Չխփած արջի մորթին

Չխփած արջի մորթին

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրաժարականը նույնքան անսպասելի էր, որքան ժամանակին նրա նշանակումն այս պաշտոնում։ Ի՞նչն ստիպեց նրան վերադառնալ Երեւան։ Պաշտոնական բացատրություն չկա։ Նրա մամուլի պատասխանատուն ասում է, որ իր համար էլ էր այս լուրն անսպասելի։ Արդեն շրջում է վարկած, որ Հարություն Քուշկյանին վերադարձնում են Երեւան, որպեսզի զբաղեցնի առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ ներկայիս նախարարը՝ Արմեն Մուրադյանը, որը երկու տարի առաջ է նշանակվել, հրաժարական է տալու։ Անգամ լուր տարածվեց, որ նա պաշտոն է ստանալու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։ Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերից, իսկ ԱՀԿ-ում ընդամենը 7 օր համանախագահող է լինելու՝ 21-28-ը, այս կազմակերպության վեհաժողովի ընթացքում։ «Չգիտեմ՝ ձեզ հիասթափեցրի՞, թե՞ ուրախացրի»,- երեկ, կառավարության նիստից հետո, լրագրողներին ռեպլիկ նետեց նախարարը։ Երեկ նա կառավարության հաստատմանն էր բերել «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ի ստեղծման մասին որոշումը՝ 50 մլն. դրամ կանոնադրական կապիտալով, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է առողջապահության նախարարությանը։



«Ճառագայթային բժշկության կենտրոնը, որն ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի մի մասն է, կառուցվելու է վարկային միջոցներով, ՀԲ վարկային ծրագրով եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ծրագրի մի հատվածն է հանդիսանում։ Ընդհանուր բյուջեն 12,4 մլն. դոլարին համարժեք է»,- պարզաբանում է նախարարը։ 



Մեր տեղեկություններով, այս կենտրոնը նախարար Արմեն Մուրադյանի «պահուստային աէրոդրոմն է», եւ Մուրադյանը հույս ունի, որ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո կենտրոնի ղեկավարը կդառնա։ Բայց մի կես տարի առաջ այդ կենտրոնի տնօրեն է նշանակվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արթուր Ռոստոմյանը։ Սա շատ կարեւոր, երկարատեւ ծրագիր է։ Հարություն Քուշկյանի՝ ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու հեռանկարն Արմեն Մուրադյանը չի մեկնաբանում։ Ի դեպ, մասնագիտական շրջանակներում, որպես ապագա նախարարի թեկնածու, խոսում են նաեւ մեկ այլ հայտնի բժշկի՝ օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի մասին։ Մանավանդ, որ վերջին շրջանում նա հաճախ է սկսել հայտնվել ամսագրերում, հեռուստատեսությամբ։ Նրա հիվանդանոցը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, հովանավորում է Ամենայն հայոց կաթողիկոսը, որը, ասում են, վերջերս Չարչյանին հյուր է գնացել։



Իրեն նախարար նշանակելու վերաբերյալ Արմեն Չարչյանը որեւէ մեկնաբանություն չցանկացավ անել, ընդամենը նշելով, որ «դա մեր երկրի քաղաքական ղեկավարության պրերոգատիվան է»՝ որոշելիքը, իսկ իրեն այս մասին ոչինչ հայտնի չէ։ «Երեւի, պետք է ավելի քիչ երեւամ հեռուստատեսությամբ»,- եզրակացրեց Արմեն Չարչյանը։