Ամուսնական պայմանագիր

Ամուսնական պայմանագիր

Երեկ վերջապես ստորագրվեց այդքան երկար սպասված կոալիցիոն հուշագիրը, որը կողմերը որոշեցին, ՕԵԿ-ի օրինակով, նոր անվամբ կնքել՝ Քաղաքական համագործակցության համաձայնագիր։ Միանգամայն հասկանալի է, որ նման փաստաթղթեր կազմելը հեշտ բան չէ՝ ինչ գրել, ինչպես գրել, որ այն դատարկ հռչակագիր չլինի, այլ կոնկրետ բովանդակություն ունենա եւ բավարարի հանրության բոլոր շերտերին։ Ակնհայտ է, որ կողմերը ճիգ ու ջանք չեն խնայել, բայց միեւնույն է՝ անիմաստ ու անբովանդակ փաստաթուղթ է ստացվել՝ կեսը կոչերից ու դատարկ լոզունգներից, մյուս կեսը՝ ոչ մի տրամաբանության չենթարկվող, անհասկանալի ընտրությամբ կետերից կազմված։ «Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը» դրույթը գրելուց հետո չի կարելի գրել «կատարելագործել․․․ պարտադիր վճարներն ու տուգանքները գանձելու մեխանիզմների կառուցակարգերն ու ընթացակարգերը»։ Բայց կարեւորը դա էլ չէ, այլ այն, որ Դաշնակցությունը, իր 5 տոկոսանոց վարկանիշով, պետության կառավարմանն ակտիվ մասնակցություն ունենալու հավակնություն է դրսեւորում եւ պատրաստվում է «համատեղ ջանքեր գործադրել․․․ կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին եւ կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս»՝ «քննարկման առարկա դարձնելով Ազգային ժողովի եւ կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց»: Եվ այդ հարցերի լուծման ու «միջկուսակցական շփումների» համար ձեւավորվում է «համագործակցության խորհուրդ»։ Բայց վերջին կետով ապահարզանն էլ է նախատեսված․ «Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը»: