Համախմբվենք և աջակցենք հայրենիքին. ՀՅԴ Կանադայի ԿԿ

Համախմբվենք և աջակցենք հայրենիքին. ՀՅԴ Կանադայի ԿԿ

ՀՅԴ Կանադայի կառույցը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծի վրա կատարվող ադրբեջանական գործողությունները՝ Բաքվի հարձակողապաշտ այդ վարքագիծը նկատելով արցախյան հիմնահարցի բանակցությունների ընթացքն ականահարող քայլ։

Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող ադրբեջանական նախահարձակ այս գործընթացը լրջորեն վտանգի տակ է առնում նաեւ Հարավային Կովկասի եւ շրջակա տարածաշրջանի կայունությունը, որի հետագա բարդ զարգացումների ամբողջական պատասխանատվությունը կրելու է Բաքվի ռազմատենչ իշխանությունը։

ՀՅԴ Կանադայի կառույցն իր անվերապահ զորակցությունն է հայտնում Արցախի իշխանություններին, ժողովրդին եւ սահմանի վրա հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը կատարող հայոց բանակին։

Կոչ ենք անում նաեւ Կանադայի բոլոր հայկական կազմակերպություններին եւ կառույցներին ներկա ճգնաժամին համախմբվելու եւ հայրենիքին աջակցելու։

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե