Ասա` հայերեն խոսեք, էլի

Ասա` հայերեն խոսեք, էլի

Թերեւս ավելի ճիշտ կլինի Նիկոլին մեղադրելն այս իրավիճակում, որովհետեւ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս այնպիսի բարդ բառեր է օգտագործում, որ առանձին ՀՀԿ-ականներ, դիցուք՝ Կարեն Ավագյանն ու Առաքել Մովսիսյանը, հնարավոր է դժվար են ընկալել:



Օրինակ՝ Կարեն Ավագյանը, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հանկարծ ոգեւորվեց, երբ Նիկոլը հարցրեց` հիմա Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ: Այս պարզ, կասեինք տարրական հարցադրումն այնպես ոգեւորեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանին, ասես Սերժ Սարգսյանին անձնական վիրավորանք էին հասցրել: «Անձնական դաշտ չմտնես, արա»,- գոռացել էր Կարեն Ավագյանը, ըստ երեւույթին՝ լսելով միայն Սերժ Սարգսյանի անունը: Մինչդեռ հարցի էությունը միանգամայն հանրային է եւ կապ չունի նախագահի անձնական եւ սեփական բաղուբոստանի հետ:



Հիմա հարց Կարեն Ավագյանին. հարգելի պարոն Ավագյան, Դուք բացառո՞ւմ եք, արդյոք, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, կոմպետենտ չէ արագաչափերի հարցում: Չէ, գիտե՞ք ինչ կա, եթե Դուք ապացուցեք, որ Բարաք Օբաման ԱՄՆ-ի լավագույն կոշկակարն է, որովհետեւ իր ելույթներից մեկում անդրադարձել է ԱՄՆ-ի կոշկակարության ճյուղի` Չինաստանի նույն ճյուղի համեմատ գրանցած աննախադեպ հաջողություններին, ես կասեմ՝ հա, էլի, երկրի նախագահը չի կարող կոմպետենտ չլինել որեւէ հարցում:



Դիցուք` Նիկոլի բերած օրինակը վերաբերում է արագաչափերի տեղադրման արդյունքում պատահարների թվի իբր 70 տոկոսով կրճատման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Ոզնուն էլ է հայտնի, որ այդ թիվը Սերժ Սարգսյանը սեփական հետազոտությունների արդյունքում չէ, որ ստացել է: Հետեւաբար կռիվ տալ, որ Սերժ Սարգսյանն անվտանգ երթեւեկության մասին ինչ ասել է` ճիշտ է ասել, այնքան էլ խելացի որոշում չէ Ձեր կողմից:



Կոմպետե՞նտ էր արդյոք ՀՀ արդարադատության նախարարուհին, երբ փորձում էր ԱԺ պատգամավորներին, կառավարությանը, լրագրողներին եւ, առհասարակ, մեքենա վարող հայ հանրությանը բացատրել, թե ինչպես են աշխատում արագաչափերը, երբ են արգելակում վարորդները, ինչ են անում արագաչափն անցնելուց հետո եւ այլն, եւ այլն:



Կարծում եմ` ոչ: Թիվ է` նկարում են: Այդպես նկարած էլ հրամցնում են նախագահին, որ նա հնչեցնի: Ըստ երեւույթին, նախագահը թիվ նկարողների վրա մի հատ էլ ավելի կոմպետենտ թիվ նկարող պետք է նշանակի, որ գեղանկարն առավել համոզիչ լինի:



Վրաստանում արագաչափ սարքերի կեսից ավելին մուլյաժներ են: Հայաստանում գիտե՞ն այս մասին: Կարեն Ավագյանն իրեն հարց չի՞ տվել` ինչո՞ւ է այդպես: Մի պարզ պատճառով` որովհետեւ արագաչափերն այնտեղ այլ նպատակի են ծառայում, իսկ Հայաստանում` այլ: Վրաստանում ոչ մի վարորդ չգիտի` իսկակա՞ն է մոտակա արագաչափը, թե՞ կեղծ: Նա տեսնում է նշանը եւ ըստ այդմ կարգավորում արագությունը: Այսինքն՝ Վրաստանում մարդիկ խնդիր են դրել անվտանգ դարձնել երթեւեկությունը եւ ոչ թե, ինչքան հնարավոր է՝ շատ պլոկեն ավտո ունեցողներից: Իսկ մեզ մո՞տ: Մեր բոլոր արագաչափերը հովվի շնից ավելի զգոն են: Էլ չասեմ, որ դրանց մեջ կարող են նույնիսկ այնպիսիները լինել, որոնք «շուստրիություններ» են անում… Հուսամ՝ հասկանալի արտահայտվեցի:



Վստահաբար, «կոմպետենտ» բառը սխալ էր հասկացել նաեւ հարգարժան Առաքել Մովսիսյանը, թեեւ մեզ թվում է` նա խրամատից գլուխը հանեց Կարեն Ավագյանի ճղճղոցի վրա: Շմայսի, այդպես են անվանում նրան մտերիմները, գլխին գալովի է: Խեղճ տղեն միշտ ընկնում է «չուժոյ բազառների» մեջ: Անցյալ անգամ էլ պաշտպանության նախարարի համար էր դոշ տվել, ու վերջը գործն ընկավ «ՀՀ ԱԺ բարոյախրատական դատարան»:



Կարծեմ` դեռ հոդվածի տակ է, 6 ամիս էին տվել, եւ, խնդրեմ, հիմա էլ «նեզաչտո» «համբալ» բառը դուրս թռավ նրա սրբության սրբոց բերանից: Ախր, ինչի՞ համար, Առաքել ջան, ո՞վ քո թանին թթու, իսկ էշին չոշ ասաց: Հիմա կոնկրետ Դուք, պարոն Մովսիսյան, կոմպետե՞նտ եք քաղաքական պայքարի հարցերում: Պատգամավորը քաղաքական գործիչ է, այսինքն՝ այն մարդը, որ քաղաքական պայքարի արդյունքում գալիս է ԱԺ, ԱԺ-ում օրենքի նախագիծ է գրում, քաղաքական բանավեճի շնորհիվ այդ նախագիծն օրենք է դարձնում, այդ օրենքով մարդկանց մատից փուշ է հանում եւ մյուս ընտրություններին դարձյալ գնում ընտրողի մոտ ու պարծենում` ես էն տղեն եմ, որ այս օրենքը գրել եմ քեզ համար, արի էլի ինձ ձայն տուր:



Շուտով Ձեր քաղաքական բուռն գործունեության 5 տարին կլրանա, ախր, իսկ մենք միայն լսել ենք, որ ԱԺ Ձեր աշխատասենյակում «ընգերներով» մի-մի բաժակ բան եք անում, հետո սրան ասում եք համբալ, նրան ասում՝ հայվան, լրագրողներին ասում` կբռնաբարեմ: Սա կոմպետենտ քաղաքական գործչի պահվա՞ծք է: Խնդրում եմ, պարոն Մովսիսյան, հիմա էլ Դուք չվիրավորվեք, որ կասկածի տակ առա Ձեր կոմպետենտությունը: Եվ վերջում մի բան հարցնեմ` հո կոմպետենտությունն էն ուրիշ բառի հետ չե՞ք շփոթել: Ի՞նչ իմանաս, ակուստիկայի խնդիր էլ ունի այդ դահլիճը: