Պաշտպանության նախարարն ամեն օր պատրաստվում է պատերազմի

Պաշտպանության նախարարն ամեն օր պատրաստվում է պատերազմի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ գնացել էր Գիտությունների ազգային ակադեմիա՝ գիտնականների հետ «փոխհամագործակցության» հարցեր քննարկելու։ Հանդիպումը կազմակերպել էր ակադեմիան, հրավիրելով նաեւ լրագրողների։ Բայց ՊՆ-ն, ինչպես միշտ, բարդույթներ ունի հրապարակայնության հետ կապված, եւ մեր ռազմական գերատեսչության պաշտոնյաները գալուն պես հայտարարեցին, որ հանդիպման միայն առաջին մասն է բաց լինելու։ Երկրորդ մասը, որի ընթացքում գիտնականները հարցեր էին տալու նախարարին, որոշեցին գաղտնի պահել լրագրողներից, քանի որ, ինչպես արտահայտվեց Օհանյանի մամուլի խոսնակը, «կարող է նախարարը պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հայտնում»։ Թե ինչու պետք է մեղսունակ, գիտակցության մեջ գտնվող նախարարն ակադեմիայի լեփ-լեցուն դահլիճում պետական գաղտնիքներ պարունակող տվյալներ հայտներ, չհասկացանք։ Պարզ էր, որ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախարարին արջի ծառայություններ մատուցելու ձեւը գտել է, օգտագործելով նրա վախը ԶԼՄ-ներից, որոնք այս անգամ կանչվել էին գիտնականների եւ ՊՆ պաշտոնյաների փոխադարձ ռեւերանսները, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի ձանձրալի դասախոսությունը լուսաբանելու համար։ 



Դասախոսությունն այն մասին էր, թե ինչ լավն է մեր բանակը, եւ ինչքան շատ գործ է այս տարիների ընթացքում արվել։ Այս ելույթը երկու տիպի դրվագներ ուներ, որոնց ծայրը երեւում էր ու որոնց ծայրը չէր երեւում։ Օրինակ, սրա ծայրը երեւում էր․ «Իհարկե, մեր գործունեության հիմքում ընկած է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը»։ Իսկ սրանը՝ ոչ․ «Մենք ունենք բազմաթիվ թերություններ, որոնք բոլոր ոլորտներում կան։



Ամենակարեւոր թերություններից մեկը, իհարկե, այն է, որ չափազանց դժվար է այսօր հասնել նրան, որ ծառայությունը եւ մեր առջեւ դրված խնդիրները յուրաքանչյուր անհատի համար դառնան գիտակցաբար վերաբերվելու արդյունք։ Եթե գիտակցաբար վերաբերմունք լինի, բացթողումներ կլինեն, բայց թերություններ չեն լինի, որոնք որ բերում են եւ հանցագործությունների, եւ տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի ձեւավորման, որի դեմ ՊՆ ղեկավարությունն առաջինը հենց ինքն է պայքարում։ Ուզում եմ մի բան ասեմ ձեզ, որ արատավոր բարքերի, թերությունների, կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի ուղղությունն անձամբ իմ եւ ՊՆ ղեկավարության ծառայության սկզբունքներից մեկն է, եւ մենք ավելի գնահատելի ենք դարձնում այն անհատի գործողությունները, որն ինքն է հայտնաբերում տվյալ թերությունները ու ներկայացնում ղեկավարությանը»։ Պատահական չէ, որ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մի պահ նիրհեց։ Նրա նիրհը պախարակելի չէր, ինչպես ԱԺ պատգամավորների քունը խորհրդարանում, որը լրագրողները երբեմն ֆիքսում են։ Ռադիկ Մարտիրոսյանի նիրհը միանգամայն օբյեկտիվ էր եւ ընկալելի։



«Գաղտնի» մասից հասցրինք ֆիքսել երկու հարց։ Ի պատասխան ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի հարցին, թե ինչ կանխատեսում ունի պատերազմի վերսկսման հետ կապված, նախարարն ասաց․ «Պաշտպանության նախարարությունն ամեն օր է պատրաստվում պատերազմի, եւ ես այդ պատրաստվածությունը գլխավոր շտաբի պետի եւ նրա ենթակա բոլոր կառույցների կողմից տարվող աշխատանքն եմ տեսնում, բայց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներն այսօր չեն խոսում նրա մասին, որ կարող են լայնամասշտաբ մարտական գործողություններ ծավալվել եւ պատերազմ սկսվել, որովհետեւ մենք ամեն ինչ անում ենք ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորմամբ զսպելու այդ բոլոր ընկրկումները, այդ բոլոր նպատակները։ Բայց եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, անկասկած, պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»։ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը հարցրեց, թե ինչ կանխատեսումներ ունի նախարարը, հնարավո՞ր է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լարումը բերի ռազմական գործողությունների, որոնք ծավալվեն մեր տարածքում։ Այս պահից Օհանյանի խոսնակը կրծքով մեր կողմը թեքվեց եւ խնդրեց մեզ անհապաղ հեռանալ, քանի որ Սեյրան Օհանյանն իր ելույթի հենց այս մասում է պետական գաղտնիքներ բացահայտում։ «Նա չգիտի, որ իրեն ձայնագրում են»,- խորհրդավոր դեմքով ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Մենք մնացինք ու հասցրինք ֆիքսել հետեւյալը․ ուրեմն, ըստ Սեյրան Օհանյանի, այսօր ՌԴ-ի հետ համակարգված գործողությունների արդյունքում մեր տարածաշրջանի անվտանգությունը պահպանվում է, սակայն. «Եթե այդպես լինի, ապա մենք համապատասխան պլանավորումներ ունենք, որոնցում համապատասխան ճշտումներն իրականացնում ենք։ Դա կատարվում է ոչ միայն այսօրվա առօրյա ուժերով, այլեւ համապատասխան ծավալով, համապատասխան ռեզերվների ստեղծման ուղղությամբ, համակարգային գործունեության արդյունքում։ Այդ աշխատանքի մեծ մասը միտված է, որպեսզի մենք զերծ պահենք մեր տարածաշրջանը վտանգներից»։ Համապատասխան գաղտնիքները մեզ համապատասխանաբար ձանձրացրին, եւ, հետեւելով խոսնակի համապատասխան խորհրդին, մենք հաճույքով հեռացանք։