Քոչարյանը վերադառնում է: Իյա, իրո՞ք…

Քոչարյանը վերադառնում է: Իյա, իրո՞ք…

Մի բավականին խելացի մարդ, թերթում տեսնելով իր մահախոսականը, բացականչեց` իմ մահվան մասին այս հայտարարությունը մի փոքր չափազանցված է: Մեր բազմաթիվ լրատվամիջոցներ, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մահախոսականն են տպել, այլեւ հոդվածներ են հրապարակել նրա «քառասունքի», «տարու», «քարը դնելու» մասին, Վարդան Օսկանյանի կեսբերան ակնարկից, թե հեսա կուսակցություն է հիմնադրելու, հանկարծ որոշեցին, որ Քոչարյանը վերադառնում է: Այսինքն՝ իրենց նախկին գրածները, դուրս է գալիս, մի փոքր չափազանցված են եղել:



Անձամբ ես, հուսամ՝ նաեւ շատերը, համոզված եմ, որ Քոչարյանը քաղաքականությունից երբեք էլ չի հեռացել եւ, հետեւաբար, քաղաքականություն վերադառնալու խնդիր էլ չունի: Միանգամայն այլ հարց է, որ ոմանք հուշտ եղած են նրանից եւ, դրանով պայմանավորված, նրա ամեն մի ելույթ, նրա մերձավոր շրջապատից որեւէ մեկի ամեն քայլ իսկույն գնահատում են որպես վերադարձի նշան:



Բայց ասեմ` ամենեւին կարիք չկա մտահոգվելու, որ հանկարծ Քոչարյանը կմտնի ակտիվ պայքարի մեջ, եւ դուք, հանկարծ, ամեն ինչում լինելով առաջինը, վերջինը կիմանաք այդ մասին: Մենք բոլորս կիմանանք այդ մասին, երբ հրապարակվեն կուսակցությունների համամասնական ցուցակները: Եթե հիշում եք` Ռոբերտ Քոչարյանը սիրում էր ցուցակն ինքը կազմել: Սերժն էլ է սիրում, Լեւոնն էլ: Այնպես որ, դժվար չի լինելու այդ ցուցակներում դրանց հեղինակներին տեսնելը:



Ավելի լավ է չշտապեք Քոչարյանի փոխարեն ասել` գալիս է, թե չի գալիս, մանավանդ, որ տասնյակ անգամներ արդեն համոզված տոնով ասել եք, որ նա շանս չունի, քաղաքական հենարան չունի եւ այլն, եւ այլն: Չի կարելի օրը ցերեկով մոգություն անել, հասկանում ես:



Եվ, այնուամենայնիվ, ականատեսն ենք Ռոբերտ Քոչարյանի ամենամերձավոր շրջապատից Վարդան Օսկանյանի անհանգիստ շարժումների, որոնք, իսկ կուսակցություն հիմնելու հերթական հայտարարությունը՝ հատկապես, որոշ բաներ մտածելու տեղիք տալիս են:



Առաջին բանը, որ մտածում ես, դա այն է, որ ԲՀԿ-ի հետ, որպես քաղաքական ուժի, Օսկանյանը որեւէ հույս արդեն չի կապում: Դեռ այն ժամանակ էլ խիստ տարօրինակ էր նրա մուտքը ԲՀԿ: Միակ խելամիտ բացատրությունը թերեւս այն էր, որ Օսկանյանը քաղաքական պատմուճան կհագցնի Ծառուկյանի շուրջ հավաքված այդ խայտաբղետ հանրությանը, բայց Օսկանյանին դա թույլ չտվեցին անել ԲՀԿ-ի շատ խելացիները, ինչի արդյունքում Օսկանյանն էլ նրանց հետ յաման ընդդիմադիր դարձավ ու «սկսեց հարթակներից պահանջել» Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե համարենք, որ Օսկանյանին ԲՀԿ մտցնելն ու այդ ճանապարհով ԲՀԿ-ն իրեն ենթարկելու ծրագիրը Քոչարյանինն էր, ապա պետք է ընդունենք, որ Քոչարյանը, այո, ձախողել է այդ հարցում:



Ստեղծելով ԲՀԿ-ն` Քոչարյանը, երեւի, հաշվի չէր առել, որ մեկ հատիկ քաղաքագիտական վերլուծությամբ ինչ-որ մեկը կարող էր այն քաշել իր տակից: Ակնհայտ էր նաեւ, որ քաղաքակիրթ գործչի համարում ունեցող Օսկանյանն այն դեմքը չէր, որ կարողանար ի մի բերել մոտալուտ իշխանության հոտ առած այդ հանրույթը: Այդտեղ դիկտատոր էր պետք, մինչդեռ Օսկանյանը կամուկացով հայտարարում էր, որ եթե Ծառուկյանը հանկարծ չուզենա նախագահի թեկնածու լինել, ինքը կլինի: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Քոչարյանը չէր Օսկանյանին կամ ԲՀԿ-ին ասողը, այլապես Օսկանյանը ձեռքը կխփեր սեղանին ու կասեր այն ամենը, ինչ ասաց Սերժ Սարգսյանն ավելի ուշ` փետրվարի 14-ին:



Օսկանյանը հիմա էլ նոր կուսակցություն է հիմնում: Ինչ-որ տեղ այդ նոր կուսակցության եւ Օսկանյանի օգտին են այսօր տարածվող այն խոսակցությունները, թե այդ կուսակցության հետեւում Ռոբերտ Քոչարյանն է` Հայաստանի ներիշխանական շրջանակում իր կապերով, իր ֆինանսական ռեսուրսներով, դրսի իր հարաբերություններով եւ այլն: Բայց դա հակազդեցություն է առաջացնում մյուս ճամբարում, որ երդվյալ հակաքոչարյանական է, եւ, կարծես, այդ ազդեցության եւ հակազդեցության տեսանկյունից Օսկանյանի համար դրականը չեզոքացվում է: Մնում է, որ Օսկանյանը կարողանա համոզել, որ սա իր նախաձեռնությունն է եւ ոչ թե Քոչարյանինը կամ հակաքոչարյանականներինը: Նա փորձում է դա անել, բայց շատ վտանգավոր տեղից է սկսել` Մարտի 1-ից, հայտարարելով, թե դրա պատասխանատուն օրվա իշխանությունն է: Սա վտանգավոր է այն առումով, որ թե Ռոբերտ Քոչարյանն էր այդ օրվա իշխանությունը, թե Սերժ Սարգսյանը եւ թե անձամբ ինքը: Այս իրավիճակում խաղալ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հակադրելու խաղը, առնվազն մանկամտություն է նրա կողմից: Լինելով պետական գործիչ, նա չի կարող չիմանալ, որ Մարտի 1-ի պատասխանատվությունը բարդելով միայն ու միայն պետական մարմինների վրա, ըստ էության, նպաստում է այդ պետության վրա դրսի ճնշումների մեծացմանը եւ իր թեթեւ ձեռքով այլ պատասխանատուների չոր դուրս բերում այդ ամենից:



Մեզ թվում է, որ Քոչարյանի մարդը կամ խամաճիկը, ինչպես կգտնեք հարմար, չէր կարող իր կուսակցական չստացված կարիերան շարունակել մի տեղից, որ մեզ հայտնի է այծի ու խախուտ կամրջի մասին հայտնի առակից:



ՀԳ. Քոչարյանը, այո, վերադառնում է: Դա անվանեք վերադարձ, եթե այդպես են անվանում միշտ ներկա լինելը: Իսկ, ընդհանրապես, առաջարկում եմ սպասել կուսակցական ցուցակներին: