Արփինե Հովհաննիսյանը՝ կոալիցիաների ձևավորման մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ կոալիցիաների ձևավորման մասին

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարևոր սկզբունքները։ Դրանցից առաջինն, ըստ նրա, նախ համամասնական ընտրակարգ ապահովելն է․ «Սահմանադրությամբ էլ նախատեսված է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Եվ այս ընթացքում համամասնական ընտրակարգի տարբեր մոդելների ուսումնասիրությունը փաստացի ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում համամասնական ընտրակարգի տարբեր մոտեցումներ կան: Մենք ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները և եկել ենք այն տարբերակին, որը ներկայացված է ընտրական օրենսգրքով»։



Նախարարի խոսքով՝ նոր ընտրական օրենսգրքով Ազգային ժողով ընտրելու և մանդատների բաշխման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ որևէ կուսակցություն ընտրության արդյունքում ստացած կլինի 53 մանդատ․ «Քանի որ սա քիչ հավանական տարբերակ է, մենք նախատեսել ենք, որ կարող են ստեղծվել կոալիցիաներ: Սակայն մենք պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք: Սահմանադրությունը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնության գաղափարը, իսկ սա նշանակում է, որ այն դեպքում, երբ որևէ կուսակցություն ստացել է մանդատների 51 տոկոսը, նրանց մանդատները ավելացվում են մինչև 54 տոկոս, ինչը հնարավորություն կտա ապահովել կայուն խորհրդարանական մեծամասնությունը: Սակայն շատ կարևոր է, որ այդ մանդատները լրացուցիչ են բաժանվում, և որևէ կուսակցությունից ձայներ չեն նվազում»,-ասաց նա՝ հավելելով, որ Սահմանադրությամբ է նախատեսված, ու ընտրական օրենսգիրքն էլ սահմանում է, որպեսզի կոալիցիաները չպետք է լինեն խայտաբղետ և քաղաքական համակարգում ևս որոշակի կայունություն պետք է ապահովվի:



Ըստ այդմ՝ կոալիցիաները կարող են ձևավորվել առավելագույնը երեք կուսակցությունների միջև, որոնք ընտրությունների արդյունքներով հաղթահարել են արգելապատնեշը: Եթե այդ կուսակցությունները միասին ունեն 53 մանդատ, ապա հնարավոր կլինի խոսել արդեն Ազգային ժողովի ձևավորման մասին։



Արփինե Հովհաննիսյանը նշեց նաև, որ եթե ընտրություններից հետո որևէ կուսակցություն չի ստանում ձայների 51 տոկոսը, իսկ սահմանված ժամկետներում կոալիցաներ չեն ձևավորվում, ընտրական օրենսգրքով նախատեսվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: «Ընդ որում՝ ընտրական օրենսգրքով նախատեսվել է, որ երկրորդ փուլում ևս կարող են ստեղծվել նոր դաշինքներ»։



«Ես կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ նոր ընտրական օրենսգրքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Համապատասխան հանձնաժողովը կներկայացնի թեկնածուներ, և պատգամավորների ձայների 3/5-ով կձևավորվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,-ասաց նախարարը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ