Քաղաքական պրոյեկտ եւ կուսակցություն

Քաղաքական պրոյեկտ եւ կուսակցություն

Դասական իմաստով կուսակցություն Հայաստանում քիչ կա: Քաղաքական պրոյեկտներ` ինչքան ուզեք, իսկ կուսակցություն` մեկ, երկու, երեք… եւ, երեւի, այդքան: Մյուսները, որ կրում են «կուսակցություն» անունը, իրականում սպասարկու ուժեր են, որոշների դեպքում՝ նույնիսկ «կուսակցապետի» հոբբի:



Եթե 100-ամյակը 25 տարի առաջ բոլորած կուսակցություններին դնենք մի կողմ, ապա կտեսնենք, որ անցած 25 տարիներին մեզ հաջողվել է ծնանել ընդամենը երկու կուսակցություն` ՀՀՇ եւ ՀՀԿ: Այս կուսակցություններն էլ գոյատեւեցին զուտ այն պարզ պատճառով, որ հաջողեցրին իշխանություն ձեւավորել Հայաստանում: Առանց իշխանության` ՀՀՇ-ն վերածվեց գյուղի կլուբի (սա իմ միտքը չէ): Ենթադրելի է, որ նույնը տեղի կունենա նաեւ ՀՀԿ-ի հետ, բայց, այդուհանդերձ, այս երկուսը կուսակցություն են բառի դասական իմաստով:



Որպեսզի մարդկանց խումբը կոչվի կուսակցություն, շատ քիչ է, որ նրանք արդարադատության նախարարությունում գրանցվեն, մի լոգո նկարեն, մի դրոշ վերցնեն եւ դուրս գան փողոց: Այսպիսի խմբեր, արդեն ասացինք, մեզ մոտ շատ կան: Այդպիսիք, լավագույն դեպքում, կարող են լինել նույնիսկ տվյալ խմբի համար աննկատելի ձեռքով գծված պրոյեկտներ, թիթեռի կյանք ունեցող խմբակներ, տարատեսակ միություններ, կուսակցության չձգող շարժումներ եւ այլն:



Դասական իմաստվ կուսակցություն կոչվելու համար մի քանի անհրաժեշտ տարրերի միասնություն է պետք, որոնց առկայությամբ միայն կարելի է խոսել մարդկանց խմբի մասին` որպես կուսակցության:



Գլխաքանակն այս հարցում կարեւոր ֆակտոր է, բայց ոչ որոշիչ: Մոտ երկու տասնյակ մարդ կարող է կուսակցություն ստեղծել, բայց հնարավոր է` մի քանի հարյուրը կամ հազարն այդ բախտին չարժանանան:



Որո՞նք են կուսակցության հիմնարար էատարրերը: 1. Գաղափարախոսություն: 2. Ծրագիր: 3. Ներքին կանոնագիր եւ կարգապահություն: 4. Կառույց: 5. Անդամատուրք կամ սակ: Այս միացության բաղադրիչներից որեւէ մեկի բացակայությունը խաթարում է «կուսակցություն» հասկացողությունը: Ընդ որում` գաղափարախոսությունը չպետք է շփոթել շատախոսության, ծրագիրը` հեքիաթների գրքի, կուսակցական կարգապահությունը` շեֆի հետեւից իծաշարուկ քայլելու, կառույցը` թղթե տնակի, անդամատուրքը` հարստահարության հետ:



Այս փոքրիկ ուղեցույցն արդեն բավական է, որպեսզի փաստենք` Հայաստանի ներքաղաքական դաշտը լիքն է ամեն ինչով, բայց ոչ կուսակցություններով: Խոսել «Հայկական վերածնունդի», ԲՀԿ-ի, ՀԱԿԿ-ի, «Ժառանգության» (սրանք դեռ խորհրդարանում ներկայացվածներն են), ՍԻՄ-ի, ԱՄԿ-ի, ՔԴՄ-ի (թող մեզ ներեն, ում չհիշեցինք) մասին՝ որպես կուսակցությունների, պարզապես մեղք է: Գուցե որոշները ժամանակին կուսակցության թեկնածուներ են եղել, բայց այսօր քիչ թե շատ վերլուծող մարդու համար դրանք պրոյեկտներ են, քաղաքական ծառայություններ մատուցող սպասարկու կազմակերպություններ: Եթե, օրինակ, խորհրդարանական ընդդիմության չորս ուժերի հարցում սխալվում ենք, կարող եք մեզ ուղղել: Բայց մինչ այդ անելը, բարի եղեք բացատրել, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի միավորվում: Կարող եմ հուշել` որովհետեւ այդ ուժերը կուսակցություններ չեն, որովհետեւ, ի թիվս այլ պակասությունների, չունեն նաեւ ծրագիր: Եթե նրանցից յուրաքանչյուրն իր ծրագիրն ունենար, ապա միշտ էլ կկարողանային թեկուզ փուլային համաձայնությունների գալ: Եվս մեկ հանգամանք: Այսօր այս ընկերություններին է քարտ-բլանշ տրված` լինել ընդդիմություն: Իրականում սա ընդդիմության գեղանկար է, ոչ թե ընդդիմադիր կուսակցությունների համակեցություն ու պայքար:



Սահմանադրության դեմ քարոզողները գրեթե միաբերան հայտարարում էին, որ Հայաստանում քաղաքական ուժերը կայացած չեն, եւ չի կարելի նման ռիսկի գնալ: Եվ այս թեզը կրկնում էին նաեւ ճանաչված, հարգված, ընդհուպ կուսակցապետի պաշտոնի հասած գործիչներ: Սա ի՞նչ էր, եթե ոչ ինքնախոստովանություն այն մասին, որ իրենք կայացած չեն, կուսակցություն չեն, քաղաքական ծրագիր չունեն, առհասարակ` ոչինչ չունեն եւ քաղաքական դաշտում էլ զբաղված են սեփական աշխատուժը վաճառելով: Եթե մենք սպասենք այս մարդկանց եւ այս քաղաքական ուժերի կայանալուն, գուցե շատ երկար սպասենք:



Հեշտ գործ չէ կուսակցություն պահելը: Հարցրեք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Արթուր Բաղդասարյանին, որոնք փորձում են դեռ մի բան փրկել գյուղի կլուբի վերածված նախկին ՀՀՇ-ից եւ ոչ վաղ անցյալում մահկանացուն կնքած ՕԵԿ-ից: Նրանց ստեղծած նոր կոնգլոմերատները, սակայն, կենսունակ չեն, բայց դա` ոչ իրենց մեղքով, այլ օբյեկտիվորեն:



Ցանկացած պայքարում հաղթում է ուժեղը: Ես շատ կուզենայի, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում այդ օրենքը գործեր անխափան: Դա կստիպեր ուժեղանալ, կազմակերպվել, կայանալ, հասունանալ, լինել կուսակցություն: Այս իմաստով մեր նորել ու նորանուն կուսակցությունները ճանապարհ ունեն անցնելու: Միայն թե այդ ճանապարհին չփորձեն կապկել ավանդական անհաջողակներին: Ես մի կուսակցապետի եմ ճանաչում, որի կուսակցությունն ավելին չէ, քան դրսի պրոյեկտը: Եվ գիտե՞ք ինչով է սիրում հպարտանալ նա: Ասում է՝ ամենաքյոհնա ընդդիմադիրը ես եմ, որովհետեւ երբեք իշխանություն չեմ եղել: Հայտնի ֆիլմի հերոսը կասեր` մոգական է…



Ես կուզենայի, որ ծրագիր եւ անելիք ունեցող մեր նորեկներն իշխանության գալը ոչ թե քֆուր, այլ իրենց ծրագիրն իրականացնելու պայման համարեին: Դա միանգամայն նորմալ է, երբ արդեն համարձակվում ես քեզ կուսակցություն հռչակել: