ ընտրական իրավունք ունեցող անձը։



Կառավարության անդամ էլ կարող է նշանակվել 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացիություն եւ ընտրական իրավունք ունեցող անձը։ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող եւ պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նախկինում «միայն» բառը չկար, եւ սա երկքաղաքացիություն ունեցող անձանց նման հնարավորություն տալիս էր։ Իսկ, ինչպես հայտնի է, Արա Աբրահամյանը, ՀՀ քաղաքացի լինելուց բացի, նաեւ ՌԴ քաղաքացի է, այնպես որ, քիչ հավանական են համարում, որ այլոց համար Աբրահամյանը ռիսկի գնա ու առավել եւս՝ գումար ծախսի, պարզապես նրան, ըստ լավատեղյակների, սկզբից չեն ներկայացրել այս նյուանսները, հիմա այդ պատճառով է, որ նա անորոշության մեջ է ու չի պատրաստվում հրապարակային գործունեություն ծավալել: