ՀՅԴ խմբակցության նոր պատգամավորը դեռ ցույց կտա իրեն

ՀՅԴ խմբակցության նոր պատգամավորը դեռ ցույց կտա իրեն

ԱԺ Դաշնակցություն խմբակցությունում նոր պատգամավոր կա՝ Կարեն Շախմուրադյանը, որը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում եկել է փոխարինելու էկոնոմիկայի նախարար դարձած Արծվիկ Մինասյանին։ Անկուսակցական է, ավտոմեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից է։



«Կարկոմավտո»-ն ավտոսրահների ցանց ունի Երեւանում եւ մի շարք հանրահայտ ավտոմակնիշների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Նկատենք, որ ՀՅԴ-ում նա միակ գործարար պատգամավորը չէ։ Դեռ վաղ է ասել՝ նա լրացնելո՞ւ է օրենսդրական գործունեությամբ զբաղվելու, լրագրողների հետ շփվելու հավես չունեցող գործարար-պատգամավորների շարքը, թե՞ տարբերվելու է նրանցից։ Համենայնդեպս, աշխատանքային առաջին օրը նա չխուսափեց լրագրողներից։ 



«Ես, ճիշտն ասած, չգիտեմ այդ մարդկանց անունները, թե ովքեր են զբաղվում բիզնեսով, բայց հստակ օրենք գոյություն ունի, որը սահմանում է՝ այն մարդիկ, ովքեր պատգամավոր են, իրենք իրավունք չունեն զբաղվել բիզնեսով։ Եվ, ինձ թվում է, այս Ազգային ժողովում չկան նմանատիպ մարդիկ։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր պատգամավորի աշխատանքով են զբաղվում, բիզնեսով չեն զբաղվում։ Իրենք հնարավոր է՝ ունեն ակցիաներ, արժեթղթեր, սեփականատեր են ինչ-որ արժեթղթերի, այսինքն՝ ակցիաների փաթեթի մեջ կան, բայց նրանք չեն զբաղվում բիզնեսով»,-երեկ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար պատգամավորը։ Փաստորեն, Շախմուրադյանը չի լսել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի, Գուրգեն Արսենյանի, Մելիք Մանուկյանի, Արկադի Համբարձումյանի, Գրիգորի Մարգարյանի եւ այլոց անունները, որոնց «Կարկոմավտոն», վստահաբար, բազմաթիվ ավտոմեքենաներ վաճառած կլինի։



Թերեւս առաջին օրն էր, դա էր պատճառը, որ նորաթուխ պատգամավորն անկեղծ էր ու խոստումների մեջ շռայլ՝ երեկ խոստանում էր զուտ կոճակ սեղմող պատգամավոր չլինել, նա արդեն իսկ հասցրել է ընդգրկվել կրթության հարցերի, տարածքային կառավարման եւ մարդու իավունքների հարցերի հանձնաժողովներում եւ ժամանակ է խնդրում ցույց տալու իր ակտիվությունն ու աշխատող, ոչ թե անբան պատգամավոր լինելը։ Ինչ վերաբերում է իրենց խմբակցության երկու պասիվ պատգամավորներին՝ «Գրանդ տոբակոյի» ներկայացուցիչ Արմեն Բաբայանին եւ «Մեղեդի» սրճարանի սեփականատեր Միքայել Մանուկյանին, Շախմուրադյանը գտավ նրանց արդարացնելու ստանդարտ պատասխան, որ հնչում է բոլորի կողմից․ «Դե, Դուք գիտեք, որ բոլոր հանձնաժողովների ընթացքում էլ քննարկումներ անցկացվում են, երեւի ընդհանուր նիստերի դահլիճում մարդիկ կան, որ մի քիչ ավելի պասիվ են, բայց ընդհանուր առումով ես գտնում եմ, որ բոլորն էլ աշխատում են։ Հանձնաժողովների ժամանակ քննարկումներ եւ դեբատներ լինում են, ուղղակի մարդիկ կան, որ օժտված են հռետորական տաղանդով եւ կարողանում են լավ արտահայտել իրենց մտքերը, մարդիկ կան՝ ոչ»։



Իսկ ինքն օժտվա՞ծ է հռետորական տաղանդով։ «Դուք ինքներդ կտեսնեք, ինքներդ կհասկանաք՝ օժտվա՞ծ եմ, թե՞ ոչ»։ Ինչ վերաբերում է իր բիզնեսին, ասաց, որ ինքն այսուհետ բիզնեսով չի զբաղվելու՝ որպես պատգամավոր։ Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը նմանատիպ պատգամավորների մասին ասել է, որ «թղթերով ամեն ինչ կարգին է», հիմա իր մոտ ի՞նչ վիճակ է, կա՞ իր անունով որեւէ բիզնես գրանցված, Շախմուրադյանն ասաց․ «Պատգամավորն իրավունք ունի՞ ինչ-որ անշարժ կամ շարժական գույք ունենա։ Իրավունք ունի, չէ՞»։ Իսկ չի՞ կարծում, որ օրենսդրական փոփոխության կարիք կա, օրենքը պետք է շտկել, որպեսզի ավելի հստակեցվի այդ շրջանակը, կամ ընդհանրապես օրենքով թույլ տրվի գործարարներին եւս մուտք գործել խորհրդարան, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեն իրենք։ Շախմուրադյանն ասաց՝ լավ հարց եք բարձրացնում։ Իսկ հնարավո՞ր է ինքն էլ այդ հարցը բարձրացնի խորհրդարանում, պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ կմտածի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ