Քննարկում եք, որ ի՞նչ անեք

Քննարկում եք, որ ի՞նչ անեք

Առաջիկայում քննարկումների հեղեղ է սպասվում Ազգային ժողովում եւ ոչ միայն։ Երեկ արդեն իսկ Հայաստանում էին Վենետիկի հանձնաժողովի անդամները։ Նրանք հանդիպել էին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր կհանդիպեն ԱԺ խմբակցությունների հետ՝ առանձին-առանձին։ Բացի այդ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն է նախատեսել քննարկումների շարք։ Մարտի 18-ին կկազմակերպվեն լսումներ խորհրդարանական ուժերի հետ, մարտի 22-ին էլ կլինի լայն ֆորմատով քննարկում, որին կմասնակցեն նաեւ հասարակական կազմակերպություններ, տարբեր շահագրգիռ դեմքեր։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ սրանով չեն սահմանափակվելու, կլինեն այլ քննարկումներ եւս՝ արտախորհրդարանական ուժերի հետ, գրավոր առաջարկությունների հիման վրա, քննարկումներ կկազմակերպեն նաեւ արդեն պլենար նիստում առաջին ընթերցումից հետո եւ այլն։ Չի բացառվում, որ իր հերթին նոր քննարկումներ կազմակերպի նաեւ արդարադատության նախարարությունը։ Մի լսում՝ լայն ֆորմատով, կայացավ մի քանի օր առաջ՝ ՀԿ-ների մասնակցությամբ, մեկն էլ, Սորոսի հիմնադրամի նախաձեռնությամբ, կայանալու է այսօր։ Մի խոսքով՝ մինչեւ հունիսի 1-ը, որը նոր Ընտրական օրենսգրքի ընդունման վերջնաժամկետն է, քննարկումների տեղատարափ է սպասվում մեզ։ Մնում է հուսալ, որ սրանք սոսկ քննարկումներ չեն լինի քննարկման համար, այլ արդյունքը կգոհացնի շահագրգիռ կողմերին եւ հնարավորություն կտա շտկել օրենսգրքի նախագծի թերությունները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ