Արման Թաթոյանը լղոզեց ու ցրեց քաղբանտարկյալների հարցը

Արման Թաթոյանը լղոզեց ու ցրեց քաղբանտարկյալների հարցը

Կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ։ Այս հարցը հնչեցրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին։ Վերջինս, հիշեցնենք, արդարադատության փոխնախարարն է և առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից։



Այս հարցին Թաթոյանը ցրողական պատասխան տվեց՝ կոնկրետ հարցը լղոզելով մասնագիտական շրջանցումներով։



«Կարողանալ հետևություններ անել, թե արդյոք անձը քաղաքական բանտարկյալ է կամ արդյոք քաղաքական հետապնդում իրականացվում է, թե չէ, հարկավոր է անդրադառնալ դա բացահայտող չափանիշներին: Ընդ որում, թե Եվրոպական դատարանն է ներկայացրել, թե ԵԽԽՎ-ն, նույնիսկ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անդամակցում էին 2001թ, նման բանաձև էլ կար: Մասնավորապես, եթե ազատությունից զրկելու հետ կապված տարբերություններ կամ խտրական մոտեցում կա և այլն: Բայց, որպեսզի ես կարողանամ հստակ հարցով դիրքորոշում հայտնել, արդյոք այս սկզբունքների կիրառությամբ կոնկրետ դեպքում անձին կարող են կոչել քաղաքական բանտարկյալ, այս պահին ես չեմ կարող դա անել, որովհետև չեմ տիրապետում գործի հանգամանքներին: Եվրոպական դատարանն ինքը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում գնահատական տալու համար պետք է ուսումնասիրվի գործի հանգամանքները և այդ բանաձևում ու ուղեցույցներում սա հատուկ նշված է, այնպես որ ես այս պահին և իրավասու չեմ և չեմ էլ տիրապետում գործի հանգամանքներին, որպեսզի գնահատական տամ»-ասաց նա։



Ուրիխանյանը նորից պնդեց, որ ինքը չի հարցնում, թե այս կամ այն անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։ «Ես հարցնում եմ՝ Հայաստանում, առհասարակ, կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ»։



Պատասխանը նորից նույն ցրողական և տափակ-պաշտոնական ոճի մեջ էր։«Այդ Ձեր հարցին պատասխանելը նույնն ա, որ ասեմ կոնկրետ դեպքով գնահատական տամ, որը ես արդեն նշեցի՝ չեմ կարող, որովհետև օբյեկտիվորեն չեմ կարող, քանի որ պետք է հստակ ուսումնասիրություններ կատարել և այդ չափանիշները փորձել կիրառել»,-նորից լղոզելով փորձեց տակից դուրս գալ ԱՆ չինովնիկը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ