ԵԽ անձնակազմում կան ՀՀ կառավարության հետ շաղկապված անձինք

ԵԽ անձնակազմում կան ՀՀ կառավարության հետ շաղկապված անձինք

Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն եռօրյա այցով ժամանել են Հայաստան Ընտրական օրենսգրքի քննարկումների նպատակով։ Վաղը նրանք կհանդիպեն խորհրդարանական ուժերի հետ, իսկ այսօր ժամը 17.00 փակ հանդիպում են ունեցել ՀԿ-ների հետ, որը կազմակերպել է Եվրախորհրդի գրասենյակը։ Վերջինս հրավերներ է ուղարկել մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլին», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին», որքան էլ զարմանալի է, Բորիս Նավասարդյանի ղեկավարած «Երևանի մամուլի ակումբին», որն, ինչպես հայտնի է, ոչ մի կապ չունի «կենդանի» մամուլի հետ։



Հրավեր չի ստացել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, որը 4 տարի շարունակ զբաղվել է ընտրական օրենսգրքով, 2012 թվականին փոփոխությունների ամբողջական փաթեթ է ներկայացրել, ակտիվորեն բողոքարկել է ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ում, իսկ սահմանադրական հանրաքվեից հետո հենց այս կազմակերպության իրավաբանական թիմն է բողոքարկման փուլի ակտիվ դերակատարը եղել։ Ի դեպ, այս կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը ԿԸՀ նախագահ Մուկուչյանի «աչքի փուշն» է դարձել։ Վերջինս ամենուրեք բողոքում է Տիգրան Եգորյանից և նրա բերած բողոքներից։ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ղեկավար Լուսինե Հակոբյանը գտնում է, որ հրավեր չուղարկելը դիտավորյալ է արվել․ «Մենք մասմասնագիտացած ենք ընտրական իրավունքի հարցերում։ Այն մեր կազմակերպության համար առաջնային է, և մենք հստակ ասելիք ունեինք Վենետիկի հանձնաժողովի անդամներին։ Մանավանդ, որ մենք հրապարակավ վիճարկել ենք այդ նույն հանձնաժողովի տեսակետները։ Մասնավորապես, մենք քննադատել ենք Վենետիկի հանձնաժողովի այն տեսակետը, որ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը կարող է խախտել ընտրությանը չմասնակցած քաղաքացիների իրավունքը։ Կասկածներ ունեմ, որ հրավերներ ուղարկելիս, կազմակեպիչները աշխատել են ոչ իրավաբանների կանչել»։



Հարկ է նկատել, որ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կազմը կառավարական շրջանակներից առանձնակի անկախությամբ աչքի չի ընկնում։ ԵԽ անձնակազմում կան մարդիկ, որոնք ուղղակի կապված են ՀՀ կառավարության անդամների հետ, ինչպես, օրինակ, ծրագրերի ղեկավար Վիկտորիա Օհանյանը։ Նա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբոր կինն է։



Սյուզան Սիմոնյան