Մի քիչ խորը մտածեք

Մի քիչ խորը մտածեք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱԿ-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ` խնդրելով տեղամասային հանձնաժողովի անդամներ նշանակել իրենց թեկնածուի` Սասուն Միքայելյանի առաջարկած մարդկանց: Ընդ որում` Նիկոլը չի զլացել հիշեցնել, որ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը նույն ՀԱԿ-ի ցուցակում 13-րդ համարն է:



Թվում է` արտառոց ոչինչ չկա: Նիկոլը, ի վերջո, ՀԱԿ-ի հետ ճանապարհ է անցել, պայքարել է, ջանք ներդրել խորհրդարան անցնելու համար: Եվ հիմա ընդամենը ՀԱԿ-ից մի փոքրիկ բան է խնդրում` հանձնաժողովականներ նշանակել Սասունի մարդկանց:
Բայց մյուս կողմից էլ սա անվստահության խիստ ցցուն դրսեւորում է ՀԱԿ-ի հանդեպ, որ ընդդիմադիր ՔՊ-ն, առանց քաշվելու, բարձրաձայնում է: Կարելի էր, թերեւս, ներքին պայմանավորվածությունների արդյունքում հասնել նպատակին, բայց Փաշինյանը, չգիտես ինչու, որոշել է պաշտոնական հողի վրա դա անել եւ խնդիրը դարձնել բոլորի քննարկման առարկա:



Ես լինեի Լեւոն Զուրաբյանի փոխարեն, կտրականապես կմերժեի` դա համարելով վիրավորանք: Այսինքն ի՞նչ, հարգելի Նիկոլ, դու կարծում ես ՀԱԿ-ը Սասունի ձայները չի՞ պահի կամ չի՞ պայքարի թափանցիկ ընտրությունների համար: Մանավանդ, որ Սասուն Միքայելյանի հիմնական մրցակիցն էլ լինելու է գործող ՀՀԿ-ական քաղաքապետը:
Այս սխալ մոտեցումը գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանից, որը փորձում էր «Ժառանգությունից» վերցնել նրա տեղերը հանձնաժողովներում: Ճիշտն ասած` հիմա արդեն չենք հիշում` տվեցին, չտվեցին, թե մի քանի տեղ տվեցին: Կարծեմ Երեւանի ընտրություններն էին: Եվ դարձյալ ամեն ինչ արվում էր բարձրաձայն, միմյանց մեղադրելով, իրարից նեղանալով:



Օրենքը, իհարկե, կուսակցություններին չի արգելում անկուսակցականներին նշանակել հանձնաժողովի անդամ: Ի վերջո, հանձնաժողովի անդամն այդ մի քանի օրվա ընթացքում նույնիսկ քարոզչություն անելու իրավունք չունի, եւ նրա միակ գործն ընտրությունների ժամանակ խախտումներ թույլ չտալն է: Եվ այս տեսանկյունից էլ հարց է առաջանում` ինչո՞ւ եք այդպես սեւեռվել Սասուն Միքայելյանի մարդկանց վրա, նրանք, ինչ է, պետք է փոխե՞ն ընտրության արդյունքները:



Մի դեպքում միայն կարելի է արդարացնել Նիկոլ Փաշինյանի այդ միտքը: Բնականաբար, լավ է, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվում հենց տեղի բնակիչը, որը հիմնականում ծանոթ է այդ տեղամասի ընտրողներին, ճանաչում է նրանց դեմքով: Բայց, սա արդեն սեփական փորձով եմ ասում, դա էլ էական ազդեցություն չունի, որովհետեւ մեր Ընտրական օրենսգրքով նույնիսկ Ֆանտոմասը կարող է ընտրել, եթե նրա ազգանունը լինի ցուցակում:



Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող էր դիմել մյուս ընդդիմադիր կուսակցություններին` «Ժառանգությանը» եւ ԲՀԿ-ին, մանավանդ որ այս կուսակցությունները եւս թեկնածու չեն առաջադրել: Բայց դարձյալ ճիշտ կլիներ ներքին կարգով դա անել` համոզելով նրանց, որ Սասունին դա շատ է պետք:



Մեր կարծիքով` Սասուն Միքայելյանին իրական աջակցությունն այն կլիներ, եթե ընդդիմադիր կուսակցությունների տեղական կառույցները հայտարարեին, որ պաշտպանում են նրա թեկնածությունը: Դա շատ ավելի տրամաբանական է, քան հայտարարելը, որ հանձնաժողովի տեղերը տալիս են Սասունի մարդկանց: Իսկ Սասունի մարդիկ էլ ճիշտ կանեն` դրսում աշխատեն, որովհետեւ ընտրության ելքն ընտրողներն են որոշում, ոչ թե հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովներում վստահված անձանց եւ դիտորդների ներկայությունը լիուլի բավարար է ընտրության ընթացքը վերահսկելու համար: