Գալուստ Սահակյանն ու Սիրահարների այգում վատացած պապիկը

Գալուստ Սահակյանն ու  Սիրահարների այգում վատացած պապիկը

 



Երեկ Սիրահարների այգում վատացած պապիկը, երբ հրաժարվում էր Շտապ օգնության բժշկական ծառայությունից, ինչու՞ էինք ազգովի զարմանում, անգամ փորձում պաշտպանել նրան վիրավորող բժշկին, երբ ասում էր՝ ջհաննամ, թե գաս հիվանդանոց:



Շատերն արդարացնում էին բժշկին՝ դե մարդը չի կարողանում համոզել պապիկին:



Իսկ պապիկի մի խոսքի վրա ուշադրություն դարձրե՞լ եք.



-Այ մարդ, ես չեմ վստահում դրանց:



Հիմա պապիկին փնովելուց առաջ եկեք մտածենք՝ բա մեր պաշտոնյանե՞րն ինչու չեն վստահում հայաստանյան բժշկական ծառայություններին:



Պապիկին հասկացանք, հիվանդանոց ընկնելուց առաջ մտածում է, դա վերջն է, իր վերջը: Փոխանակ րոպե առաջ շտապի, որ փրկվի, ուզում է, որ մի քանի րոպե էլ ավել ապրի, չընկնի հիվանդանոց՝ չե՜մ ուզում…



Ակամայից իրար կողքի եմ շարում մեր բոլոր պաշտոնյաներին, ովքեր թռնում- գնում՝ արտասահմանյան երկրներում բուժվում, հետ են գալիս ու փորձում եմ այդ ամբողջական պատկերն ամբողջացնել Գալուստ Սահակյանի Գերմանիա բուժման գնալով…



Ինչու՞ են գնում: Իրենք էլ չեն վստահու՞մ…



Ինչու՞ մի անգամ ձայն չեն հանում ու ասում՝ պապի, քեզ պատած ցավը մեզ էլ է պատել…



Հիմա ասեք, Գալուստ Սահակյանն ինչո՞վ է տարբերվում Սիրահարների այգում վատացած պապիկից:



Մարդը «յախեն թափ է տալիս» ու գնում, որ Գերմանիայում բուժվի: Կամ մեղմ ասած ախտորոշվի՜, զնննվի՜, քնննվի՜…



Փող ունի, գնում է:



Իսկ պապիկն ի՞նչ անի: Ճիշտ էլ անում է, «երեխու պես ոտները գետնին է խփում»՝ չեմ ուզում, հիվանդանոց գալ չե՜մ ուզում…



Բժիշկ կոչվածն էլ մսագործի պես ասում է՝ ջհաննամ գաս…



ՀԳ Միայն փաստի արձանագրություն է, գնահատականը թողնում եմ ընթերցողին:



Հասմիկ Բաբաջանյան