Բարի գալուստ, դժոխք

Բարի գալուստ, դժոխք

Այնքան դանդաղ ընթացքի մեջ ենք, այնքան քիչ բան է մեզանում ստեղծվում, որ ցանկացած նոր բան ոգեւորություն է առաջացնում, նոր ծնունդը ողջունելու ցանկություն։ Վերջին մեկ տարին շարունակ խոսվում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Փողերի լվացման մեղադրանքը հազիվ թոթափած Օսկանյանի համար, անշուշտ, հեշտ չէր թոթափել նաեւ այդ քրեական հետապնդման ընթացքում տարած սթրեսը, դեռ չծնված կուսակցության հանդեպ հասունացող նեգատիվ վերաբերմունքը, ցանկացած մրցակցություն որպես մարտահրավեր ընկալող կուսակցությունների հակաքարոզչությունը, էլ չենք խոսում «մայր» ԲՀԿ-ի խանդի եւ իշխանության անհանդուրժողականության մասին։ Պարբերաբար լուրեր էին պտտվում, թե Օսկանյանը «փոշմանել է», «ֆինանսի խնդիր ունի», «մարդկային ռեսուրսի պակաս», «իշխանությունը թույլ չի տալիս»։ Ինքը՝ Վարդան Օսկանյանը, պետք է ընտրություն կատարեր՝ կամ դուրս գալ քաղաքականությունից եւ այլ աշխատանք գտնել, ասենք՝ քաղաքագետ-փորձագետ-վերլուծաբանի գործ, կամ գնալ ռիսկի եւ բացել կուսակցությունը՝ հաշվի առնելով բոլոր այն դժվարությունները, որոնք սպասվում են առջեւում։ Արձանագրենք, որ ի պատիվ Օսկանյանի, նա հաղթահարեց վախը, զգուշությունը, դժվարություններից ընկրկելու, բամբասանքից խուսափելու հայկական բնավորությունը եւ գնաց ռիսկի։ Իհարկե, դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ հարթ է ընթանալու, եւ 5 տոկոսն արդեն իր «գրպանում» է։ Նորաստեղծ կուսակցությանը բարդ ճանապարհ է սպասվում։ Որքան էլ նա հերքի, միեւնույն է՝ այս ձեռնարկի հետեւում միշտ Ռոբերտ Քոչարյանի ականջներն են փնտրելու, եւ խանգարողներն ավելի շատ են լինելու, քան օգնողները։ Բայց, ինչպես ասում են, ռիսկը գործի կեսն է։