Առաջ 2 հոգի էին թշնամանում, հիմա բոլորն են իրար դեմ դուրս գալու

Առաջ 2 հոգի էին թշնամանում, հիմա բոլորն են իրար դեմ դուրս գալու

Մենք կփորձենք հերթով ներկայացնել, թե Հայաստանի ընտրատարածքներում 2017-ի խորհրդարանական ընտրապայքարն ինչ պատկեր է ունենալու, մասնավորապես, քաղաքական ուժերի տարածքային կամ ռեյտինգային ցուցակներում ովքեր կարող են հայտնվել։ Հիշեցնենք, որ, ըստ ԸՕ նախագծի, ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար։ Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում իրավունք ունի ներկայացնել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10 հազար ընտրողի հաշվարկով՝ մեկ թեկնածու։ Նոր ԸՕ-ն սահմանում է 13 ընտրատարածք, նախկին 41 ընտրատարածքներն այժմ միավորվել են ըստ մարզերի, բացառությամբ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի, որոնք մեկտեղվել են մեկ ընտրատարածքում, իսկ Երեւանում 4 ընտրատարածքներ են գործելու։ Ըստ միջինացված հաշվարկների, յուրաքանչյուր ընտրատարածք ընդգրկում է 150-170-200 հազար ընտրող, այսինքն՝ տարածքային ցուցակները բաղկացած են լինելու 10-15, մինչեւ 23 թեկնածուից։ Սակայն, մեր տեղեկություններով, մտադրություն կա տարածքային ցուցակները սահմանափակել մինչեւ 10-12 թեկնածու։ Այսինքն՝ ընտրողը նախ պետք է ընտրի կուսակցությունը, որին ուզում է ձայն տալ, ապա այդ նույն կուսակցության ռեյտինգային ցուցակից ընտրի իր համար ընդունելի թեկնածուին: 



Նախապես խոսվում էր նաեւ այն մասին, որ տարածքային ցուցակ ներկայացնելը լինելու է ըստ հայեցողության։ Այսինքն՝ որոշ կուսակցություններ կարող են նաեւ ռեյտինգային ցուցակներ չներկայացնել, սակայն վերջնական տարբերակում մերժվել է դա, եւ որոշվել, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, բոլոր 13 ընտրատարածքներում, պետք է ներկայացնեն ռեյտինգային ցուցակներ։ Ասել կուզի՝ յուրաքանչյուր կուսակցություն պետք է նվազագույնը 65 հոգուց բաղկացած ցանկ ունենա, որոնց բաշխի ըստ ընտրատարածքների։ Եվ որոնք ի վիճակի լինեն ձայներ բերել հարազատ կուսակցությանը։



Այսօր դիտարկենք Արագածոտնի մարզի ընտրատարածքը, որը նախկին օրենսգրքով երկու ընտրատարածքից էր բաղկացած՝ թիվ 14 եւ 15։ Այս տարածքներից գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ականներն են՝ առաջինից «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն, ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը, երկրորդից՝ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը։ Հիշեցնենք, որ 2012-ին Մնացական Մնացականյանը 17 հազար 659 ձայն էր հավաքել, նրա մրցակից ՕԵԿ-ական Հայկ Հովհաննիսյանը` 13 հազար 431, ՀԱԿ-ից Մկրտիչ Սափեյանը («Հանրապետություն» կուսակցություն)` 4 հազար 371, անկուսակցական Արմեն Սարգսյանը` 1 360: Իսկ թիվ 14-ում պատկերը հետեւյալն էր. ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին բաժին էր հասել 15 հազար 326 ձայն, ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանին` 18 հազար 408, ՀԱԿ-ից Ռազմիկ Պետրոսյանն էլ ստացել էր 4 հազար 204 ձայն: Թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը` 17 հազար 659, ՕԵԿ-ական Հայկ Հովհաննիսյանը` 13 հազար 431, ՀԱԿ-ից Մկրտիչ Սափեյանը` 4 հազար 371, անկուսակցական Արմեն Սարգսյանը` 1 360:



Չի բացառվում, որ եկող ընտրություններին նշված անձինք տեղ գտնեն տարբեր քաղաքական ուժերի ընտրացուցակներում։ Ցանկը կարելի է համալրել նաեւ այլ անուններով, օրինակ՝ ծնունդով այդ մարզից Մյասնիկ Մալխասյանը, Արագած Ախոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը պարտվեց Մնացական Մնացականյանին, կամ էլ Ռուբեն Հովսեփյանը, որն անցած ընտրություններին Աջափնյակից էր ընտրվել, սակայն այս անգամ մայրաքաղաքում պայքարն առանց կանոնների է լինելու, ինչպես նաեւ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, որը 2007-ին թիվ 14-ից էր մեծամասնականով պատգամավոր գործուղվել, մինչդեռ 2012-ին անցավ Շենգավիթից։



Երեկ Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ հաջորդ ընտրություններին նա կարող է կրկին վերադառնալ հայրենի Ապարան։ ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, անընդունելի է ու հակասահմանադրական նոր հիբրիդային ընտրակարգը։ «Ընտրողը, ռեյտինգային թեկնածուին ձայն տալով, արդեն մեխանիկորեն կայացնում է իր ընտրությունը, եւ նրա ձայնն անցնում է այն կուսակցությանը, որի թեկնածուի օգտին ինքը քվեարկել է։ Սա սահմանադրական իրավունքի խախտում է, որովհետեւ ընտրողն իրավունք ունի եւ թեկնածուների ցուցակից ընտրել, եւ քաղաքական ուժի։ Դաժե եթե, օրինակ, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի անվան դիմաց հայհոյանք գրվի, ու քվեաթերթիկը դրվի ծրարում, ապա մեխանիկորեն ԲՀԿ-ին ձայն է տրվում։ Սա 100 տոկոսանոց մեծամասնական ընտրություն է, որտեղ, սակայն, լղոզվում է մեծամասնական թեկնածուների հանգամանքը,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ մեկնաբանելով։- Հիմա կպարտադրեն ցանցի պետերին, գազի պետերին, քաղաքապետերին, ես չգիտեմ էլ ինչ վարչական ռեսուրս ունեցողներին, կմտցնեն ցուցակ ու կասեն՝ գնա, որ քո բերած թիվը մենք տեսնենք, հակառակ դեպքում ինչ մինչեւ հիմա քեզ ներել ենք, դնելու ենք քո առաջ... իսկ կուսակցությունը մեխանիկորեն ձայն կստանա։ Այսինքն՝ իրար են «հագցնում» մի ողջ ժողովուրդ, եթե առաջ երկու հոգի էին իրար թշնամանում, հիմա բոլորն են իրար դեմ դուրս գալու»։ Մեր հարցին, թե առճակատումը թիմի ներսո՞ւմ է լինելու, Խաչատրյանը պատասխանեց՝ իհարկե ոչ, բոլորը պայքարելու են ձայների համար։