ՀՀՇ առանցքային դեմքերը նորից արտերկրում են

ՀՀՇ առանցքային դեմքերը նորից արտերկրում են

«Հայ ազգային կոնգրես» դաշինքից առանձնացած ՀՀՇ կուսակցությունում դեռ չեն որոշել, թե երբ կհրավիրեն առաջիկա համագումարը։ Հստակ է միայն, որ կուսակցությունը մասնակցելու է 2017թ. կայանալիք ԱԺ ընտրություններին։ Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։ Առայժմ կուսակցությունում դեռ չեն որոշել, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ԱԺ ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով։



«Քաղաքական պրոցեսները ցույց կտան, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու ընտրություններին»,- ասաց մեր զրուցակիցը։ Առայժմ նրանք միայն խորհրդակցական բնույթի հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ։
Հայտնի է նաեւ, որ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը Ամանորի տոներից հետո մասնավոր այցով մեկնել է արտերկիր եւ մինչ օրս չի վերադարձել։ Նախատեսվում է, որ նա կվերադառնա այս ամսվա կեսերին։



ՀՀՇ առանցքային դեմքերից ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը եւս, ելնելով իր աշխատանքային գործունեության բնույթից, հաճախ է բացակայում Հայաստանից։ Իսկ թե որքանով է այդ ամենն ազդում կուսակցական գործունեության արդյունավետության վրա՝ դժվար չէ կռահել։