Տարաձայնությունները հիմնականում մարտավարական են

Տարաձայնությունները հիմնականում մարտավարական են

Հարցազրույց ԻԻՀ խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի hետ



- Թույլ տվեք շնորհավորել Ձեզ եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նոր գումարման խորհրդարանում այդ երկրի հայության շահերը ներկայացնելու բարձր պատվին արժանանալու կապակցությամբ: Խնդրում եմ ներկայացրեք ԻԻՀ խորհրդարանում ազգային փոքրամասնություններից ընտրվող պատգամավորների հանգամանքը: Դա մեզ համար հետաքրքիր է նրանով, որ նոր Սահմանադրությամբ առաջին անգամ ՀՀ ԱԺ-ում նույնպես պետք է ներկայացված լինեն փոքրամասնությունները: Ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կան։



- Որպես նմանություն՝ երեւի նշեմ միայն բուն երեւույթը, այն, որ օրենքը թույլ է տալիս թե ԻԻՀ եւ թե ՀՀ խորհրդարանում ունենալ այլ ազգերի ներկայացուցիչներ եւս: Իրանում, սակայն, փոքրամասնությունները որոշված են ոչ թե զուտ ազգային պատկանելությամբ, այլ համարվում են էթնո-կրոնական խմբեր: Չմոռանանք` Իրանը կրոնական պետություն է: Այդտեղից էլ գալիս են էթնո-կրոնական փոքրամասնությունների սահմանումները` հայեր, ասորիներ, հրեաներ եւ զրադաշտներ: Այդ խմբերի նեկայացուցիչների առկայությունն ԻԻՀ խորհրդարանում պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ նրանք կարողանան իրենց համայնքային խնդիրները լուծել օրենսդրական ճանապարհով: Հայաստանում նման խնդիր դրված չէ: Օրինակ, ազգությամբ եզդիները խնդիր չունեն իրենց կրոնական հարցերը կարգավորել Հայաստանի օրենսդրությամբ, որով կրոնն անջատ է պետությունից:



Երեւույթն ինքնին ժողովրդավարական է, դրական եմ գնահատում, թեեւ մի փոքր անհասկանալի է, թե ինչպես պետք է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն ԱԺ անցնեն տարբեր կուսակցությունների ցուցակներով: Կա մեկ ուրիշ խնդիր եւս: Հայտնի է, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ աշխատում են մոտ լինել իշխանություններին, հետեւաբար նաեւ` իշխանական կուսակցություններին: Այս հանգամանքն արդյոք չի՞ ազդի ընդդիմադիր կուսակցության ցուցակով ԱԺ անցած փոքրամասնության ներկայացուցչի օրենսդրական գործունեության վրա: Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ Հայաստանում եւս փոքրամասնություններն ունենային ֆիքսված տեղեր խորհրդարանում եւ ընտրվեին իրենց համայնքների կողմից, ինչպես դա տեղի է ունենում Իրանում:



- Իսկ ի՞նչ կարող է անել իրանահայության համար ընդամենը 2 հայ պատգամավորը ԻԻՀ հսկա խորհրդարանում: Մեր ԱԺ-ում նույնիսկ 30 հոգանոց խմբակցությունը չի կարողանում մերժել կամ փոփոխել իշխանությունների որեւէ նախագիծ, եթե որոշել են այն անցկացնել:



- Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանը մի փոքր այլ կառուցվածք ունի: Մեջլիսում քաղաքական շեշտված հակասություններ, կուսակցությամբ տարանջատված ընդգծուն խմբեր, ինչպիսիք տեսնում ենք ՀՀ ԱԺ-ում, չկան: Մենք հանգիստ աշխատում ենք ամենատարբեր հոսանքների պատկանող օրենսդիրների, նաեւ` գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մենք այսօր խնդիր ենք դրել այդ աշխատանքի շնորհիվ հասնել այն բանին, որ հայերը կարողանան ներկայացված լինել նաեւ գործադիր իշխանության մեջ: Քաղաքական պաշտոններ կան, օրինակ՝ փոխնախարարներ եւ այլն, որոնց մինչ այժմ անձեռնահաս են եղել էթնո-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Խորհրդարանում քաղաքական հոսանքների հետ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում դա, կարծում եմ, հնարավոր է: Եթե նախկին ռեժիմի ժամանակ խորհրդարանն ինչ-որ տեղ ձեւական բնույթ էր կրում, ապա Իսլամական հեղափոխությունից հետո այն ունի օրենսդրական եւ քաղաքական լուրջ ֆունկցիաներ, որոնցով ազդեցություն է ձեռք բերել գործադիր իշխանության վրա: Այնպես որ, էթնո-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն այս խորհրդարանում գործունեության լայն դաշտ ունեն:



- ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավորներին ընտրում են հայերը: Եվ խոսակցություններ են շրջանառվում ամեն անգամ, որ համայնքի կյանքում զգալի դերակատարություն ունեցող ՀՅԴ-ն իր լծակների շնորհիվ բացառապես դաշնակցականների է ներկայացնում խորհրդարանում` մրցակցություն համայնքի ներսում գրեթե չկա:



- Այդպես չէ, իհարկե: Կա եւ լուրջ մրցակցություն, եւ լուրջ մրցակիցներ կան: Ի վերջո, համայնքը միայն Դաշնակցություն չէ: Այն շատ ավելի բարդ կառուցվածք ունի, ներսում կան քաղաքական եւ գաղափարական հոսանքներ՝ իրենց ընդգծված դեմքերով: Ի մեծ բարեբախտություն մեզ, պետք է նշեմ, որ մրցակցությունն ի հայտ է գալիս հիմնականում ներհամայնքային խնդիրների շուրջ, այդ թվում՝ նաեւ ընտրապայքարի ժամանակ, իսկ համաիրանական կամ համայնքի ու հայապահպանությանը վերաբերող հարցերում կա հստակ փոխըմբռնում: Այլ խոսքով` տարաձայնությունները հիմնականում մարտավարական բնույթի են: Դա է պատճառը նաեւ, որ ընտրապայքարն ընթանում է հիմնականում քաղաքակիրթ ձեւով, իսկ ընտրություններից հետո հաղթողներին ուղղված շնորհավորանքների պակաս չի զգացվում:



- Կնշե՞ք Իրանի այն հայաշատ բնակավայրերը, որտեղ հայերը պատգամավոր են ընտրում:



- Հյուսիսային իրանահայությունն ընտրում է իր պատգամավորին, իսկ հարավայինը` իր: Հանձնաժողովները մեր տեղամասերում ձեւավորում ենք մենք: Նախընտրական աշխատանքներն ընթանում են սովորականի պես. քարոզչություն, հանդիպումներ ընտրողների հետ եւ այլն: Հյուսիսային Իրանում մենք սնդուկներ ունենք` Թեհրանում, Ուրմիայում, Թավրիզում, Անզալիում, Ռաշտում, Սարիում եւ այլ բնակավայրերում: Հարավում հայերը պատգամավոր են ընտրում Սպահանում, Շահինշահրում, Շիրազում, Փերիայում, Ահվազում եւ այլուր:



- ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման հետ կապված՝ լուրջ փոփոխություններ են սպասվում այդ երկրի տնտեսական եւ արտաքին քաղաքականության մեջ: Իրանը դառնում է տարածաշրջանային լուրջ խաղացող: Դուք, որպես դեռեւս գործող նախորդ խորհրդարանի անդամ, ի՞նչ ընդգծված գործունեություն եք ծավալելու այս գումարման խորհրդարանում:



- Համաիրանական եւ համայնքային առումով բազմաթիվ աշխատանքային ոլորտներ կան, որոնցից կցանկանայի ընդգծել այն երկուսը, որոնք կհետաքրքրեն հայաստանցի ընթերցողին: Առաջին` Հայոց ցեղասպանության ճանաչում: Դեռեւս գործող խորհրդարանում ինձ եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին հաջողվեց Ցեղասպանության 98-ամյակին նվիրված պարսկալեզու միջոցառմանն ապահովել խորհրդարանի փոխխոսնակ պարոն Աբութորաբիֆարդի ներկայությունը, որն իր ելույթում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին: Այս ուղղությամբ աշխատանքը, անշուշտ, կշարունակենք:



Երկրորդ հիմնական ուղղությունը կլինի Հայաստան-Իրան փոխհարաբերությունների խորացումը: Պատժամիջոցների վերացումն աննախադեպ հեռանկարներ է բացում այդ համագործակցության համար: Դուք գիտեք, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-վեցնյակ հայտնի բանակցություններից հետո Իրանն այսօր դուրս է գալիս քաղաքական շրջափակումից: Սա նշանակում է նաեւ տնտեսական, առեւտրային կապերի, հաղորդակցական ուղիների վերանայում եւ զարգացում: Սպասվող փոփոխությունների համատեքստում Հայաստանը չի կարող դուրս մնալ Իրանի հետաքրքրությունների շրջագծից: Խոսքը վերաբերում է այնպիսի լուրջ ուղղությունների, ինչպիսիք են տարանցիկ ճանապարհները, համացանցային կապերի ընդլայնումը, զբոսաշրջության զարգացումը: Էլ չենք խոսում առեւտրային կապերի ընդլայնման եւ ներդրումային նորանոր հնարավորությունների մասին:



Իրանահայ համայնքը եւ ԻԻՀ օրենսդիր մարմնում նրա ներկայացուցիչներն ավանդաբար ունեն իրենց որոշակի տեղն ու դերը Իրան-Հայաստան փոխհարաբերություններում, եւ առաջիկայում եւս մեր աշխատանքի հիմնական ուղղությունն այդ փոխհարաբերությունների խորացումն է լինելու:



Զրույցը վարեց
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ