Ալիեւին կոտրեցի՞ն

Ալիեւին կոտրեցի՞ն

«Թուրանը», հղում կատարելով Եվրոպայի խորհրդի նախագահ Պեդրո Ագրամունտի թվիթերյան էջին, տեղեկացնում է, որ վերջինս քրեակատարողական հիմնարկում տեսակցել է REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի հետ: Մամեդովը «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով դատապարտված է յոթ տարվա ազատազրկման:



2014թ. ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ խախտվել են Մամեդովի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի եւ իրավունքի սահմանափակման կիրառման սահմանների մասով իրավունքները: Amnesty international-ը Մամեդովին ճանաչել է «խղճիկալանավոր»:



Տեսակցությունից հետո Եվրոպայի խորհրդի նախագահը Թվիթերում գրել է, որ շարունակում են աշխատել Մամեդովի գործը լուծելու ուղղությամբ: www.president.az պաշտոնական կայքի փոխանցմամբ, նույն օրը ԵԽ նախագահը տեւական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:



Անկասկած է, որ ԵԽ նախագահը դատապարտյալ Մամեդովի հետ տեսակցել է Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ: Իր հերթին «Թուրանն» ավելացրել է, որ Մամեդովի ազատ արձակումն են պահանջում ԵԽ նախարարների կոմիտեն, միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ:



Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը բավական սուր բանավեճի թեմա էր դարձել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի եւ Ադրբեջանի ԱԳՆ միջեւ՝ անցյալ տարեվերջին:
«Ազերթաջ» պետական գործակալությանը հայտնի է դարձել, որ ԵԽ նախագահի՝ Բաքվում գտնվելու ժամերին տեղի է ունեցել Իլհամ Ալիեւին առընթեր ներման հանձնաժողովի նիստը՝ նոր կազմով: «Հանձնաժողովն ստացել է ներման խնդրագրեր, որոնք քննարկվում են»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Ենթադրվում է, որ մարտի 21-ի Նավրուզի տոնին ընդառաջ Իլհամ Ալիեւը կստորագրի ներում շնորհելու մասին հրամանագիր:



Ամենայն հավանականությամբ, ներում կշնորհվի նաեւ Իլգար Մամեդովին: Խնդիրն այն է, թե արդյոք վերջինիս Ադրբեջանում մնալու եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հարցը քննարկվե՞լ է Ագրամունտ- Ալիեւ բանակցություններում: Ավելի վաղ եղել են դեպքեր, երբ ներման արժանացած քաղբանտարկյալին զրկել են քաղաքացիությունից եւ վտարել Ադրբեջանից:



Ամեն դեպքում, սակայն, փաստ է, որ տնտեսական եւ սոցիալական բարդ իրավիճակում հայտնվելով՝ Ալիեւը, կարծես, ընկալունակ է դարձել միջազգային կառույցների հետ հարաբերություններում: Բացառված չէ, որ ԵԽ նախագահը պարզապես միջնորդի դեր է ստանձնել Արեւմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում:
Արեւմտյան հանրությանը պետք է փրկել դեմքը՝ արդարացնելու համար տնտեսական այն աջակցությունը, որ պատրաստվում են ցուցաբերել Ալիեւի ռեժիմին:



Քաղբանտարկյալների հարցում «կոտրելով» Ալիեւին՝ Արեւմուտքը որոշակի քարտ-բլանշ է ստանում՝ հանրությանը ներկայացնելու, որ Ադրբեջանում «քաղաքական զգալի բարեփոխումներ են կատարվում»: Խնդիրն ավելի խորքային է, քան կարող է թվալ: Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների հնարավոր ապասառեցումն Ալիեւի ռեժիմը կլեգիտիմացնի բավական երկար ժամանակով, ինչը հղի է Ադրբեջանի ագրեսիվության աճի հեռանկարով…



Վահրամ Աթանեսյան