Հո իրենց չե՞ն կոտորելու պատգամավոր դառնալու համար

Հո իրենց չե՞ն կոտորելու պատգամավոր դառնալու համար

Չնայած ռեյտինգային քվեարկությունը դուռ է բացում հեղինակությունների, մականունավորների առջեւ դեպի գալիք խորհրդարան, բայց նախեւառաջ լուծում է տվյալ կուսակցության ձայներ ստանալու հարցը։ Սակայն նախորդ ընտրություններին մեծամասնականով խորհրդարան անցածները, որոնք ռեյտինգային ցուցակների հավակնորդներ են, առանձնապես հիացած չեն այս համակարգով։



Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգրքով ընտրատարածքների խոշորացումը որոշակի խոչընդոտներ է առաջ բերում։ 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ. 4-ը՝ Երեւանում, 9-ը՝ մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): Երեւանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրատարածքում ընդգրկվում են Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, չորրորդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր կուսակցություն 2 ցուցակ է ներկայացնելու՝ մեկը համամասնական, երկրորդը՝ տարածքային կամ ռեյտինգային, որը կազմված է լինելու առնվազն 5 անունից, յուրաքանչյուր 10 հազար ընտրողին մեկ թեկնածուի համամասնությամբ։ Նոր ԸՕ նախագծով՝ կուսակցությանը բաժին հասած ձայները բաշխվելու են 50/50 տարբերակով, այսինքն՝ եթե ՀՀԿ-ն, օրինակ, 40 տոկոս ձայն հավաքի, ապա 20 տոկոս կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում զբաղեցրածները մուտք կգործեն խորհրդարան, իսկ մյուս քսանը՝ ռեյտինգային ցուցակից։



Սակայն ԸՕ-ում որեւէ մեխանիզմ չի ներկայացվում ձայների հաշվարկի վերաբերյալ, օրինակ, թե ինչպես է որոշվելու, թե որ ընտրատարածքից քանի պատգամավոր է մանդատ ստանալու, արդյոք կուսակցության համար 50 հազար ձայներ բերած ընտրատարածքից է՞լ է մեկ պատգամավոր անցնելու, 10 հազար ձայների դեպքո՞ւմ էլ։ Կամ՝ սահմանվելո՞ւ է անցողիկ շեմ։ ՀՀԿ-ականներից մի քանիսը մեզ հետ զրույցում խոստովանում էին, որ իրենց համար էլ է այդ ամենն անորոշ, եւ ասում էին, որ նախագծի քննարկումների ժամանակ կհնչեն բոլոր հարցերի պատասխանները։ Հայտնի է, որ ԸՕ-ն ռեյտինգային ցուցակների ներկայացումը պարտադիր չի համարում, այսինքն՝ տվյալ կուսակցությունն է որոշելու՝ ներկայացնե՞լ, թե՞ ոչ նման ցուցակ։



Հաշվի առնելով, որ ներկայիս խորհրդարանի 41 մեծամասնական մանդատները բաշխվել են ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների միջեւ, եւ մեծամասնականով ընտրված պատգամավորներից միայն Էդմոն Մարուքյանն է, որ դուրս է այս շրջանակներից, ապա կարելի է պատկերացնել, որ գալիք ընտրություններին ընդդիմադիր ուժերն այս առումով մեծ շանսեր չեն ունենա, մինչդեռ ՀՀԿ-ն, վստահաբար, բոլոր ընտրատարածքներում իր ռեյտինգային ցուցակները կներկայացնի։ Այդուհանդերձ, մեծամասնականով ընտրված պատգամավորների շրջանում ներկայումս անորոշ տրամադրություններ են՝ ընտրատարածքները մեծացել են, իրենց գործը՝ բարդացել, մանդատ ձեռք բերելու համար պետք է նաեւ թիմակիցների հետ մրցել։ Իսկ դա նշանակում է ավելի շատ փող ծախսել։



Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, օրինակ, այժմ մեկ ընտրատարածք են համարվում, մինչդեռ 2012-ին այս շրջաններից 4 պատգամավոր է ԱԺ մուտք գործել՝ «Քեթրին» արեգործական ՀԿ-ի նախագահ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը, Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Վովա Գասպարյանի փեսա ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանը եւ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը, որը Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է։ Հիմա նրանցից ո՞վ է անցնելու խորհրդարան, եթե, իհարկե, ՀՀԿ-ն նրանց կրկին առաջադրի ռեյտինգային ցուցակներում։



Ռուբեն Հովսեփյանը երեկ մեզ հետ զրույցում թեպետ դրական գնահատեց կատարված փոփոխությունը, սակայն չբացատրեց, թե ինչու։ Ասաց, որ դեռ շուտ է, որպեսզի որոշում ունենա մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, բայց վստահեցրեց, որ մրցակցության առումով նոր համակարգը դժվարություններ չի առաջացնի. «Կընտրեն նրան, ով ավելի շատ է ժողովրդի հետ աշխատել, շփվել, ով լավ կաշխատի, նրան էլ կընտրեն, հո իրենց չե՞ն կոտորելու պատգամավոր դառնալու համար»։ Կրկին պատգամավոր դառնալու վերաբերյալ խոսելը վաղ է համարում նաեւ Գեղարքունիքի մարզն ընդգրկող 41 ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը։ Նա նաեւ չի կիսում ընդդիմադիրների քննադատությունները, թե ռեյտինգային քվեարկությունը մեծամասնականի տարրեր է պարունակում, սակայն չի հակադրվում դիտարկմանը, որ սույն համակարգը կարող է ներկուսակցական խժդժություններ առաջացնել. «Ցանկացած ընտրություն պայքար է ենթադրում»։



Մամուլը տեւական ժամանակ գրում է, որ Սամվել Ալեքսանյանին այս անգամ Ապարանի տարածաշրջանից են ներկայացնելու, իսկ Մալաթիայում կընտրվի նրա փեսա Կորյուն Նահապետյանը կամ մեկ այլ ազգական։ Այսինքն՝ Ալեքսանյանը պետք է ներկայացվի Արագածոտնի ընտրատարածքից։ Մինչդեռ 2012-ին մարզի երկու՝ 14 եւ 15 ընտրատարածքներից խորհրդարան են անցել Մնացական Մնացականյանն ու Վրեժ Մարկոսյանը։ Ավելի վաղ Մարկոսյանը մեզ ասել էր, որ պատրաստ է տեղը զիջել իր ապարանցի ընկերոջը՝ Ալեքսանյանին, իսկ Մնացական Մնացականյանը երեկ ասաց, որ դեռեւս որեւէ հստակություն չկա, թե ովքեր են առաջադրվելու. «Դա պետք է կուսակցությունը որոշի, իմ որոշելով չէ»։ Ի դեպ, նա չթաքցրեց, որ իր համար էլ է հետաքրքիր, թե ինչ սկզբունք է գործելու ձայների հաշվարկի հարցում. «Դրա համար եմ ասում, որ դեռ պետք է հասկանալ, թե ովքեր են թեկնածուները, ինչ պայմաններ են, ու արժե՞ մտնել ընտրապայքարի մեջ, թե՞ ոչ»։